Էլբակ Էլբակյանի «Թափանցիկ արևային պատուհաններ» ստարտափը դրամաշնորհ է ստացել

Էլբակ Էլբակյանի «Թափանցիկ արևային պատուհաններ» ստարտափը դրամաշնորհ է ստացել

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը փետրվարի 5-ին ամփոփել է «Գաղափարից մինչեւ Բիզնես» դրամաշնորհային մրցույթի արդյունքները:

Դրամաշնորհը նպատակ ունի աջակցել տեխնոլոգիական ոլորտի զարգացմանն ուղղված բեկումնային գաղափարների կյանքի կոչմանը, նոր լուծումների բացահայտմանը, նորարարության զարգացմանը եւ առեւտրայնացման գործընթացներին՝ խթանելով համագործակցությունը հետազոտական խմբերի և կենտրոնների միջև։

Դրամաշնորհային գումարը յուրաքանչյուր նախաձեռնության համար կազմում է 2.500.000 ՀՀ դրամ, սակայն հաղթող թիմերին տրամադրվող ուղղակի ֆինանսավորումից բացի, գործունեության ծավալման ընթացքում նրանք կստանան նաև մասնագիտական խորհրդատվություն։  Նշվում է, որ ներկայացվող ծրագրի առավելագույն տևողությունը 12 ամիս է:

«Պատրաստված է Հայաստանում» պիտակով գաղափարներից մեկը ՀԱՊՀ-ի Երևանի քոլեջի տնօրեն Է․ Էլբակյանի «Թափանցիկ արևային պատուհաններ» ստարտափի հիմնադրինն է։ «Թափանցիկ արևային պատուհանները»  նոր սերնդի պատուհաններ են, որոնք կարող են լինել և՛ պատուհան, և՛ արևի էներգիան կլանել ու փոխակերպել էլեկտրաէներգիայի աղբյուրի։ Է․Էլբակյանի ստարտափը հաղթող է ճանաչվել մրցույթում և ստացել 2.500.000 ՀՀ դրամ դրամաշնորհ։ «Սա կփոխարինի արևային պանելներին, տարածքներն ավելի արդյունավետ կօգտագործվեն: Դրանք կարելի է ամբողջությամբ տեղադրել բարձրահարկ շենքերի, էլեկտրական մեքենաների պատուհաններին: Սրանով արդյունավետությունը էապես կբարձրանա»,- նշել է Է․Էլբակյանը:

Ներկայում թիմի ստացած բոլոր թաղանթները լաբորատոր փուլում են, ստացել են  ամենակարևոր 2 շերտերը, սակայն դեռ պետք է համալրեն, որպեսզի ստանան վերջնական պրոդուկտը: Հաղթած գումարն օգտագործելու են երրորդ կարևոր շերտը ստեղծելու համար:  Սակայն վերջնական ապրանքանիշը ստեղծելու համար մոտավոր հաշվարկներով 50 հազար դոլարի չափով ներդրում պետք է անեն:

Տեղեկացնենք նաև, որ ս․թ․ փետրվարի 4-ից ՀԱՊՀ-ի Երևանի քոլեջի տնօրեն Էլբակ Եղիշեի Էլբակյանը տեղափոխվել է ՀԱՊՀ Ուսումնամեթոդական վարչություն՝ զբաղեցնելով վարչության պետի պաշտոնը։

Որպես ՀԱՊՀ-ի Երևանի քոլեջի տնօրեն Է․ Էլբակյանը ունեցել է բազմաթիվ հաջողողություններ բարեփոխումների իրականացման գործընթացում, ինչը ՀԱՊՀ Քոլեջի համար ապահովել է բարձր հեղինակություն ու կայունություն:

Շնորհավորում ենք Էլբակ Էլբակյանին նոր պաշտոնում նշանակվելու առթիվ, մաղթում նորանոր գիտակրթական ձեռքբերումներ և հաջողություններ։