Պոլիտեխնիկի ռեկտորատի նիստում

Պոլիտեխնիկի ռեկտորատի նիստում

Ս․թ․ փետրվարի 4-ի Ռեկտորատի նիստում «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի և «Արմենիա ինշուրանս» ապահովագրական ընկերության միջև կնքվեց պայմանագիր։ Պոլիտեխնիկական  համալսարանի կողմից իր աշխատողների համար առողջության ապահովագրության ծառայություններ ձեռք բերելու նպատակով հայտարարված մրցույթում հաղթող է ճանաչվել «Արմենիա ինշուրանս» ապահովագրական ընկերությունը՝  12 ամսվա ապահովագրության համար 44,200,000 ՀՀ դրամ գնառաջարկով: Պայմանագիրը ստորագրեցին ՀԱՊՀ ռեկտոր Ո․ Մարուխյանը և «Արմենիա ինշուրանս» ապահովագրական ընկերության գլխավոր տնօրեն Ա․ Դաղունցը՝ բոլոր աշխատակիցներին մաղթելով առողջություն։

Այնուհետև ռեկտորատը իր նիստը շարունակեց մեկ այլ հաճելի արարողությամբ։  Ռեկտոր Ո․ Մարուխյանը նշեց. «Դեռևս անցյալ տարի Լոս Անջելեսի հայ գիտնականների և ինժեներների միության ներկայացուցիչների հետ քննարկվել են մի շարք հարցեր, մասնավորապես մեր հաստատությունում հետազոտական աշխատանքներով  զբաղվող ասպիրանտների համար որոշակի մրցանակներ հիմնելու հարցը։ Եվ այսօր Լոս Անջելեսի հայ գիտնականների և ինժեներների միությունը մրցանակներ է հանձնելու Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի 3 ասպիրանտների, ովքեր աշխատում են ՀԱՊՀ-ում»։

Համալսարանի ռեկտորատը դեռևս 2019թ․ նոյեմբերի 12-ի նիստում առաջարկել էր մրցանակները շնորհել ՀԱՊՀ-ում աշխատող այն ասպիրանտներին, ովքեր ունեն բարձր առաջադիմություն և առավելագույն քանակությամբ տպագրված գիտական հոդվածներ։ Այս սկզբունքից ելնելով, ռեկտորատի որոշման համապատասխան, համալսարանը պարգևատրման համար Լոս Անջելեսի հայ գիտնականների և ինժեներների միությանը ներկայացրել էր հետևյալ ասպիրանտների թեկնա­ծու­թյունները, որոնք էլ ստացան միության մրցանակները՝ դյուրակիր համակարգիչներ։

Նրանք են ՝

Սևոյան Ջանիկ Սեյրանի․ մասնագիտությունը՝ «Վերականգնվող և այլընտրանքային էներգիայի աղբյուրներով էներգետիկ կայանքներ»,  ՀԱՊՀ թղթակից խմբագիր, ունի տպագրված 10 աշխատանք,

Չիբուխչյան Գրիգոր Սուրենի․  մասնագիտությունը՝ «Ավտոմեքենաներ և տրակտորներ», ՀԱՊՀ Տրանսպորտային միջոցներ ամբիոնի դասախոս, ունի տպագրված 10 աշխատանք,

Մելքոնյան Տաթևիկ Ռազմիկի․ մասնագիտությունը՝ «Ավտոմատացման համակարգեր», ՀԱՊՀ «Ավտոմատացված համակարգեր և մոդելավորում» բազային գիտահետազոտական լաբորատորիայի կրտսեր գիտաշխատող, ունի տպագրված 9 աշխատանք։

Մրցանակները հանձնեց Լոս Անջելեսի հայ գիտնականների և ինժեներների միության ներկայացուցիչ Ա․ Կարապետյանը, ով վստահեցրեց, որ համագործակցությունը կշարունակվի։ Լոս Անջելեսի հայ գիտնականների և ինժեներների միության Երևանյան կազմակերպության գործադիր տնօրեն Վ․ Գևորգյանն էլ  հույս հայտնեց, որ գիտական հետազոտությամբ զբաղվող ուսանողների համար սա ոգևորող քայլ կլինի։

8112 | 011710041 | 010520345