ՀԱՊՀ Գիտխորհրդի 2020թ. անդրանիկ նիստում

ՀԱՊՀ Գիտխորհրդի 2020թ. անդրանիկ նիստում

Հունվարի 24-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում կայացավ բուհի Գիտական խորհրդի այս տարվա անդրանիկ նիստը՝ ռեկտոր, պրոֆեսոր Ոստանիկ Մարուխյանի գլխավորությամբ:

Նախքան օրակարգային հարցերին անցնելը, նիստը նախագահող ռեկտոր Ո. Մարուխյանը դոցենտի գիտական կոչումների դիպլոմներ հանձնեց համալսարանի մի քանի դասախոսների, որոնց գիտական կոչումներ էր շնորհվել Գիտական խորհրդի նախորդ նիստում։

Այնուհետև, օրակարգային հաջորդ հարցով, ռեկտոր Ո. Մարուխյանը հանդես եկավ ՀԱՊՀ 2018⁄2019 ուստարվա գործունեության հիմնական արդյունքների վերաբերյալ հաշվետվությամբ: Ռեկտորը  նշեց, որ համալսարանի համար 2018 թվականը նշանակալից էր նրանով, որ լրացավ Պոլիտեխնիկի հիմնադրման 85 ամյակը, որին նվիրված մի ամբողջ շարք միջոցառումները եզրափակվեցին նոյեմբերի 26-ին ՀԱՊՀ 2-րդ մասնաշենքի մեծ դահլիճում: Հաշվետու ժամանակաշրջանը համալսարանի համար հատկանշական էր նաև նրանով, որ ՀՀ Վարչապետի 2019թ. հունվարի 21-ի N 52-Ա որոշմամբ հաստատվեց «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի փոփոխված կազմը, որի անդրանիկ նիստը կայացավ 2019թ. հունվարի 23-ին, և այդ նիստում Հոգաբարձուների խորհրդի նախագահ ընտրվեց «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ տնօրեն Հովիկ Մուսայելյանը: Այնուհետև Ո. Մարուխյանը մանրամասնորեն ներկայացրեց հաշվետու ժամանակամիջոցում համալսարանի տարբեր ոլորտների գործունեությունը բնութագրող հիմնական ցուցանիշները` համեմատելով դրանք ինչպես նախորդ տարիների ցուցանիշների հետ, այնպես էլ ՀԱՊՀ 2016-2020 թթ. Ստրատեգիական պլանով նախանշված առաջընթացի կողմնորոշիչ ցուցանիշների հետ: Ներկայացվեցին այդ ընթացքում համալսարանի նշանակալի ձեռքբերումները, ինչպես նաև մարտահրավերները, նշվեցին վերջիններիս դիմագրավմանն ուղղված առաջիկա քայլերն ու երաշխիքները: Նշվեց, որ այսօրվա իրողություններին համահունչ համալսարանը կարողացել է կատարել կարևոր առաքելություն՝ ապահովելով ֆինանսական կայունություն, որը կարևորագույն խնդիրներից մեկն է, ինչպես նաև հաջողությամբ իրականացրել է բակալավրական կրթական ծրագրի ընդունելություն, ինչի համար շնորհակալություն հայտնեց Ընդունող հանձնաժողովի քարտուղարությանը։ Ռեկտորը նշեց, որ 2019 թվականի ընդունելության գործընթացը մեկնարկեց Պոլիտեխնիկական համալսարանի «Ընդունելության գործընթացի կազմակերպման կենտրոն»-ի բացման հանդիսավոր արարողությամբ, որին ներկա էին ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը և այլ պաշտոնատար անձինք։ Նշեց, որ նորաստեղծ կենտրոնը հագեցած է հերթերի կառավարման համակարգով և էլեկտրոնային տերմինալով, նպատակն է ավտոմատացնել Պոլիտեխնիկի դիմորդների ընդունելության գործընթացը: Համակարգը բուհերի շարքում առաջինը ներդրվել է Պոլիտեխնիկում՝ «Յուքոմ» ընկերության աջակցությամբ: Նշվեց նաև, որ 2019 թվականի դեկտեմբերի 6-ի Պոլիտեխնիկի Հոգաբարձուների խորհուրդը հավանության արժանացրեց ՀԱՊՀ Ընդունելության շուրջամյա կենտրոն ստեղծելու նախագծին՝ իր 4 հաստիքներով։

Զեկուցման վերաբերյալ ելույթ ունեցան  Գիտխորհրդի մի շարք անդամներ ՝ նշելով, որ  Պոլիտեխնիկը անցնող տարում ունեցել է կարևորագույն ձեռքբերումներ, մասնավորապես բժշկական ապահովագրությունը,  համալսարանի աշխատակիցների  աշխատավարձերի բարձրացումը, «Խելացի լուծումների կենտրոն»-ի ստեղծումը:

Օրակարգային 2-րդ հարցով՝ ՀԱՊՀ 2019թ. ֆինանսական նախնական հաշվետվության և 2020թ. եկամուտների ու ծախսերի նախահաշիվների նախագծերի մասին, ներկայացրեց ՖՏՎ պետ, գլխ. հաշվապահ Կ. Խաչատրյանը: Վերլուծելով համալսարանի եկամուտների կառուցվածքը՝ Կ. Խաչատրյանը ներկայացրեց հետևյալ պատկերը․ 2019թ․ՀԱՊՀ եկամուտները ձևավորվել են հետևյալ հիմնական աղբյուրներից՝ եկամուտներ ուսուցման ծառայություններից՝ ուսման վարձերից և կրթաթոշակներից՝ 83,4%, եկամուտներ գիտատեխնիկական գիտահետազոտական գործունեությունից՝ 7,7%, եկամուտներ ձեռնարկատիրական գործունեությունից՝ 4,5% և եկամուտներ դրամաշնորհներից և այլ աղբյուրներից՝ 5%, թվերը ցույց են տալիս, որ բավականին ցածր է համալսարանում իրականացվող լրացուցիչ գործունեության դերակատարությունը և անհրաժեշտ է հետևողական լինել վերջինիս բարձրացման ուղղությամբ։ Որոշվեց հավանություն տալ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի 2020թ. ֆինանսական եկամուտների, ծախսերի և նախահաշիվների նախագծերին և երաշխավորել դրանք ներկայացնել ՀԱՊՀ Հոգաբարձուների խորհրդի քննարկմանն ու հաստատմանը:

Միջազգային համագործակցության և կրթական բարեփոխումների գծով պրոռեկտոր Ռ. Աղգաշյանը  իր ելույթում նշեց արտաքին և ներքին նոր մարտահրավերների առաջացման մասին, որոնք պետք է լուծել: Նա առաջարկեց դրական եզրակացությամբ հաշվետվությունը ներկայացնել Հոգաբարձուների խորհրդի դիտարկմանը:

Ելույթով հանդես եկավ նաև պրոռեկտոր Մ. Բաղդասարյանը: Նա շնորհակալություն հայտնեց ռեկտոր Ո. Մարուխյանին՝ հաշվետվությունը համառոտ, համակարգված կազմելու և ներկայացնելու համար: Նա նշեց, որ անցնող տարում համալսարանն ահռելի աշխատանքներ է կատարել իր գործունեության բոլոր ոլորտներում և շատ կարևոր է, որ կատարված աշխատանքը ձևակերպվի պատշաճ կերպով։

Ռեկտոր Ո. Մարուխյանը ամփոփելով ելույթները, նշեց, որ համալսարանի հաշվետվու­թյունը մեկ անձի հաշվետվություն չէ, դա  ամբողջ կոլեկտիվի կատարած աշխատանքի արդյունքն է և արձանագրեց այն թերությունները, որտեղ համալսարանը դեռևս խնդիրներ ունի լուծելու։ Նա շնորհակալություն հայտնեց բոլորին, հատկապես քննարկմանը մասնակցած անձանց, որոնք ոչ միայն արժևորեցին զեկուցումը, այլև ամբողջ կոլեկտիվի իրականացրած աշխատանքը։

Օրակարգային հաջորդ հարցը ՈՒՄՎ պետի տեղակալ Գ. Մելքոնյանի հաղորդումն էր՝ ՀԱՊՀ 2019 թ. հրատարակչական պլանի կատարողականի և 2020 թ. հրատարակ­չական պլանի հաստատման մասին։ Նշվեց, որ  2019թ. ՀԱՊՀ հրատարակչական պլանում ընդգրկված էր 125 աշխատանք, ավելացել են  4 արտապլանային աշխատանքներ:  Հանվել է 5-ը` ամբիոնների զեկուցագրերով և պրոռեկտորի համաձայնությամբ:  4 աշխատանք տեղափոխվել է 2020թ. հրատարակչական պլան:  Չի ներկայացվել 5 աշխատանք:  Մնացած 115 աշխատանքներից տպագրվել է 47-ը, 68-ը՝ գտնվում է տպագրման ընթացքում: Այնուհետև Գ. Մելքոնյանը ներկայացրեց 2019թ. հրատարակչական պլանի կատարողականը՝ ըստ ստորաբաժանումների որը հաստատվեց միաձայն:

Օրակարգային մեկ այլ հարցով ՀԱՊՀ Գիտքարտուղար Հ. Բալաբանյանը ներկայացրեց Օտար լեզուների ամբիոնի դոցենտի և ասիստենտի պաշտոններին հավակնող թեկնածուների վերաբերյալ համառոտ տեղեկություններ: Պաշտոնի հավակնում էր 16 աշխատակից: Կազմվեց հաշվիչ հանձնաժողով՝ ՀԱՊՀ Արհկոմի նախագահ Գ. Բալումյանի նախագահությամբ: Տեղի ունեցած փակ, գաղտնի քվեարկության արդյունքում հաստատվեց Օտար լեզուների ամբիոնի դոցենտի և ասիստենտի պաշտոններին հավակնող 16 դասախոսների հետ կնքել աշխատանքային պայմանագիր՝ 5 տարի ժամկետով: