Անցկացվեց առցանց սեմինար-քննարկում

Անցկացվեց առցանց սեմինար-քննարկում

Առցանց սեմինարի անցկացում` Ստոկհոլմի կոնվենցիայի իրականացման շրջանակում վտանգավոր քիմիական նյութերի՝ ԿՕԱ-ների (թունաքիմիկատներ, ՊՔԲ-ներ) և Մինամատայի կոնվենցիայի իրականացման շրջանակում շրջակա միջավայրի և մարդու առողջության վրա սնդիկի ազդեցության և դրանց վտանգների կանխման վերաբերյալ

2020 թ.–ի հունիսի 4-ին և 15-ին «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» հասարակական կազմակերպությունը ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի ֆինանսավորմամբ, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի դասախոսների հետ համատեղ, կազմակերպել է առցանց սեմինար-քննարկում` նվիրված Ստոկհոլմի կոնվենցիայի իրականացման շրջանակում վտանգավոր քիմիական նյութերի՝ ԿՕԱ-ների (մասնավորապես` թունաքիմիկատների, պոլիքլորացված բիֆենիլների (ՊՔԲ-ների)), ինչպես նաև Մինամատայի կոնվենցիայի իրականացման շրջանակում սնդիկի ազդեցությանը շրջակա միջավայրի և մարդու առողջության վրա և սպառնացող վտանգների կանխմանը:

Առցանց սեմինարն անցկացվել է ԶՈՒՄ (Zoom) հարթակում` Հայաստանի ազգային ագրարային համալսարանի և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի թվով 23 դասախոսի և ուսանողի մասնակցությամբ:

 

  1. ԿՕԱ-ների (մասնավորապես` թունաքիմիկատների) ազդեցությունը շրջակա միջավայրի և մարդու առողջության վրա, վտանգների կանխումը

 

Փորձագետ Քնարիկ Գրիգորյանն անդրադարձավ «Կայուն օրգանական աղտոտիչների մասին» Ստոկհոլմի կոնվենցիային, որը Հայաստանը ստորագրել է 2001թ.-ին և վավերացրել է 2003 թ.-ի հոկտեմբերի 22-ին։ Այն ուժի մեջ է մտել 2004 թ.-ի մայիսի 17-ին: Կոնվենցիայի նպատակն է հրաժարվել կայուն օրգանական աղտոտիչների (ԿՕԱ–ներ) օգտագործումից և կանխել դրանց ազդեցությունը մարդու օրգանիզմի և շրջակա միջավայրի վրա: Քնարիկ Գրիգորյանը նշեց, որ կայուն օրգանական աղտոտիչները (ԿՕԱ-ներ) քիմիական միացություններ են, որոնք կայուն են, օժտված են կենսակուտակման և իրենց սկզբնական աղբյուրներից մեծ հեռավորությունների վրա տարածվելու հատկությամբ:

Փորձագետն այնուհետև ներկայացրեց, թե որ քիմիական միացություններից է հարկավոր հրաժարվել, և ըստ նշանակության կամ ծագման ԿՕԱ-ներն ինչպիսի կատեգորիաների են պատկանում։

Փորձագետը նշեց, որ գոյություն ունի ԿՕԱ–ների 3 կատեգորիա`

  1. թունաքիմիկատներ (պեստիցիդներ)`ալդրին, դիլդրին, էնդրին, ԴԴՏ, քլորդան, հեպտաքլոր, հեքսաքլորբենզոլ (ՀՔԲ), միրեքս, տոքսաֆեն,
  2. արդյունաբերական քիմիական նյութեր և միացություններ` պոլիքլորացված բիֆենիլներ (ՊՔԲ), հեքսաքլորբենզոլ (ՀՔԲ),
  • այրման և ոչ կանխամտածված արտադրության կողմնակի արգասիքներ` դիօքսիններ (պոլիքլորացված դիբենզոդիօքսիններ (ՊՔԴԴ)), ֆուրաններ (պոլիքլորացված դիբենզոֆուրաններ (ՊՔԴՖ)), պոլիքլորացված բիֆենիլներ (ՊՔԲ) և հեքսաքլորբենզոլ (ՀՔԲ )։

 

Նա տեղեկացրեց, որ ԿՕԱ-ները կուտակվում են մարդու օրգանիզմում և կարող են առաջացնել առողջական լուրջ խնդիրներ: Դրանք ազդում են մարսողական, իմունային, շնչառական, միզասեռական և էնդոկրին համակարգերի վրա:

Դրանք վտանգավոր են

  • և´ այն մարդկանց համար, ովքեր աշխատում ու ապրում են այնտեղ, որտեղ արտադրվել կամ օգտագործվել են ԿՕԱ-ներ,
  • և´ այն մարդկանց համար, որոնք անմիջականորեն ենթարկվել են այդ նյութերի ազդեցությանը ներշնչման, մաշկի հետ շփման և սննդի ընդունման միջոցով:

Փորձագետը նշեց, որ «Միջազգային առևտրում առանձին վտանգավոր քիմիական նյութերի և պեստիցիդների վերաբերյալ նախնական հիմնավորված համաձայնության ընթացակարգի մասին» Ռոդերդամի կոնվենցիան Հայաստանը ստորագրել է 1998 թ.-ին և վավերացրել է 2003 թ.-ի հոկտեմբերի 22-ին։ Այն ուժի մեջ է մտել 2003 թ.-ի նոյեմբերի 26-ին: Ըստ այդ համաձայնագրի, մոտ 43 քիմիական միացություն համարվում է մարդու առողջության համար վտանգավոր:

 

Փորձագետը նշեց նաև, որ «Պեստիցիդների նկատմամբ գործողությունների միջազգային ցանց»–ի կողմից (PAN) 2010 թ.-ին ներկայացվել է բարձր վտանգավորության թունաքիմիկատների (պեստիցիդների) ցանկն, ըստ որի վտանգավոր է համարվում մոտ 443 թունաքիմիկատ, որոնք դեռ օգտագործվում են տարբեր երկրներում, այդ թվում նաև Հայաստանում:

Այդ թունաքիմիկատները վտանգավոր են ճանաչվել մի շարք չափանիշների շնորհիվ: Առաջինը, հաշվի է առնվել մարդու առողջության վրա ազդեցությունը:

Վտանգավոր են,

  • եթե ներշնչելու դեպքում առաջացնում են սուր թունավորում, ,
  • եթե մարդկանց համար քաղցկեղածին են կամ հավանական քաղցկեղածին են կամ ենթադրյալ քաղցկեղածին են կամ հնարավոր քաղցկեղածին են,
  • եթե ազդում են զարգացող սաղմի վրա և առաջ են բերում մուտացիաներ (փոփոխություններ),
  • եթե առաջացնում են վերարտադրողական ֆունկցիայի խանգարումներ՝ անպտղություն, վիժումներ,
  • եթե ունեն թունավոր ազդեցությու պտղի զարգացման վրա,
  • եթե առաջացնում են էնդոկրին համակարգի խանգարում,

Եվ երկրորդը, վտանգավոր են, եթե առաջացնում են բնապահպանական լուրջ խնդիրներ`

  • եթե քայքայում են օզոնային շերտը,
  • եթե այդ նյութերն օժտված են օրգանիզմներում կամ շրջակա միջավայրում բարձր կուտակման հատկությամբ,
  • եթե շատ կայուն են շրջակա միջավայրում,
  • եթե խիստ թունավոր են մեղուների համար։

Փորձագետը նշեց, որ ԿՕԱ-ների մնացորդային քանակություններն աղտոտում են մշակաբույսերը և դրանցով սնվողներին: Երկար հեռավորությունների վրա տարածվելու հատկության շնորհիվ, ԿՕԱ-ները կուտակվում են նույնիսկ այն ձկների, թռչունների և կաթնասունների օրգանիզմներում, որոնք շատ հեռու են գտնվում ԿՕԱ-ների օգտագործման կամ արտադրության վայրից:

Վայրի բնությունում արձանագրված են ԿՕԱ-ների հետ կապված այնպիսի լուրջ շեղումներ, ինչպիսին են` թռչունների խաչաձև կտուցները, կենդանիների ծուռթաթությունը, նորագոյացությունները և այլ օրգանների ախտահարումները: Իսկ այն շեղումները, որոնք հետևանք են շրջակա միջավայրի վրա ԿՕԱ-ների ցածր խտությամբ ազդեցության, սովորաբար դժվար տարբերակելի ու աննկատ են անհատի մակարդակում, սակայն դրանք լուրջ  հետևանքներ են ունենում պոպուլյացիայի մակարդակում:

Խոսվեց նաև այն մասին, որ միևնույն թունաքիմիկատների երկարաժամկետ օգտագործումն իջեցնում է դրա ազդեցությունը վնասատուի նկատմամբ, քանի որ վնասատուն ձեռք է բերում դիմացկունություն/պաշտպանունակություն տվյալ նյութի նկատմամբ:

ԿՕԱ-թունաքիմիկատներ օգտագործելիս, դրանք ոչնչացնում են ոչ միայն այն օրգանիզմներին, որոնց համար այդ նյութերը նախատեսված են, այլև սպանում են օգտակար միջատներին, թռչուններին, ձկներին և այլ օրգանիզմների:

Փորձագետն անդրադարձավ նաև ներկայումս օգտագործվող թունաքիմիկատների հետ կապված մի շարք հիմնախնդիրների պարզաբանմանը՝ դրանց պիտակավորման, ճիշտ ընտրության, փոխադրման, պահեստավորման, թունաքիմիկատներով մշակման ժամանակ անվտանգության կանոնների պահպանմանը, անհատական պաշտպանիչ միջոցների կիրառմանը և մնացորդային քանակների ոչնչացմանը:

 

Նա կարևորեց անհատական պաշտպանության միջոցների օգտագործումը և թունաքիմիկատներով մշակումից հետո հագուստն առանձին լվանալն ու լոգանքի ընդունումը` նշելով, որ այդկերպ մի քանի անգամ կնվազի թունաքիմիկատների ազդեցությունը մշակում իրականացնողի վրա:

 

Փորձագետը խոսեց նաև մշակաբույսերի այլընտրանքային բուժման և պարարտացման եղանակների մասին:

Փորձագետը, նշեց, որ կան անվտանգ մշակման մեթոդներ, օրինակ արհեստական ազոտական, կալիումական և ֆոսֆորական պարարտանյութերի փոխարեն մշակաբույսերը կարելի է սնուցել բնական պարարտանյութերով՝ կոմպոստով և կենսահումուսով: Նա նշեց, որ դրանք ոչ միայն լավացնում են բույսի սնուցումը, այլև ապահովում են բույսերի արագ աճը, բարձրացնում դիմացկունությունը տարբեր հիվանդությունների նկատմամբ և ապահովում բարձր բերքատվություն:

Բերվեցին օրինակներ, թե ինչպես միևնույն ծառի ճյուղերից մեկը բուսական թուրմերով բուժելու հետևանքով զերծ է մնացել հիվանդությունից և վնասատուների հարձակումներից, մինչդեռ ծառի այն հատվածը, որը չէր մշակվել, հիվանդացել է վնասատուների գործունեության պատճառով:

Ուսանողները հարցրեցին` եթե գոյություն ունեն անվտանգ միջոցներ, ինչու՞ գյուղացիները չեն օգտվում նման մեթոդներից:

Փորձագետը նշեց, որ գյուղացիներին նման մեթոդները ուսուցանելուց հետո, քչերն են կիրառում դրանք` պատճառաբանելով, որ առանց այն էլ կատարում են ծանր ֆիզիկական աշխատանք, իսկ նման մեթոդները ժամանակատար և աշխատատար են:

Բայց մի ֆերմերի օրինակով փորձագետը բացատրեց, որ կարելի է նույն եկամուտը ստանալ ավելի քիչ հողակտորի վրա որակյալ մրգեր աճեցնելով, քան մեծաքանակ անորակ և ցածրարժեք բերք ստանալով:

Ուսանողներից մեկը նշեց, որ կարելի է օգնել գյուղացուն` դաշտերում աճեցնելով դեղաբույսեր, պատրաստել թուրմեր և առաջարկել նրանց օգտագործել դրանք իրենց դաշտերում:

Փորձագետը համաձայնեց և պատմեց այն մասին, թե ինչպես է «ՕՌՎԱԿՈ» կազմակերպությունն արտադրում  կենսահումուս և առաջարկում  ֆերմերներին դրանցով պարարտացնել հողատարածքները:

Իհարկե, քննարկման ժամանակ սեմինարի մասնակիցները նշեցին, որ շատ կարևոր տեղեկատվություն ստացան և ծանոթացան քիմիական նյութերի դասակարգման նոր չափորոշիչների հետ:

 

Սեմինարի մասնակիցներին տրամադրվեցին ՀԿՀԱԱՇՄ ՀԿ–ի կայքում տեղադրված` թեմային առնչվող մի շարք բրոշյուրների հղումներ`

 

  1. Մինամատայի կոնվենցիայի իրականացման շրջանակում սնդիկի ազդեցությունը շրջակա միջավայրի և մարդու առողջության վրա, վտանգների կանխումը

 

Թեման ներկայացրեց «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ–ի աշխատակցուհի Սվետլանա Աբրահամյանը։ Նա թվարկեց սնդիկ պարունակող այն ապրանքները, որոնք լայն կիրառություն ունեն կենցաղում՝ ջերմաչափեր, ճնշման չափման գործիքներ, ջերմակարգավորիչներ, մաշկը սպիտակեցնող քսուքներ, կոմպակտ լյումինեսցենտային լամպեր, ցերեկային լյումինեսցենտային լամպեր և այլն:

Այնուհետև նշեց սնդիկով սուր և քրոնիկ թունավորման ախտանշանները: Ցուցադրեց սնդիկով թունավորման դեպքում լյարդի, երիկամների, սրտի և բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտաբանական (պաթոլոգիական) փոփոխությունները:

Նա նշեց, որ Մինամատայի կոնվենցիան Հայաստանը ստորագրել է 2013 թ.-ի հոկտեմբերի 10-ին, վավերացրել է 2017 թ.-ի դեկտեմբերի 13-ին, և որ այն ուժի մեջ է մտել 2018 թ.-ի մարտի 13-ին:

Այնուհետև հակիրճ պատմեց կազմակերպության կողմից կատարված լամպերի հետազոտության մասին, թվարկեց շիկացման, լյումինեսցենտային և ԼԱԴ լամպերի թերություններն ու առավելությունները և նշեց, որ սնդիկ պարունակող էներգախնայող կամ կոմպակտ լյումինեսցենտային լամպերը կոտրվելիս կարող են առաջանալ առողջական խնդիրներ, քանի որ սնդիկի գոլորշիներն արագ արտանետվում են օդ, և, շնչուղիներով թափանցելով մարդու օրգանիզմ, առաջին հերթին ազդում են կենտրոնական նյարդային համակարգի վրա:

Նա մանրամասն կանգ առավ կոտրված լամպի դեպքում կատարվելիք անհրաժեշտ գործողությունների վրա:

Կարևորելով սնդիկի թունավորման կանխումը, նա նշեց, որ նախ անհրաժեշտ է մարդկանց և կենդանիներին տարհանել տարածքից, բացել պատուհաներն առնվազն 30 րոպե, փակել դռները` մյուս սենյակներ աղտոտված օդի թափանցումը կանխելու համար: Եվ մինչ սենյակն օդափոխվում է, նախապատրաստվել մաքրման և վնասազերծման աշխատանքներին` չմոռանալով պաշտպանվել թունավորումից՝ օգտագործելով ձեռքի տակ եղած պաշտպանիչ միջոցները՝ ռետինե ձեռնոցներ, շնչադիմակ (ռեսպիրատոր) և հողաթափերի վրա հագնելով միանվագ օգտագործման բախիլներ` սնդիկով աղտոտումը կանխելու համար։

Ինչ վերաբերում է մեխանիկական մաքրմանը, նա նշեց, որ հարկավոր է նախապատրաստել մաքրման և հավաքման, հերմետիկ տեղադրման միջոցները՝ հաստ թուղթ, համապատասխան չափի ցանկացած կոնտեյներ (փակվող կափարիչով տարա և այլն), սպունգ կամ պարզապես խոնավ կտոր, հաստ պլաստիկ տոպրակ և կպչուն ժապավեն:

Նա նշեց նաև, որ քիմիական վնասազերծման համար անհրաժեշտ է նախապատրաստել առաջարկվող լուծույթներից որևէ մեկը՝

  • 1-ին լուծույթը՝ 2 % -ոց կալիումի պերմանգանատի լուծույթ (2 գ կամ կես թեյի գդալ կալիումի պերմանգանատը լուծել 1 լ ջրում),
  • 2-րդ լուծույթը՝ պատրաստել խառնուրդ՝ վերցնելով 400 գ կամ մեկ տուփ սոդա, 400 գ տնտեսական օճառ և 10 լ տաք ջուր,
  • 3-րդ լուծույթը՝ մեկ փոքր սրվակ կամ 100 մլ յոդը լուծել 1 լ ջրում:

 

Այնուհետև նշեց, թե ինչ չի կարելի կատարել և թվարկեց հետևյալ գործողությունները.

  1. Չմիացնել օդորակիչը, քանի որ սնդիկի գոլորշիներն արագ տարածվում են՝ թունավորելով օդը: Նույն պատճառով արգելվում է փոշեկուլ օգտագործել:
  2. Չհավաքել ապակյա բեկորներն ավելով, քանի որ թունավոր միացությունները փոշու հետ միասին օդ կբարձրանան, և ավելը կախտահարվի։
  3. Լյումինեսցենտային լամպի ապակյա և մետաղական մասերը չգցել աղբարկղը, քանի որ դա երկրորդային ախտահարման աղբյուր կհանդիսանա:
  4. Չդիպչել լամպի կոտրված մասերին մերկ ձեռքերով:
  5. Չթափել լամպի փոքր բեկորները զուգարանակոնքի մեջ:

Նա հավելեց նաև, որ կոտրված լյումինեսցենտային լամպը վտանգավոր թափոն է:

 

Նա նշեց, թե ինչ պետք է անել մեխանիկական մաքրման ժամանակ`թվարկելով կատարվելիք անհրաժեշտ գործողությունները` կոտրված լամպի բեկորների սպունգով հավաքում թղթի վրա և տեղադրում տարայում, այնուհետև կպչուն ժապավենով ավելի մանր բեկորների հավաքում և օգտագործված թղթի և ժապավենի տեղադրում պոլիէթիլենային տոպրակում:

Սվետլանա Աբրահամյանը հավելեց նաև, որ քիմիական վնասազերծման համար սպունգով կամ լաթով պետք է լվանալ բոլոր մակերեսները նախապես պատրաստված վերը նշված որևէ  լուծույթով, ինչպես նաև բոլոր օգտագործված առարկաները հարկավոր է տեղադրել  տոպրակում, բերանը ամուր փակել և հեռացնել լամպի բեկորների հետ միասին:

Այն հարցին, թե ինչպես պետք է մաքրել գորգը, որի վրա  թափվել են կոտրված լամպի բեկորները, Սվետլանա Աբրահամյանը նշեց, որ նախ պետք է հավաքել մեծ բեկորները գորգի վրայից, հետո գորգը դուրս տանել, շրջել այն նախապես գետնին փռած թղթի մեծ կտորի կամ հաստ պոլիէթիլենային թաղանթի վրա և թափ տալ  գորգի վրա մնացած մանր բեկորները: Նա հավելեց նաև, որ քիմիական մշակումը խորհուրդ է տրվում կատարել այնպիսի լուծույթով, որը չի փոխի գորգի գույնը, այսինքն ախտահանել սոդայով և օճառով պատրաստած լուծույթով:

 

Այնուհետև Սվետլանա Աբրահամյանը ցուցադրեց սնդիկ պարունակող ապրանքներին փոխարինող այլընտրանքային` սնդիկ չպարունակող արտադրանքները և ցուցադրեց, թե ինչպես են դրանք աշխատում:

Հատկապես կանգ առավ թվային ջերմաչափի և ճնշման չափման գործիքի աշխատանքի վրա` նշելով դրանց հարամարավետությունն ու անվտանգությունը:

Սեմինարի մասնակիցներին տրամադրվեցին ՀԿՀԱԱՇՄ ՀԿ–ի կայքում տեղադրված` թեմային առնչվող մի շարք բրոշյուրների հղումներ`

 

  • ԿՕԱ-ների (մասնավորապես` ՊՔԲ-ների) ազդեցությունը շրջակա միջավայրի և մարդու առողջության վրա, դրանց վտանգների կանխումը

 

ՀԿՀԱԱՇՄ ՀԿ–ի աշխատակցուհի Մարիամ Քեշիշյանը նշեց, որ ՊՔԲ-ները յուղեր և պինդ նյութեր են, որոնք չունեն համ, հոտ և գույն:

Նա նշեց, որ ՊՔԲ – ները հրակայուն են, ունեն ցածր էլեկտրահաղորդականություն, բարձր դիմադրողականություն ջերմային աղեղնակին, բարձր քիմիական կայունություն և կայունություն շատ օքսիդիչների և այլ քիմիական նյութերի նկատմամբ:

 

Նշեց, որ ՊՔԲ – ները հանդիպում են փակ, մասամբ փակ և բաց համակարգերում:

Այն սարքավորումները, որտեղից ՊՔԲ-ների արտահոսք տեղի չի ունենում, պատկանում են փակ համակարգերի խմբին:

Այդ սարքավորումների թվին են պատկանում`

1) էլեկտրական տրանսֆորմատորները, յուղային անջատիչները, հոսանքի և լարման չափիչ տրանսֆորմատորները,

2) էլեկտրական կոնդենսատորներն, այդ թվում`

ա. ուժային կոնդենսատորները` էներգաբաշխման համակարգերում

բ. լամպերի բալաստային դիմադրությունը,

գ. սառնարանային շարժիչները, տաքացնող համակարգերը, օդորակիչները, ֆեները, ջրի պոմպերը և այլ տեսակով աշխատեցնող կոնդենսատորները,

դ. էլեկտրոնային սարքավորման կոնդենսատորները, ներառյալ` հեռուստատեսային ընդունիչները և միկրոալիքային վառարանները,

3) էլեկտրաշարժիչները (հեղուկային սառեցմամբ որոշ հատուկ շարժիչներում օգտագործման պակաս կարևոր տեսակ),

4) էլեկտրամագնիսները (հեղուկային սառեցմամբ որոշ զտիչային կամ զտիչային մագնիսներում օգտագործման պակաս կարևոր տեսակ):

ՊՔԲ-ների արտահոսքը վերը նշված սարքերից հնարավոր է միայն դրանց վրա գոյացած ճաքերի կամ բացվածքների դեպքում:

 

Մասնակի փակ համակարգերի խմբին են պատկանում ջերմահաղորդման և հիդրավլիկ համակարգերը, ինչպես նաև վակուումային պոմպերը: Այս սարքավորումների հեռացման ժամանակ հնարավոր է ՊՔԲ-ների արտահոսք մթնոլորտային օդ և ջրային ռեսուրսներ:

 

Մարիամ Քեշիշյանը նշեց, որ վերը նշված սարքերն ու  սարքավորումներն օգտագործվում են կենցաղում, և պետք է գիտակցել ու ճիշտ իրականացնել դրանց հետագա հեռացումն ու վերամշակումը, որպեսզի շրջակա միջավայրը չաղտոտվի ՊՔԲ-ներով:

 

Բաց համակարգերի խմբին պատկանում են այնպիսի նյութեր, որոնց բաղադրությունում առկա են ՊՔԲ-ները: Այս նյութերից ՊՔԲ-ները հեշտությամբ կարող են թափանցել շրջակա միջավայրի տարբեր օբյեկտներ, ինչը խիստ վտանգավոր է:

Այդ նյութերի խմբին են պատկանում պլաստիֆիկատորները, որոնք օգտագործվում են պոլիվինիլքլորիդում, նեոպրենում և այլ քլորացված ռետիններում:

 

ՊՔԲ-ներն օգտագործվում են ներկերում որպես անտիպիրեն (հրակայուն նյութ), սոսնձում` որպես պլաստիֆիկատոր (փափկացնող նյութ) և իրերի մակերևույթների ծածկերում` հրակայունություն հաղորդելու համար:

 

Մարիամ Քեշիշյանն այնուհետև ներկայացրեց ՊՔԲ-երի ազդեցությունը շրջակա միջավայրի և մարդու օրգանիզմի վրա` նշելով, թե ինչ պետք է անել ՊՔԲ պարունակող ոչ պիտանի սարքավորումների հետ։

ՊՔԲ պարունակող ոչ պիտանի սարքերի հայտնաբերման դեպքում իրականացվում է՝

  1. ՊՔԲ պարունակող ոչ պիտանի սարքավորումների ուսումնասիրություն,
  2. Շահագործման համար ոչ պիտանի ՊՔԲ պարունակող սարքավորումների տեղադրում տարաներում, պիտակավորում, գրանցում: Սարքավորման վնասվածքի և ՊՔԲ պարունակող յուղերի արտահոսքի դեպքում` յուղերի դատարկում համապատասխան տարայում և կապարակնքում, սարքի բացվածքի հերմետիկ փակում, փաթեթավորում և պիտակավորում՝ թե´ յուղը լցված տարայի և թե’ սարքավորման:
  3. Փաթեթավորված և պիտակավորված սարքերի, տարաների տեղափոխում,
  4. Դրանց պահեստավորում վտանգավոր նյութերի ժամանակավոր պահեստում, գրանցում մատյանում
  5. Ոչնչացում

 

Այն հարցին, թե ինչպես են վնասազերծվում աղտոտված հողերը, փորձագետ Քնարիկ Գրիգորյանը նշեց, որ նման հողերը ենթարկվում են հետազոտության ՊՔԲ-ների պարունակության նկատմամբ։ Եթե հողերն աղտոտված են, ապա իրականացվում է աղտոտված շերտի հեռացում և վնասազերծում: Տարածքը պատվում է նոր անվնաս հողաշերտով, և աճեցվում են դեկորատիվ բույսեր ու թփեր:

 

Մարիամ Քեշիշյանն էլ հավելեց, որ կոշտ թափոնների և աղտոտված հողերի առկայության դեպքում իրականացվում են հետևյալ միջոցառումները՝

  • ստորգետնյա թաղում (մշտական հերմետիկացման համակարգով պահեստարաններ),
  • քիմիական քլորազրկում (նատրիումական պրոցես),
  • էլեկտրաքիմիական մշակում` արծաթի նիտրատի կիրառմամբ,
  • պիրոլիզ պլազմային աղեղում՝ այրում։

ՊՔԲ-ներ պարունակող հեղուկ թափոնների դեպքում վերջնական վնասազերծումը կատարվում է ստորև նշված մեթոդներից մեկով՝

  • ջրածնավորում,
  • գոլորշիացում՝ բարձր ջերմաստիճանային այրում (>1100 °C),
  • գազաֆիկացում։