Պոլիտեխնիկում մեկնարկեց eDrone ծրագրի շրջանակներում աշխատաժողովը

Պոլիտեխնիկում մեկնարկեց eDrone  ծրագրի շրջանակներում աշխատաժողովը

Ս․թ․ փետրվարի 6-ին «Էրազմուս+»  «Educational for Drone (eDrone)» ծրագրի շրջանակներում Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում՝ ծրագրի մասնակից 8 երկրների՝ Իտալիա, Ֆրանսիա, Լեհաստան, Ռումինիա, Վրաստան, Մոլդովա եւ Բելառուս, տարբեր կազմակերպությունների 38 ներկայացուցիչների մասնակցությամբ:

Ծրագրի հիմնական նպատակն է գործընկեր համալսարաններում ստեղծել անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) ուսումնառության կենտրոններ, մշակել դրանց օգտագործումը կարգավորող ազգային օրենքներ, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների վրա հիմնված ենթակառուցվածք ձևավորել, որի միջոցով գործընկեր համալսարանները կփոխանակեն կրթական ծրագրեր, գիտական և տեխնոլոգիական գիտելիք:

Նախագծի հայաստանյան համակարգող, տեխնիկական գիտությունների թեկնածու, Մեքենաշինության արդյունաբերության և տրանսպորտի տնտեսագիտության և կառավարման սեկտորի դոցենտ Հ.  Կարապետյանը  ողջունեց մասնակից երկրներից ժամանած աշխատաժողովի մասնակիցներին և ներկայացրեց հյուրերի մի մասին՝ Հայաստանում «Էրազմուս+» ծրագրի ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովային, eDrone նախագծի համակարգող Պասկալ Դապոնտեին  (Իտալիայի Սաննիոյի համալսարան) և այլն:

Աշխատաժողովի մեկնարկն ազդարարեց ՀԱՊՀ Միջազգային համագործակցության և կրթական բարեփոխումների գծով պրոռեկտոր Ռ․ Աղգաշյանը։ Ողջունելով հյուրերին և մասնակիցներին՝ բուհի ղեկավարը մաղթեց հագեցած ու արդյունավետ աշխատանքային օրեր: Նա մասնավորապես նշեց, որ ծրագրի շուրջ համախմբված  գործընկեր համալսարանները կարճ ժամանակահատվածում բավականաչափ աշխատանք են կատարել և հույս հայտնեց որ ծրագրի ավարտից հետո արդյունքները կլինեն շարունակական։

Հայաստանում «Էրազմուս+» ծրագրի ազգային գրասենյակի տնօրեն Լանա Կառլովան ևս ողջունեց սեմինարի մասնակիցներին: Նա հույս հայտնեց, որ ծրագրում աշխույժ ներգրավվածություն կունենա հատկապես երիտասարդ սերունդը և կապահովի լավ արդյունք:  Նա հույս հայտնեց, որ սեմինարի ընթացքում կլինեն ակտիվ քննարկումներ և արդյունքների փոխանակումներ։ Լ․ Կառլովան նշեց, որ Հայաստանում «Էրազմուս+» ծրագրի ազգային գրասենյակը միշտ պատրաստ է աջակցել համալսարաններին։

eDrone նախագիծը ներկայացրեց Պասկալ Դապոնտեն՝ հիմնականում անդրադառնալով կատարված աշխատանքին, առաջիկա անելիքներին, որոնք միտված են մասնագիտական գործունեության մեջ անօդաչու թռչող սարքերի տեխնոլոգիաների կիրառման կարողությունների զարգացմանը,  անօդաչու թռչող սարքերի ուսումնառության կենտրոնների ստեղծմանը:

Աշխատաժողովի առաջին ընդմիջմանը մասնակիցները լուսանկարվեցին ՀԱՊՀ Անօդաչու թռչող սարքերի կենտրոնում։

Այնուհետև եղան զեկուցումներ, տեղի ունեցավ քննարկում:

Փետրվարի 7-ին աշխատաժողովը կշարունակի աշխատանքը։

8112 | 011710041 | 010520345