Գիտության և կրթության նվիրյալը

Գիտության և կրթության նվիրյալը

Նվիրվում է Ալբերտ Պողոսյանի ծննդյան 80-ամյակին

2020թ. օգոստոսի 17-ին լրացավ շփագիտության, նյութագիտության և մեքենագիտության բնագավառի անվանի գիտնական, Հայկական շփագիտության կոմիտեի պատվավոր հիմնադիր, ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի թղթակից անդամ, տեխն. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Ալբերտ Պողոսյանի 80 ամյակը:

Երկար տարիներ Ալբերտ Պողոսյանը հանդիսացել է Միջազգային շփագիտության խորհրդի (ITC) փոխնախագահ,  Համաշխարային շփագիտության համաժողովի (WTC) միջազգային գիտական կոմիտեի անդամ:

Ոսկե մեդալով ավարտելով դպրոցը և  հաջողությամբ ավարտելով նաև ԵրՊԻ-ի մեխանիկա-մեքենաշինական ֆակուլտետը Ալբերտ Պողոսյանը ընդունվել է երկրի առաջավոր բուհերից մեկի` Մոսկվայի Բաումանի անվան տեխնիկական ուսումնարանի ասպիրանտուրան և սկիզբ դրել իր գիտամանկավարժական գործունեությանը: Նրա գիտական ղեկավարն էր հանրաճանաչ գիտնականներից մեկը` պրոֆ. Մ. Պ. Ալեքսանդրովը: Երիտասարդ ասպիրանտն իր ղեկավարի խորհրդով ձեռնամուխ եղավ նյութերի շփման երևույթի ուսումնասիրմանը: Նա լավ էր հասկանում, որ այդ ասպարեզում առավել դժվար է լինելու նորագույն հետազոտություններ կատարելը, քանի որ այստեղ կարծես ամեն ինչ արդեն հայտնաբերված էր: Բարի զուգադիպությամբ, թե գիտնականի հեռատեսությամբ նա որոշեց իրեն նվիրել շփագիտությանը, և օր ու գիշեր կատարած հետազոտությունները նրա առաջ բացեցին նորանոր անհայտ խնդիրներ: 1969թ-ին Մոսկվայում հաջողությանբ պաշտպանել է թեկնածուական, իսկ 1982թ-ին` դոկտորական դիսերտացիան: 1963թ-ից Ալբերտ Պողոսյանը աշխատում էր Պոլիտեխնիկում սկզբում որպես ասիստենտ, այնուհետև դոցենտ ու պրոֆեսոր: 1981թ-ից շուրջ 14 տարի Ալբերտ Պողոսյանը ղեկավարել է Մեքենաների մասերի ամբիոնը, իսկ 1994-ից մինչև 2010 թ-ը ՀԱՊՀ-ի Ասպիրանտական դպրոցը:  2000-ին ընտրվել է Հայաստանի Գիտությունների Ազգային Ակադեմիայի թղթակից անդամ: Կյանքի վերջին տարիներին (2010-2014) Պոլիտեխնիկի շփագիտության բազային գիտահետազոտական լաբորատորիայի գիտական ղեկավարն էր:

Մոսկվայում ուսանած տարիներին ձեռք բերած գիտական պոտենցիալը և շփագիտության ասպարեզում առաջ եկած նոր խնդիրները երիտասարդ գիտնականին հանգիստ չէին տալիս: Անձնական նախաձեռնությամբ, նա կարողացավ կազմակերպել երիտասարդ գիտական հետազոտողների մի խումբ որոնք իր ղեկավարությամբ ձեռնամուխ եղան շփագիտության ասպարեզում գիտագործնական հետաքրքրություն ներկայացող խնդիրների լուծմանը: Այստեղ էլ կայացավ Հայաստանում կազմակերպվող շփագիտական ապագա դպրոցի հիմնադրումը:

Խնդիրը մեկն էր` մեքենաների շփման հանգույցների ու մեքենամասերի ավանդական դեֆիցիտ մետաղական մասերը փոխարինել ժամանակակից կոմպոզիցիոն պոլիմերային նյութերով:

Կիրառական մեծ նշանակություն ունեն նրա կողմից կատարած ճարտարագիտական այնպիսի լուծումները արգելակային սարքերի և սահքի առանցքակալների նյութերի ընտրման և հաշվարկային մեթոդների փորձնական գնահատման նոր եղանակների հայտնագործումը, մետաղապոլիմերային զուգորդումների ինքնքյուղման ու շփման զույգերի բարձրջերմաստիճանային մաշման մեխանիզմի գնահատումը, հակաշփական պոլիմերային նյութերի, պլաստիկ յուղերի, քսուկների և հավելանյութերի նպատակային ստեղծումը, շփագիտական տեսանկյունից հայկական հանքանյութերի հատկությունների համալիր վերլուծությունը, նրանց ֆիզիկաքիմիական ձևափոխման մեխանիզմի բացահայտումը, մեքենամասերի տեխնոլոգիական ճշտության և կայունության բարձրացման եղանակների վերլուծությունը և լցանյութերի ազդեցության պատճառները տեխնոլոգիական և շահագործման հատկությունների կայունացման վրա:

Արդյունքում պրոֆեսոր Ալբերտ Պողոսյանին իր ասպիրանտների հետ հաջողվեց գիտական նոր մոտեցումների շնորհիվ ստեղծել շփական և հակաշփական նշանակության կոմպոզիտների մի ամբողջ խումբ.

  • մշակվեցին ասբեստազերծ օրգանական շփական կոմպոզիտներ արգելակների կոճղակների համար «Բաստենիտ» ընդանուր անվան տակ: Որտեղ ասբեստի փոխարեն փորձարկվեցին ու առաջարկվեցին տեղական բազալտի, ինչպես նաև ապակյա թելքեր,
  • մշակվեցին պոլիմերային հիմքով հակաշփական առանցքակալային ինքնայուղվող կոմպոզիտային նյութերի մի նոր դաս ,,Սիփան,, ընդանուր անվանմամբ: Որպես լցանյութեր օգտագործված են նախապես հատուկ քիմիական մշակում անցած հայկական լցանյութերը (տրավերտին, բենտոնիտ, մարմար, տուֆ),
  • ստեղծվեցին հակաշփական ու հակացատկային կոմպոզիտներ մետաղահատ հաստոցների ուղղորդիչների համար ,,Նասպան,, ընդանուր անվան տակ բարձրմոլեկուլային էպոքսիդային խեժի ու բազմաթիվ լցանյութերի (մոլիբդեն, գրաֆիտ, ալյումինասիլիկատներ, պղինձ) հիման վրա,
  • ստեղծվեցին քսուքների, հավելանյութերի և պլաստիկ յուղերի նոր տեսակներ մեքենաների և տեխնոլոգիական սարքավորումների սահմանային յուղման շփման պայմաններում շահագործվող շփահանգույցների համար:

Պրոֆեսոր Ալբերտ Պողոսյանը ճանաչված գիտնական էր ոչ միայն մեր հանրապետությունում, այլ նաև արտասահմանում: Նա անցել էր հոյակապ գիտա-մանկավարժական դպրոց: Համատեղ գիտական հետազոտություններ կատարելու նպատակով, որպես գիտաշխատող հրավիրվել է Քեմբրիջի Համալսարանի Կավենդիշի լաբորատորիա (Անգլիա, 1972-1973), Միչիգանի Համալսարան (ԱՄՆ, 1978-1979), Լոնդոնի Համալսարանի Իմփերիալ  Քոլեջ (1986), Աթենքի Ազգային  տեխնիկական Համալսարան (Հունաստան, 1995), Այովայի Պետական Համալսարան  (ԱՄՆ, 2003): Մասնակցել է համաշխարային և միջազգային 15 համաժողովների և 47 գիտաժողովների, այդ թվում` Հայ գինականների 1-ին համաժողովին ( Լոս Անջելես, 1989), ԵՎՐԱՏՐԻԲ 1-7-րդ համաժողովներին (Դյուսելդորֆ-77, Վարշավա-81, Լիոն-85, Հելսինկի-89, Բուդապեշտ-91, Լոնդոն-97, Վիենա-01),  նյութերի մաշակայունության WOM (Սենթ Լուիս-77, Դիրբորն-79, Դենվեր-89, Սան Ֆրանցիսկո-93, Ատլանտա-99, Նագասակի-00, Վաշինգտոն-03) և այլն, իսկ որոշ դեպքերում  (Դիրբորն-79, Տաշքենտ-85, Վառնա-91, Երևան-94, Յարոսլավլ-94, 97 ,00 և 03, Լոնդոն-97, Ատլանտա-99, Ռոստով-03,) որպես սեկցիայի նախագահ:

Մեծ է պրոֆեսոր Ալբերտ Պողոսյանի գիտական հրատարակությունների ցանկը: Այն ընդգրկում է շուրջ 420 աշխատություններ, 7 գիրք, 24 գյուտ և 12 պատենտ, այդ թվում «Լցավորված պոլիմերային նյութերի շփումն ու մաշումը» մենագրությունը (Մոսկվա, 1977), համահեղինակային խորհրդա-ամերիկյան «Շփագիտությունը ԽՍՀՄ-ում և ԱՄՆ-ում» գիրքը (Մոսկվա-Նյու Յորք), «Հակաշփական Էպոքսիդային կոմպոզիտները հաստոցաշինության մեջ» (Մինսկ, 1990 թ.), «Շփական կոմպոզիցիոն պոլիմերային նյութեր» (Մինսկ, 1992 թ.) «Շփագիտության հիմունքներ»  (Երևան, Լույս Աթենք-1995 թ.), գրքերը և «Մեքենաների հաշվարկման և նախագծման հիմունքներ» հայ-ռուս-անգլերեն տերմինարանը:

1981-94թթ. պրոֆեսոր Պողոսյանը ղեկավարել է «Մեքենաների մասերի» ամբիոնը, որտեղ և դրսևորվել է նրա գիտական ու մանկավարժական, դասախոսական ու կազմակերպչական մեծ հմտությունները գիտական ու ուսումնական պրոցեսի կազմակերպման և կատարելագործման բնագավառում, ինչպես նաև  առողջ և փորձառու համախոհների կոլեկտիվ ստեղծելու ուղղությամբ: Ու մեծապես հենց իր շնորհիվ ամբիոնը դարձավ ոչ միայն բարձր որակավորում ունեցող կոլեկտիվ (20 դասախոսից 17-ն ունեին գիտական աստիճաններ և կոչումներ), այլև իր գիտամանկավաժական գործունեությամբ կանգնեց  երկրի նմանատիպ բուհերի լավագույն ամբիոնների շարքում և իրավամբ համարվեց գիտամանկավարժական կադրերի պատրաստման ճանաչված դպրոց:

Պրոֆեսոր Ալբերտ Պողոսյանը հանդիսանում էր 15 գիտ. թեկնածուի, մեկ դոկտորականի և 20 մագիստրոսի պաշտպանված ատենախոսությունների, ՀՀ պետական կենտրոնացված աղբյուրներից ֆինանսավորվող «Մեքենամասերի շփանյութերի և քսուքայուղերի մշակում և հետազոտումե գիտական թեմայի, ՀՀ ԳԱԱ-ի Մաշակայունության թեմատիկ ուղղության, ինչպես նաև ընթացիկ ասպիրանտների ու մագիստրանտների գիտական ղեկավար: Նրա սաները աշխատում են ոչ միայն ՀԱՊՀ-ում, այլ նաև հանրապետության պետական կառույցներում, զբաղեցնելով բարձր պաշտոններ:

Պրոֆեսոր Ալբերտ Պողոսյանը հանդիսանում էր Հայկական շփագիտական կոմիտեի հիմանդիրն (1974) ու պատվավոր նախագահը, Միջազգային Շփագիտական խորհրդի (ITC) փոխնախագահը, «Շփում և Մաշումե միջազգային գիտական ամսագրի և ՀՀ ԳԱԱ «Գիտության աշխարհում» ամսագրի խմբագրական կոլեգիաների,  ճարտարագետ մեխանիկների ամերիկյան ընկերության (ASME) և շփագիտության միջազգային կոմիտեի, Համաշխարհային շփագիտական համաժողովի (WTC) միջազգային գիտական կոմիտեի,  ՀՀ ԳԱԱ ինֆորմատիկայի և տեխնիկական գիտությունների ՊԳԽ-ի, ՀՀ ԲՈՀ-ի մասնագիտացված երկու մեքենագիտության և նյութագիտության   խորհուրդների անդամ:

Այսօր էլ պրոֆեսոր Ալբերտ Պողոսյանի սաները շարունակում են անվանի գիտնականի կողմից մշակված տեսական և կիրառական նշանակություն  ունեցող գիտական ուղղությունների   զարգացումը մեքենագիտության, նյութագիտության և շփագիտության  բնագավառում` տպագրելով մոտ 40 գիտական հոդվածներ, աշխատանքներ և զեկուցումներ:

Ցանկանում ենք ներկայացնել շփագիտության բնագավառում անվանի գիտնական` պրոֆեսոր Պավել Սիսոեվի (Բելոռուսիա) կարծիքը Ալբերտ Պողոսյանի մասին. «Самый культурный ученый и человек в СССР».

Ալբերտ Պողոսյանը հրաշալի մարդ էր, բարի և ազնիվ, խելացի և սկզբունքային գիտնական, պահանջկոտ և աշխատասեր ղեկավար, մեծ հայրենասեր և ողջ կյանքը նվիրեց մեր հայրենիքի գիտության և կրթության զարգացմանը:  Խոսքեր, որ միշտ ասել և այժմ էլ ասում են նրա մասին, նրան անձամբ ճանաչողները:

Մեզ, նրա սաներին մեծ երջանկություն և պատիվ էր աշխատել նրա հետ:

 

Նորիկ Մելիքսեթյան

Արսեն Կարապետյան

Կարինե Հովհաննիսյան

Վիլյամ Սարոյան