Պոլիտեխնիկի ուսանողներին հյուրընկալեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը

Պոլիտեխնիկի ուսանողներին հյուրընկալեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը

Դեկտեմբերի 27-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալեց Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Ուսանողական խորհրդի անդամներին:

Հանդիպումը կայացավ Ուսանողական խորհրդի 25-ամյակի շրջանակներում։ ՈւԽ նախագահ Գևորգ Հարությունյանը Նորին Սրբությանը տեղեկություններ փոխանցեց համալսարանի կողմից իրականացված և սպասվելիք ծրագրերի, միջբուհական համագործակցության և տարբեր ոլորտներում տարվող աշխատանքների մասին՝ ընդգծելով, որ խորհրդի առաքելության կարևորագույն ուղղություններից է նաև գործակցությունը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հետ:

Այնուհետև երիտասարդներին իր հայրական օրհնությունն ու բարեմաղթանքները բերեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ շնորհավորելով նաև գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով: Վեհափառ Հայրապետն իր գոհունակությունն արտահայտեց ուսանողների՝ Մայր Աթոռ այցելության կապակցությամբ՝ նշելով, որ այս սրբավայրում նրանց հնարավորություն է ընձեռվում՝ ճանաչելու և հաղորդակցվելու իրենց հայրերի հոգևոր ժառանգությանը, հերոսական ոգուն, մշակույթին ու ազգային արժեքներին, զորացնելու իրենց հավատքը և ներշնչվելու նոր արարումների համար:
Հայոց Հովվապետը գովեց երիտասարդների հայրենասիրական ոգին և նախանձախնդրությունը հայրերի հավատքի հանդեպ՝ ընդգծելով, որ այդպիսի գիտակցությամբ առաջնորդվող սերունդը պիտի կարողանա իրականություն դարձնել մեր ժողովրդի իղձերը, կերտել հայրենիքի անվտանգ ու խաղաղ կյանքը: Հայրապետն ուրախությամբ արձանագրեց, որ այսօր առկա է պայծառ մտքի տեր քաջասիրտ, լուսավոր սերունդ՝ նախանձախնդիր իր հայրենի երկրի շինության և հզորության համար: Նորին Սրբությունը պատգամեց երիտասարդներին հետևել իրենց կրթությանը, որպեսզի կարողանան ձեռք բերած գիտելիքները լավագույնս ծառայեցնել ազգին և հայրենիքին:

Նորին Սրբությունը հորդորեց ուսանողներին իրենց աչքի առջև իբրև օրինակ ունենալ Հայաստանի և Արցախի քաջարի հերոսներին և մշտապես ոգեշնչվել նրանց սխրանքներով՝ հաղթահարելու կյանքի դժվարություններն ու փորձությունները:

Վեհափառ Հայրապետը նաև կարևորեց ուսանողների կապը Հայոց Եկեղեցու հետ և նրանց գործուն ներգրավվածությունը Եկեղեցու հովանու ներքո գործող երիտասարդական կառույցներում և միություններում, ինչը մեծապես պիտի նպաստի նրանց հոգևոր կյանքի առաջընթացին: «Սուրբ Էջմիածինը ազգի տունն է», – ասաց Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ հորդորելով հայորդիներին հաճախ իրենց քայլերն ուղղել դեպի Մայր Աթոռ՝ հայոց հավատի և ազգային արժեքների գանձարանը:

8112 | 011710041 | 010520345