Կայացավ Պոլիտեխնիկի Հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը

Կայացավ Պոլիտեխնիկի Հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը

Հունվարի 30-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Ռեկտորատի նիստերի դահլիճում տեղի ունեցավ Հոգաբարձուների խորհրդի նիստ, որը նախագահում էր Հոգաբարձուների խորհրդի նախագահ Հովիկ Մուսայելյանը: Նիստի սկզբում ներկայացվեց Խորհրդի նիստի օրակարգը, որը հաստատվեց քվեարկությամբ։

Օրակարգային առաջին՝ «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի 2018-2019 ուսումնական տարվա գործունեության հիմնական արդյունքների վերաբերյալ հաշվետվությունը ներկայացրեց ՀԱՊՀ ռեկտոր, պատվավոր պրոֆեսոր Ո. Մարուխյանը։  Ռեկտորը մանրամասնորեն ներկայացրեց հաշվետու ժամանակամիջոցում համալսարանի տարբեր ոլորտների գործունեությունը բնութագրող հիմնական ցուցանիշները` համեմատելով դրանք ինչպես նախորդ տարիների ցուցանիշների, այնպես էլ ՀԱՊՀ 2016-2020 թթ. Ստրատեգիական պլանով նախանշված առաջընթացի կողմնորոշիչ ցուցանիշների հետ: Ներկայացվեցին այդ ընթացքում համալսարանի նշանակալի ձեռքբերումները, ինչպես նաև մարտահրավերները, նշվեցին վերջիններիս դիմագրավմանն ուղղված առաջիկա քայլերն ու երաշխիքները: Նշվեց, որ այսօրվա իրողություններին համահունչ համալսարանը կարողացել է կատարել կարևոր առաքելություն՝ ապահովելով ֆինանսական կայունություն, որը կարևորագույն խնդիրներից մեկն է, ինչպես նաև հաջողությամբ իրականացրել է բակալավրական կրթական ծրագրի ընդունելություն, ինչի համար շնորհակալություն հայտնեց Ընդունող հանձնաժողովի քարտուղարությանը։ Նա նշեց, որ 2019 թվականի ընդունելության գործընթացը մեկնարկեց Պոլիտեխնիկական համալսարանի «Ընդունելության գործընթացի կազմակերպման կենտրոն»-ի բացման հանդիսավոր արարողությամբ: Ո. Մարուխյանը մանրամասնորեն անդրադարձ կատարեց ՀԱՊՀ պրոֆեսորադասախոսական կազմին, որակի ապահովման, միջազգային հարաբերությունների վերաբերյալ հարցերին:

Զեկուցման վերաբերյալ ելույթ ունեցան  Խորհրդի մի շարք անդամներ, եղան  հարցեր, որոնց զեկուցողը տվեց սպառիչ պատասխաններ:

Օրակարգային երկրորդ հարցով Խորհուրդը հավանություն տվեց նաև «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի 2020թ. եկամուտների և ծախսերի նախահաշվին:

Նաև որոշվեց ստեղծել աշխատանքային խումբ՝ բուհի նոր «Ռազմավարական պլանի» մշակման համար:

Այլ հարցերի շրջանակում  ռեկտոր Ո. Մարուխյանը ներկայացրեց Պոլիտեխնիկական համալսարանի թիվ 8 մասնաշենքը հետ վերցնելու առաջարկի մասին հարցը: Ռեկտորը տեղեկացրեց, որ իր և Հոգաբարձուների խորհրդի նախագահ Հ. Մուսայելյանի անունից պասասխան նամակ է ուղարկվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ա. Հարությունյանին: Նամակում մասնավորապես նշվել է, որ Վրացական 22 հասցեի թիվ 8-րդ մասնաշենքում (անհատույց օգտագործման իրավունքով Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանին տրամադրված) տեղակայված են Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) Մեխանիկամեքենաշինական, տրանսպորտային համակարգերի և դիզայնի ու Լեռնամետալուրգիայի և քիմիական տեխնոլոգիաների ինստիտուտների ուսումնալաբորատոր սարքավորումների հիմնական բազային կառույցները: Մասնավորապես այդտեղ մոնտաժված և գործում են  56 մետաղամշակման հաստոցներ, 18 խոշորամասշտաբ սարքավորումներ, 11 մեծ գաբարիտային չափեր ունեցող լաբորատոր ստենդներ: Նա նշեց, որ սարքավորումների մեծ մասի տեղադրումն իրականացված է հատուկ հիմնատակային կոնստրուկցիաների կիրառման միջոցով, և սարքավորումները լիարժեք կերպով սպասարկում են Մեխանիկամեքենաշինական, տրանսպորտային համակարգերի և դիզայնի ինստիտուտի այս մասնաշենքում գտնվող «Մեքենաշինական տեխնոլոգիաներ և ավտոմատացում» ամբիոնի գծով իրականացվող բակալավրական, մագիստրոսական և ասպիրանտական ծրագրերի ուսումնական գործընթացները։

Մասնաշենքում է տեղակայված նաև նույն ինստիտուտի «Ավտոմոբիլային շարժիչներ» ուսումնական լաբորատորիան՝ իր յուրահատուկ ուսումնական ստենդներով և փորձարկման ու կառավարման վահանակներով հանդերձ։ Այս մասնաշենքում են գտնվում նաև Լեռնամետալուրգիայի և քիմիական տեխնոլոգիաների ինստիտուտի Մետաղների ձուլման և Մետաղների եռակցման լաբորատորիաները, որոնցում մասնավորապես առկա են գլոցման հաստոց, յուրահատուկ հզոր մամլիչներ (հիդրավլիկական և մեխանիկական), մետաղների հատկությունների ուսումնասիրման ստենդներ։ Բնականաբար, վերը նշված ուսումնալաբորատոր և հետազոտական սարքավորումները ձեռք են բերվել և մոնտաժվել բացառապես համալսարանի միջոցներով ու ջանքերով, տարիների ընթացքում հաջողությամբ ապահովելով ինժեներական կադրերի պատրաստման գործընթացը, և մասնաշենքի օտարման պարագայում, վերջիններիս սպասվող ապամոնտաժումը այսօր հավասարազոր է վերոնշյալ սարքավորումների անհակադարձելիորեն շարքից դուրսբերմանը՝ դրանից բխող բոլոր աննախադեպ հետևանքներով, առաջացնելով որոշակի կրթական ծրագրերի գծով ուսումնական գործընթացի կազմալուծում, մանավանդ որ ՀԱՊՀ-ում բացակայում են այդպիսի սարքավորումների տեղադրման համար պատշաճ ձևով պատրաստ տարածքներ և մեծ քաշ ու չափեր ունեցող սարքերի տեղափոխման միջոցներ։

Ռեկտորը նշեց, որ ընդհանուր առմամբ վերը նշված ուսումնալաբորատոր տարածքները կազմում են 8-րդ մասնաշենքի ընդհանուր մակերեսի (3547,9մ2) մոտ 70% , (2478,6մ2), ինչից և հետևում է, որ սույն մասնաշենքի օտարման գործընթացը պետք է կասեցվի, քանզի այն կհանգեցնի վերոնշյալ ինստիտուտների շրջանակներում իրականացվող կրթական մի շարք ծրագրերի ուսումնական գործընթացի ուղղակի կազմակերպական ձախողմանը։

Ո. Մարուխյանը հույս հայտնեց, որ մեքենաշինական տեխնոլոգիաների և դրանց ավտոմատացման բնագավառի մասնագետների պատրաստման նպատակին ծառայող՝ ուսումնագիտական լաբորատորիաներով հագեցված, համալսարանին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված, տարածքի օտարման մտադրությունը չի իրականացվի:

Միջազգային համագործակցության և կրթական բարեփոխումների գծով պրոռեկտոր Ռ. Աղգաշյանը այլ հարցերի շրջանակում ներկայացրեց «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի 5-րդ մասնաշենքի 3-րդ հարկի հիմնավերանորոգման նախագծի մասին հարցը: Նա նշեց, որ հարցը քննարկվել է նաև ՀԱՊՀ ռեկտորատում, քանի որ նախահաշվով ամբողջ հարկի վերակառուցման ծախսերը կազմել են 34 միլիոնից ավել, անհրաժեշտ է Հոգաբարձուների խորհրդի համաձայնությունը:

Այլ հարցերի շրջանակում ՀԱՊՀ պրոռեկտոր, աշխատակազմի ղեկավար Գ. Վարդանյանը զեկուցեց ՀԱՊՀ-ԳՀԾՁԲ-20/2 ծածկագրով կամավոր առողջական ապահովագրման ծառայության պայմանագրի վերաբերյալ։ Նա նշեց, որ անցած տարի բուհում ապահովագրված անձանց թիվը եղել է 1118: Աշխատակիցների բուժման ծախսերի լրիվ կամ մասնակի փոխհատուցումից օգտվել են 21 տարեկանից մինչև 81 տարեկան աշխատակիցներ: Խորհուրդը որոշեց  թույլատրել «Արմենիա ինշուրանս» ապահովագրական կազմակերպության հետ պայմանագրի կնքումը: