ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար 2019թ. ՀՀ պետական մրցանակի դափնեկիր Տակեո Կանադեին շնորհվեց ՀԱՊՀ պատվավոր դոկտորի կոչում

ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար 2019թ. ՀՀ պետական մրցանակի դափնեկիր Տակեո Կանադեին  շնորհվեց ՀԱՊՀ պատվավոր դոկտորի կոչում

Դեկտեմբերի 5-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան այցելեց ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի դափնեկիր, «Origami World» տեսություն հիմնադիր, «վիրտուալ իրականություն» հասկացության հեղինակ Տակեո Կանադեն։

Ի արժևորումն տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների ոլորտում Տակեո Կանադեն համաշխարհային ակնառու ներդրման և ի նշանավորումն Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան կատարած նրա այցելության` բուհի Գիտական խորհրդի որոշմամբ Տակեո Կանադեին շնորհվեց ՀԱՊՀ Պատվավոր դոկտորի կոչում:

ՀԱՊՀ ռեկտոր, պրոֆեսոր Ո.  Մարուխյանը ողջունեց հյուրին և իր ներածական խոսքում մասնավորապես նշեց. «Արդեն ավանդույթ է դարձել Պոլիտեխնիկական համալսարանի հարկի ներքո հյուրընկալել համաշխարհային այնպիսի անձնավորությունների, որոնք նշանակալից ներդրում ունեն տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների զարգացման գործում: Սա արդեն 10-րդ մրցանակաշնորհումն է  և նախորդող բոլոր մրցանակակիրները այցելել են Պոլիտեխնիկ՝ նկատի ունենալով համալսարանի էական դերակատարությունը ինժեներական կրթության ոլորտում: Եվ համալսարանը միշտ էլ այդ այցելությունները նշանավորել է իր բարձրագույն տիտղոսներից մեկի Պատվավոր դոկտորի կոչման շնորհմամբ»: Ռեկտորը նշեց, որ Պոլիտեխնիկի համար պատիվ է 86-ամյա Հայաստանի առաջատար տեխնոլոգիական համալսարանում ընդունել այնպիսի հռչակավոր հետազոտողի, ինչպիսին է Դր. Տակեո Կանադեն: «Կուզենայի ընդգծել, որ այն ժամանակաընթացքում, երբ շատ ու շատ հետազոտողներ ընտրեցին նեղ մասնագիտացման ուղին, դուք կարևոր ներդրումներ իրականացրեցիք միաժամանակ մի քանի ոլորտներում, ընդ որում՝ ամենալայն միջակայքով, սկսած հիմնարար ձեռքբերումներից մինչև նորարարական սարքեր և ալգորիթմեր, նախաձեռնեցիք թվային մեթոդների քննախույզ վերլուծություն և նոր մեթոդաբանության մշակում: Հանդիսացաք «վիրտուալ իրականություն» հասկացության հեղինակը: Մեծ է Ձեր դերակատարությունը ռոբոտաշինության ոլորտում: Ավելի քան 9 տարի Դուք ղեկավարել եք  տվյալ ոլորտի միջազգային ճանաչում ունեցող կենտրոններից մեկը, ապա հիմնադրել եք Տեխնոլոգիաների հետազոտության կենտրոնը»:

Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ  Ա. Աբրոյանը: Նա նշեց, որ սա կարևոր միջոցառում է նաև Հայաստանի համար, որը թույլ է տալիս ևս մեկ անգամ ներկայանալ որպես տարածաշրջանային կենտրոն, որը կարևորում է ՏՏ ոլորտում հայտնի մարդկանց և նրանց հայտնագործությունները: «Համոզված եմ, որ հաջորդ տարի Հայաստանը կհյուրընկալի ևս մեկ կենդանի լեգենդի», նշեց Ա. Աբրոյանը:

Դր, Տ. Կանադեին շնորհավորեց նաև Հ. Մուսայելյանը. «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում  կարևոր դերակատարները շատ են, բայց նրանց մեջ կան բացառիկ մարդիկ, որոնք ներդրում են ունեցել մարդկության կյանքի ընթացքը փոխելու առումով: Այս մրցանակաբաշխության միջոցով մենք  մեծարում ենք այդպիսի մարդկանց, պատվի ենք արժանացնում, բայց, որ ամենակարևորն է, շփվելու հնարավորություն ենք ունենում: Առաջին հերթին դա մեր երիտասարդության համար է շատ կարևոր, նրանք շատ բան ունեն սովորելու նրանցից: Կանցնի ևս 10 տարի, 10 լեգենդներ կգան Հայաստան, կստանան այս մրցանակը, կայցելեն Պոլիտեխնիկական համալսարան, հանդիպումներ կունենան ուսանողության հետ, կկիսվեն իրենց փորձով: Նրանց ևս կշնորհվի ՀԱՊՀ Պատվավոր դոկտորի կոչում, որը ոչ միայն Հայաստանի ճանաչողությունը կբարձրացնի, այլև Պոլիտեխնիկական համալսարանի»-իր խոսքում մասնավորապես նշեց Հ. Մուսայելյանը:

Միջոցառմանը ներկա էր նաև Ճապոնիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հ. Պողոսյանը,  ով ևս ողջունեց ներկաներին և շնորհավորեց Դր. Տ. Կանադեին:

Նշենք, որ այցի շրջանակներում Դր. Տ. Կանադեն հանդես եկավ մասնագիտական արժեքավոր դասախոսությամբ: Զեկույցից հետո նա շնորհակալություն հայտնեց համալսարանին իր գործունեության գնահատման և ՀԱՊՀ Պատվավոր դոկտորի կոչման արժանացնելու համար՝ նշելով որ Հայաստանը ճիշտ ընթացք է ընտրել:

010 52 03 45