Պոլիտեխնիկի և Հայաստանի ինժեներական ասոցիացիայի միջև կնքվեց համագործակցության պայմանագիր

Պոլիտեխնիկի և Հայաստանի ինժեներական ասոցիացիայի միջև կնքվեց համագործակցության պայմանագիր

Ս․թ․ փետրվարի 25-ին՝ համագործակցության պայմանագրերի ստորագրման առիթով Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում էին Հայաստանի ինժեներական ասոցիացիայի տնօրենների խորհրդի նախագահ Արամ Սալաթյանը և տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վարդան Ալեքսանյանը։

ՀԱՊՀ ռեկտորատի նիստերի դահլիճում պայմանագրի ստորագրմանը ներկա էին համալսարանի պրոռեկտորներ, դեկաններ, ամբիոնների վարիչներ, ՀԱՊՀ ինստիտուտների ղեկավարներ, Հայաստանի ինժեներական ասոցիացիայի ներկայացուցիչներ։

ՀԱՊՀ ռեկտոր, պատվավոր պրոֆեսոր Ո․ Մարուխյանը ողջունելով ներկաներին նշեց․ «Այսօր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում կարևոր իրադարձություն է։  Հայաստանի ինժեներական ասոցիացիայի հետ համագործակցության ծրագրերի շրջանակներում դեռևս անցյալ ուսումնական տարվա վերջում ստեղծվեց եզակի հնարավորություն ինժեներական քաղաքում, ասոցիացիայի հետ կնքվող պայմանագրով, Տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ու էլեկտրոնիկայի ինստիտուտի կազմում ձևավորել  «Էլեկտրոնային սարքեր և չափիչ համակարգեր» անվանմամբ բազային ամբիոն, որի նպատակն է ապահովել Ասոցիացիայում և Ինժիներական քաղաքում առկա մասնագիտական և արտադրական ներուժի, ռեսուրսների, գիտական և գործնական պոտենցիալի ներգրավումը hամալսարանի կրթական ծրագրերի իրականացման և բուհ-արտադրություն երկարաժամկետ ու փոխշահավետ կապի ստեղծման համար։ Բազային ամբիոնը կդառնա ՏՏ ոլորտի մասնագետների համար այն հիմնական բազան, որը գործատուների հետ մտնում է այսօրվա իրողություններին համահունչ գործողությունների մեջ»։ Ռեկտորը նշեց, որ այս պայմանագիրը «Սինոփսիս» ընկերության հետ ունեցած պայմանգրից հետո երկրորդ պայմանագիրն է, որը եզակի հնարավություն է ստեղծելու անմիջապես ինժեներական մտահաղացումները մեկտեղել մեկ միավորի մեջ։

Հայաստանի ինժեներական ասոցիացիայի տնօրենների խորհրդի նախագահ Արամ Սալաթյանը նույնպես ողջունեց ներկաներին նշելով, որ Ինժեներական քաղաք առանց Պոլիտեխնիկի  հնարավոր չէ պատկերացնել։ «Մեր ընկերությունում այսօր շատ պոլիտեխնիկցիներ են աշխատում՝ մոտ 300 հոգի և փաստն ինձ շատ է ուրախացնում», -նշեց նա։

Այնուհետև ՀԱՊՀ ռեկտոր Ո․ Մարուխյանը, Հայաստանի ինժեներական ասոցիացիայի տնօրենների խորհրդի նախագահ Արամ Սալաթյանը և տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վարդան Ալեքսանյանը ստորագրեցին համագործակցության պայմանագրերը, որոնցից մեկով կողմերը համաձայնվում են քննարկել իրենց մասնագիտական գիտելիքները, ունակություններն ու հմտությունները, ինչպես նաև ակադեմիական և արտադրական հնարավորությունները տեխնիկայի և տեխնոլոգիաների, կրթության և գիտության, փորձագիտական, հետազոտական, խորհդատվական ու գիտարտադրական բնագավառներում գործունեություն ծավալելու նպատակով ներդնելու հարցը, իսկ մյուսը վերաբերում է Բազային ամբիոնի ստեղծմանը:

Պայմանագրի ստորագրման  առիթով շնորհակալանքի և շնորհավորանքի ջերմ խոսքեր ասացին նաև ՀԱՊՀ պրոռեկտոր Ռ․ Աղգաշյանը և Հայաստանի ինժեներական ասոցիացիայի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վ․Ալեքսանյանը։

8112 | 011710041 | 010520345