Պոլիտեխնիկի Վանաձորի մասնաճյուղը տոնում է հիմնադրման 60-ամյա հոբելյանը

Պոլիտեխնիկի Վանաձորի մասնաճյուղը տոնում է հիմնադրման 60-ամյա հոբելյանը

Նոյեմբերի 30-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Վանաձորի մասնաճյուղը նշեց հիմնադրման 60-ամյակը։ Մասնաճյուղի գործունեության 60-ամյակին նվիրված միջոցառմանը մասնակցեցին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը, տեղակալ Արման Բերնեցյանը, գլխավոր խորհրդական Արտյոմ Գրիգորյանը, աշխատակազմի քարտուղար Արթուր Օհանյանը, ՀԱՊՀ ռեկտոր, պրոֆեսոր Ոստանիկ Մարուխյանը, ակադեմիկոս Յուրի Սարգսյանը, դասախոսներ, շրջանակավարտներ, ուսանողներ և մտավորականներ։

Տոնական ցերեկույթի բացումն ազդարարեցին Հայաստանի Հանրապետության պետական օրհներգն ու բուհի օրհներգը; Ապա հնչեցին բազմաթիվ շնորհավորանքներ:

Բացման և շնորհավորանքի խոսքով հանդես եկավ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Ո․ Մարուխյանը։ «Մեր հանրապետության տարեգրության մեջ անցյալ դարի 50-ական թվականներն ամրագրված են որպես արդյունաբերության և շինարարության աննախընթաց վերելքի, բազմազան բնագավառների արտադրական ձեռնարկությունների և գիտահետազոտական ինստիտուտների հիմնադրման տարիներ։ Տնտեսության և գիտական կյանքի այդ տեղաշարժերը պահանջ առաջադրեցին՝ տարածաշրջաններում կազմակերպելու բարձրագույն ուսումնական հաստատություններ։

Երկրի արագորեն զարգացող քաղաքների թվում կարևորագույն նշանակություն ձեռք բերեց  նաև Կիրովականը՝ նախախորհրդային գյուղաքաղաքից վերածվելով արդյունաբերության և ինժեներատեխնիկական մտքի զարգացման կենտրոնի։ Միմյանց հաջորդելով՝ քաղաքում հիմնադրվեցին քիմիական կոմբինատը, քիմիական մանրաթելերի, «Ավտոգենմաշ», «Ավտոմատիկա» գործարանները։ Քաղաքի առաջընթացի գործում վճռական նշանակություն ունեցավ հատկապես քիմիական արդյունաբերության զարգացումը։ Կիրովականում ևս անհետաձգելի դարձավ ինժեներական կադրերի պատրաստման գործը, քանզի հապաղումը կարող էր կասեցնել քաղաքի զարգացումը։

Հասարակության և տնտեսության զարգացման այդ պահանջարկով պայմանավորված՝ 1959թ․ սեպտեմբերի մեկին պոլիտեխնիկական ինստիտուտի Կիրովականում գործող ուսումնախորհրդատվական կետի հիման վրա բացվեց ԵրՊԻ-ի Կիրովականի մասնաճյուղը՝ քաղաքի և տարածաշրջանի արդյունաբերության, շինարարության և գիտատեխնիկական հիմնախնդիրների լուծման նպատակով։

Նախապես դպրոցի մի փոքր շենքում տեղավորված մասնաճյուղը, հաղթահարելով բազում դժվարություններ, տասնամյակների հետ ոտքի կանգնեց՝ ընդլայնելով իր թվակազմն ու տարածքային-ուսումնակրթական հնարավորությունները։

Քաղաքի ու տարածաշրջանի զարգացման առանձնահատկություններով և հեռանկարներով էին պայմանավորված նաև մասնաճյուղում արագորեն աճող մասնագիտությունները՝ քիմիական տեխնոլոգիաներ, արդյունաբերական և քաղաքացիական շինարարություն, մեքենաշինություն, սարքաշինություն, արտադրական պրոցեսների ավտոմատացում։

Մասնաճյուղը դարձել էր տարածաշրջանում ճարտարագիտական բարձրագույն կրթության առաջատարը՝ իր տարածքային, ուսումնալաբորատոր և կրթական բոլոր հնարավորություններով համապատասխանելով ժամանակի պահանջներին։

1988-ի վերահաս աղետը՝ Սպիտակի երկրաշարժը, ավերելով հանրապետության առաջնակարգ նշանակության քաղաքները, Կիրովական քաղաքի բազմաթիվ կառույցների հետվթարային դարձրեց նաև մասնաճյուղի գլխավոր մասնաշենքը։ Սակայն պոլիտեխնիկցուն բնորոշ ամուր կամքի և տոկունության շնորհիվ մասնաճյուղը վերագտավ իրեն՝ պահպանելով իր առաջանցիկ դերը տարածաշրջանի բարձրագույն կրթության և գիտատեխնիկական առաջընթացի մեջ։ Այսօր մասնաճյուղը պոլիտեխնիկական մեծ ընտանիքում հաստատակամորեն շարունակում է իր առաքելությունը երկրի ճարտարագիտական կրթության և գիտության զարգացման գործում։

Հարգարժան գործընկերներ, մայր կրթահամալիրի անձնակազմի անունից ողջույնի և շնորհավորանքի մեր խոսքն ենք հղում մասնաճյուղի ողջ անձնակազմին՝ 60-ամյա տարեգրության այս նշանակալից օրվա առթիվ։ Լիահույս ենք, որ այսուհետև ևս միասնական կամքով հաղթահարելու ենք բոլոր դժվարությունները, որպեսզի հայոց հողում անկասելի լինի ճարտարագիտական բարձրագույն կրթության երթը։

Բարին ընդ ձեզ և նորանոր հաջողություններ ձեր բոլոր նախաձեռնություններում»։

Մասնաճյուղի հիմնադրման 60-ամյա հոբելյանի առթիվ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Ռեկտորատի որոշմամբ պարգևներ հանձնվեցին մասնաճյուղի պրոֆեսորադասախոսական և ուսանողական համակազմի ներկայացուցիչներին։

Բուհին հոբելյանական տարեդարձի առթիվ իր շնորհավորանքի խոսքը հղեց մարզի ղեկավարը: Կարևորելով Պոլիտեխնիկի մեծ դերակատարությունը ինժեներական մասնագիտությունների պատրաստման, գիտության ու կրթության ոլորտում ունեցած ծանրակշիռ ներդրման առումով, մաղթեց, որ բուհի ապագան լինի առավել փառապանծ, քան անցյալը: Բուհին ուղղված նրա ուղերձում մասնավորապես նշված էր.

«Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Վանաձորի մասնաճյուղը, ստեղծման օրից ի վեր, արդեն 60 տարի, հազարավոր մասնագետներ է պատրաստել քաղաքաշինության, մեքենաշինության, թեթև արդյունաբերության, քիմիական տեխնոլոգիաների, ավտոմատիկայի և տելեմեխանիկայի, հիմա արդեն նաև` ծրագրային ճարտարագիտության և այլ բնագավառներում: Այն տասնամյակներ շարունակ հանդիսացել է ինժեներական մասնագիտությունների պատրաստման դարբնոց, գիտության քուրա: Բուհի պատրաստած բարձրակարգ մասնագետներն իրենց մեծ ավանդն են ունեցել ոչ միայն մեր մարզի, այլև երկրի արդյունաբերության, ինչպես նաև գիտության տարբեր ճյուղերի զարգացման գործում:

Բուհին մաղթում եմ նորանոր հաջողություններ հետագա գիտակրթական գործունեության մեջ՝ նոր Հայաստանում իրականացվող քաղաքականությանը համահունչ մասնագետների պատրաստման գործում»:

Անդրեյ Ղուկասյանը շնորհակալագրերով պարգևատրեց համալսարանի մի խումբ երախտավորների:

Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն իր շնորհավորանքի խոսքում, մասնավորապես, ասաց. «Այս բուհը Վանաձորի զարգացման գործում ունի իր կարևոր դեր: Եթե Քիմիական գործարանի շուրջը ձևավորվեց արդյունաբերական քաղաքը, ապա Կիրովականը գիտատեխնիկական մտքի դարբնոց դարձնելու գործում անուրանալի էր Պոլիտեխնիկի դերը: Մեր պատվարժան այրերը ոչ միայն զբաղվել են գիտությամբ, այլև գիտությունը բերել են քաղաք և դրա սահմաններից դուրս: Կարողացել են գիտատեխնիկական հզոր պոտենցիալով մեր քաղաքը վերածել արդյունաբերական և գիտատեխնիկական մտքի գիգանտի: Ցավոք մենք օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով կորցրեցինք հզոր մտքի տեր անհատների պլեադան: Կարծում եմ՝ հին ու նոր պոլիտեխնիկցիներն և աշխարհի տարբեր անկյուններից վերադառնալու են՝ իրենց մասնակցությունն ունենալու երկրի վերելքին: Շնորհավորում եմ մասնաճյուղի անձնակազմին և ուսանողությանը, հին ու նոր պոլիտեխնիկցիներին, մաղթում կորով, ձեր մտքի փայլատակումները թող նոր ուժ ու եռանդ ստանան՝ ի նպաստ մեր երկրի և մեր քաղաքի»:

Քաղաքապետը հոբելյանի առթիվ նաև շնորհակալագրեր և նվերներ հանձնեց մասնաճյուղի երախտավորներին:

Միջոցառման ընթացքում հնչեցին երգեր, ասմունք, երաժշտական կատարումներ, սաները հանդես եկան նաև պարային համարներով:

8112 | 011710041 | 010520345