Հայտարարություն պոլիտեխնիկական համալսարանում առցանց կրթության կազմակերպման վերաբերյալ

Հայտարարություն պոլիտեխնիկական համալսարանում առցանց կրթության կազմակերպման վերաբերյալ

Պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողական համակազմի հարգելի անդամներ

Հանրապետությունում արտակարգ դրության ռեժիմի հայտարարումից անմիջապես հետո, Պոլիտեխնիկական համալսարանը, կիրառելով հայտնի տարբեր գործիքամիջոցներ, կրթական, գործընթացն ամբողջապես տեղափոխեց ուսումնառության առցանց տիրույթ։ Միաժամանակ, այդ ամենին զուգահեռ, արագընթաց ձևով գործարկվեց ուսումնառության առցանց կազմակերպման սեփական հարթակային համակարգ, նպատակ ունենալով ընթացող ուսումնական տարբեր պրոցեսները ներառել մեկ միասնական առցանց գործիքային համակարգում, դրանով իսկ առավել վերահսկելի ու արդյունավետ դարձնելու կրթական գործընթացները։ Մասնավորապես, ներդրված միասնական համակարգը, ի տարբերություն շատ այլ գործիքամիջոցների, թույլ է տալիս իրականացնել շարունակական ընթացիկ մոնիթորինգ, այդ թվում որակական և հետևել ոչ միայն պրոֆեսորադասախոսական կազմի կողմից իրականացվող կրթական գործընթացին, այլև ուսանողների մասնակցությանն ընթացող գործընթացին։ Միաժամանակ, թույլատրվել և շարունակվում է թույլատրվել առանձին դեպքերում, ըստ պարապմունքի բնույթով պայմանավորված անհրաժեշտության, պարապմունքների անցկացումը նաև դասախոսի և ուսանողների համար փոխադարձ նախընտրելի այլ գործիքամիջոցներով։

Հարկ է նշել, որ Պոլիտեխնիկում ներդրված վերոնշյալ սեփական միասնական առցանց հարթակ-համակարգով ուսումնառությունը սկսվել և շարունակվում է իրականացվել թե՛ երևանյան կրթահամալիրում, թե՛ տարածաշրջանային բոլոր երեք մասնաճյուղերում՝ միա­ժամանակ բակալավրիատի, մագիստրատուրայի, քոլեջի և ավագ դպրոցի մակար­դակ­նե­րով։

Ավարտական կուրսի ուսանողների առցանց կրթությունը կազմակերպվել է հաշվի առնելով զորակոչով պայմանավորված ուսումնական գործընթացի ժամկետային առանձնահատ­կութ­յուն­ները՝ ներառյալ քննաշրջանայինը։

Սույն հանգամանքով պայմանավորված, ինչպես նաև ելնելով հարթակի տրամադրած գործառնական (ֆունկցիոնալ) լայն հնարավորություններից,  ավարտական կուրսեցիների համար առաջանցիկ կարգով մշակվել և գործարկվել է նաև հարթակի քննական ենթահամակարգը։

Նպատակ ունենալով ուսանողների համար ստեղծել ավելի ողջամիտ ժամանակ առցանց  կրթությամբ ստացած գիտելիքները ամրապնդելու և պատշաճ կերպով քննաշրջանին պատրաստվելու համար վերջինս հետաձգվել է մեկ շաբաթով։  Միաժամանակ, հաշվի է առնվել այն հանգամանքը, որ կլինեն առանձին ուսանողներ ովքեր տարբեր օբյեկտիվ տեխնիկական պատճառներով կձախողեն քննությունը սահմանված օրը, սահմանված ժամին։  Այս դեպքերը հավաքագրելու և հօգուտ ուսանողի դրանց լուծման համար տրամադրվում է որոշակի ժամանակ և լրացուցիչ հնարավորություն։

Ներդրված քննական գործիքակազմն ունի մի շարք հսկողական բաղադրիչներ այդ թվում՝ ուսանողի ինքնության ստուգում, քննական էկրանի նկարահանման հնարավորություն, քննություն հանձնող անձի նկարահանում և համադրում որոշակի հենքային տվյալների հետ և այլն։ Այս ամենն ուղղված է ապահովելու անհրաժեշտ կանխարգելիչ քայլեր և բացառելու անթույլատրելի դեպքերը։ Համակարգը յուրաքանչյուր ուսանողի համար պատահական սկզբունքով գեներացնում է չկրկնվող թեստային քննատոմս և հատկացնում նախապես հայտարարված ողջամիտ միասնական ժամանակահատված։ Քննության ավարտին ուսանողը ստանում է ծանուցում, այն մասին, որ գնահատականը կհայտարարվի անհրաժեշտ տեխնիկական ստուգմամբ հաստատվելուց հետո, քանզի բոլոր քննությունների ընթացքը մշտական մոնիթորինգի է ենթարկվում համակարգը շահագործող անձնակազմի կողմից։ Վերջին հանգամանքով պայմանավորված, քննական գործիքակազմի կոնկրետ իրակա­նացման ընթացքում, բնականաբար, առաջացել են մի շարք տեխնիկական և ծրագրային լուծելի խնդիրներ, որոնք հընթացս հաջողությամբ ստացել են իրենց օպերատիվ լուծում­ները։

Այս ամենի համատեքստում, առնվազն ափսոսանքով պետք է փաստենք, որ վերջին օրերին իրականացված որոշ նեղ մասնագիտական քննությունների ժամանակ ի հայտ են եկել որոշ «վայ-ուսանողների» կողմից նախաձեռնված և իրականացված անթույլատրելի արհես­տա­ծին խնդիրներ՝ նպատակաուղղված համակարգի նորմալ աշխատանքի խաթարմանը։

Մասնավորապես, ս․թ․ ապրիլի 28-ին առցանց հարթակի վրա կատարվել է DDOS հաձակում։ Այն տեղի է ունեցել նմանօրինակ գործողություններ կատարող բրաուզերի միջոցով միջազ­գային ժամանակով ապրիլի 23-ին ժամը 00։00-ից սկսած՝ որոշակի ժամանակային պարբե­րականությամբ և հանգուցալուծում է ստացել ապրիլի 28-ին, ժամը 15։00-16։43 ընկած ժամանակահատվածում։

Սրանով այդ «արկածախնդիրները», թաքցնելով իրենց տվյալները, փաստորեն փորձել են վնասել ոչ միայն իրենց այդ գիտելիքները տարիների ընթացքում տված համալսարանին, այլև իրենց ուսանող ընկերներին, ուղղակի խոչընդոտելով քննությունների նորմալ ընթացքը։

Նշենք նաև, որ չնայած այն փաստին, որ ապրիլի 28-ին, ժամը 21։00-ից վերագործարկվել է հարթակը, շարունակվել է մեծ թվերի հասնող անանուն, ցանցային, փոխկապակցված մուտքերի և DDOS հարձակումների շարքացանկը, ինչի արդյունքում արգելափակվել են մեծ թվով այլ պետություններում գործող iP հասցեներ։

Չանդրադառնալով այլ մանրամասների, հարկ ենք համարում հիշեցնել, որ DDOS հար­ձակումը, այն էլ առկա արտակարգ իրավիճակի պայմաններում, հանցագործություն է, և կատարողները ենթակա են օրենքով նախատեսված պատասխանատվության։ Այս ուղղութ­յամբ կատարվելու են բոլոր անհրաժեշտ քայլերը պատասխանատվության ենթարկելու համապատասխան անձանց: Առկա են անհրաժեշտ նյութերը, համապատասխան ip-ները և նույնականացված է «վայ-գործիչների» որոշակի շրջանակ։ Այս պահին համալսարանը, սթափության կոչ է անում այդ շրջանակին, հորդորելով դադարեցնել արկածախնդրությունը և վերադառնալ օրինականության դաշտ, չվտանգել իրենց ընկերների կրթություն ստանալու իրավունքը։ Համալսարանը կոչ է անում այդ ուսանողներին գիտակցել, որ մասնագիտական կարողություններն անհրաժեշտ է ծառայեցնել բարի նպատակների և ոչ մի արդարացում չի կարող լինել հանցավոր նպատակներին դրանց ծառայեցման պարագայում։

Հարգելի ուսանողներ, ցավոք, հայտնի է նաև, որ որոշակի շրջանակների կողմից փորձեր են արվում ձեզ ևս ներգրավելու վերոնշյալ հանցավոր արարքների մեջ։ Կազմակերպիչները փորձում են այս կերպ արժեզրկել և չեղարկել առցանց քննությունների համակարգը՝ ելնով անձնական նեղ ու ճղճիմ, պոլիտեխնիկցուն ոչ հարիր նկատառումներից։ Մենք համոզված ենք ձեր ողջախոհությանը, անշահագրգիռ պատրաստակամությանը նպաստելու մեր ընդ­հանուր գործին և նվիրվածությանը հարազատ Ալմա-մատերին։

Այդ մասին են վկայում ձեզնից ստացվող բազմաթիվ առաջարկություններն և հարցերը միտված ստեղծված արտակարգ դրության պայմաններում կրթության կազմակերպման դժվարությունների և խնդրիների համատեղ հաղթահարմանը։ ՀԱՊՀ Ուսանողական խորհրդի ներկայացուցիչները պատրաստակամությամբ և պատասխանատվության մեծ զգացումով արձագանքում են Ձեր անձնական նամակներին և առաջարկություններին, ինչպես նաև, դասախոսական և հարթակի աշխատանքն ապահովող անձնակազմերի հետ համատեղ, իրականացնում են հարթակի տեխնիկական սպասարկումը, բովանդակային թարմացումներն ու կատարելագործումն՝ ապահովելով համակարգի անխափան աշխա­տանքն օրական 24 ժամ, շաբաթական 7 օր ռեժիմով։

Սիրելի պոլիտեխնիկցի ուսանողներ և hարգելի դասախոսներ, ավարտելով սույն հայտարա­րությունը բոլորիդ կոչ ենք անում ներդնել կամք ու եռանդ, ջանք ու ավյուն անելու հնարավոր և անհնար ամեն ինչ պատվով և Պոլիտեխնիկին հարիր արժանապատիվ ձևով հաղթա­հարելու մեզ բաժին հասած համընդհանուր այս փորձության դժվարին օրերը՝ ի շահ Պոլիտեխնիկի բարգավաճման և վաղվա փայլուն հաղթանակների։

Եղե՛ք առողջ և անփորձանք։