ՀԱՊՀ-ի բազայի վրա կստեղծվի ՅՈւՆԵՍԿՕ-ի Միջազգային կենտրոնի Հայկական բաժանմունք

ՀԱՊՀ-ի բազայի վրա կստեղծվի ՅՈւՆԵՍԿՕ-ի Միջազգային կենտրոնի Հայկական բաժանմունք

Սույն թվականի հուլիսի 10-ին ՅՈւՆԵՍԿՕ-ի հովանու ներքո Լեռնատեխնիկական կրթության կոմպետենցիաների Միջազգային Կենտրոնը՝ ի դեմս կառավարման Խորհրդի Նախագահ Վլադիմիր Ստեֆանովիչ Լիտվինենկոյի, և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը՝ ի դեմս ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Վարդանի Աղգաշյանի, կնքեցին ՀԱՊՀ-ի բազայի վրա «ՅՈւՆԵՍԿՕ-ի Միջազգային կենտրոնի Հայկական բաժանմունքի» ստեղծման Համաձայնագիրը։

Ստորագրման արարողությանը մասնակցում էին ՌԴ Նախագահի աշխատակազմի ղեկավարի օգնական Կիրիլ Մոլոդցովը, Նավթամթերքի համաշխարհային խորհրդի ազգային հանձնաժողովի նախագահը, Ռուսաստանի ՆԿՆ հանքարդյունաբերության ղեկավար Վալերի Յազևը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ Արկադի Պապոյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Արթուր Հակոբյանը, Երևանի Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի ղեկավար Սերգեյ Ռիբինսկին և ուսումնական ծրագրերի բաժնի վարիչ Աննա Մարգարյանը:

«Մեր առջև ծառացած մարտահրավերներից մեկը շրջանավարտների իրավասությունների բարձրացումն է, բարձրորակ կադրային ռեզերվի ստեղծումը, որը պահանջվում է մեր ազգային տնտեսությունների կողմից»,- ասաց Լիտվինենկոն՝ հավելելով, որ «բիզնեսին անհրաժեշտ են մասնագետներ, ովքեր տիրապետում են ժամանակակից տեխնոլոգիաների և ունեն լրացուցիչ իրավասություններ. տիրապետում են օտար լեզվի, արտադրական գործընթացների, մասնագիտական համակարգչային ծրագրերի և այլն»:

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի պարտականությունները կատարող Ռուբեն Աղգաշյանը համագործակցության առավել նշանակալից ոլորտների շարքում ներառեց նաև դասախոսների վերապատրաստումը, արտադրության հետ ինտեգրման աճը, համատեղ հետազոտություններն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են էներգետիկ ռեսուրսների արդյունավետ օգտագործումը հանքարդյունահանման և վերամշակող արդյունաբերություններում, պոլիմերային նանոկոմպոզիտների, ռոբոտաշինության, մեքենաշինության և այլն: «Համաձայնագիրը, որը մենք ստորագրեցինք այսօր, շատ տարբեր է այն պայմանագրերից, որոնք մենք ավելի վաղ կնքեցինք մեր գործընկերների հետ, քանի որ դրանք բավականին նեղ նպատակային էին: Այստեղ մենք միանում ենք կոնսորցիումին՝ ներկայացնելով ոչ միայն ինքներս մեզ, այլև Հայաստանի բարձրագույն ուսումնական բոլոր հաստատությունները: Սա, իհարկե, լրացուցիչ պատասխանատվություն է ենթադրում: Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կկարողանանք հասնել անհրաժեշտ արդյունքի», – ասաց Ռուբեն Աղգաշյանը:

Երևանի գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի տնօրեն Սերգեյ Ռիբինսկին նշեց ռուս-հայկական բարեկամության ամրապնդման վերաբերյալ համաձայնագրի ստորագրման կարևորությունը: «Կենտրոնը կդառնա կրթական, գիտական նախագծերի, գիտաժողովների հարթակ` ուղղված հանքարդյունաբերության արտադրության իրավասությունների բարձրացմանը և հանքարդյունաբերության հեղինակության ձևավորմանը, ինչպես նաև կապահովի ուսանողների, շրջանավարտների, ուսուցիչների և գիտնականների շարժունությունը: Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնը միշտ պատրաստ է աջակցել կենտրոնի գործունեությանը», – ավելացրեց Ս. Ռիբինսկին:

 

«ՅՈւՆԵՍԿՕ-ի Միջազգային կենտրոնի Հայկական բաժանմունքի» գործունեության հիմնական ուղղություններն են․

  • ազգային և միջպետական մակարդակում էկոնոմիկայի հանքահումքային սեկտորում կայուն զարգացման սկզբունքների առաջխաղացումը՝ ներառելով ՅՈւՆԵՍԿՕ-ի գլոբալ առաջնահերթությունների աջակցությունը,
  • բազմաֆունկցիոնալ և հանրամատչելի որակյալ կրթության ապահովումը, ու բոլորի համար ամբողջ կյանքի ընթացքում սովորելու հնարավորության խրախուսումը,
  • ազգային, տարածաշրջանային և գլոբալ մակարդակներում գիտության, տեխնոլոգիաների և իննովացիաների ոլորտում համակարգերի ու քաղաքականության ամրապնդում,
  • Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը, իրականացնելով «ՅՈւՆԵՍԿՕ-ի Միջազգային կենտրոնի Հայկական բաժանմունքի» գործառույթները,    կամավորության և հավասարամատչելիության հիման վրա, «ՅՈւՆԵՍԿՕ-ի Միջազգային կենտրոնի» միջոցով իրականացվող Ծրագրերում ապահովում է Հայաստանի համալսարանների, գիտական կազմակերպությունների և ընկերությունների մասնակցության կոորդինացիան։

Ծրագրերն  ուղղված են հետևյալ խնդիրների լուծմանը․

  • ուսանողների, ասպիրանտների, դասախոսների և գիտնակաների գլոբալ շարժունության ապահովման համար միասնական միջպետական տարածության ստեղծումը,
  • կամավորության սկզբունքով բուհերի դասախոսների և հանքահումքային համալրի ընկերությունների ինժեներական կադրերի միջազգային մասնագիտական վկայագրերի ու հավաստագրերի շնորհման միասնական համակարգի ստեղծումը և ներդրումը,
  • լեռնային արտադրության կոմպետենցիաների բարձրացմանը և լեռնատեխնիկական արտադրության հեղինակության ձևավորմանն ուղղված միջոցառումների իրականացումը,
  • միջդիսցիպլինային հետազոտությունների մակարդակում, ուղղված ընդերքի հետ աշխատանքների հիմնահարցերին, համատեղ գիտական հետազոտությունների անցկացումը,
  • միջպետական և միջազգային մակարդակում գիտության, կրթության, մշակույթի և լեռնային արտադրության ոլորտում այլ գործունեությունների իրականացումը։

Կենտրոնի նպատակներն են՝ մշակել ուսուցման համակարգ և կարողությունների զարգացում: Կազմակերպությանը կոչ է արվում միավորել աշխարհի առաջատար համալսարանները` մեծ թվով առաջադրանքների իրականացման համար` ներառյալ ուսանողների, շրջանավարտների և առաջատար մասնագետների շարժունության համար պայմանների ստեղծումը, կրթական և մասնագիտական ​​չափորոշիչների միավորումը՝ ստեղծելով միջազգային մասնագիտական ​​սերտիֆիկացման միասնական համակարգ։