Պոլիտեխնիկի պատվավոր պրոֆեսորի կոչում շնորհվեց Ոստանիկ Մարուխյանին

Պոլիտեխնիկի պատվավոր պրոֆեսորի կոչում շնորհվեց Ոստանիկ Մարուխյանին

Ս․թ․ նոյեմբերի 28-ի Գիտական խորհրդի նիստում, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի պատվավոր պրոֆեսորի կոչում շնորհվեց հանրապետության կրթական և պետական ոլորտների ճանաչված գործիչ, էներգետիկայի բնագավառի անվանի մասնագետ, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Ոստանիկ Զավենի Մարուխյանին:

Ընթացիկ հարցերի շրջանակում պրոռեկտոր Մ. Բաղդասարյանը զեկուցեց, որ նոյեմբերի 11-ին Էներգետիկայի և էլեկտրատեխնիկայի ինստիտուտի Գիտական խորհուրդը քննարկել է Ջերմաէներգետիկայի և շրջակա միջավայրի պաշտպանութուն ամբիոնի պրոֆեսոր Ոստանիկ Մարուխյանին համալսարանի պատվավոր պրոֆեսորի կոչում շնորհելու հարցը: Հաշվի առնելով նրա ավանդը Պոլիտեխնիկի և էներգետիկայի ոլորտի զարգացման գործում, առավել ակնհայտ գիտամանկավարժական գործունեությունը և համալսարանին մատուցած բացառիկ ծառայությունը, որոշում է ընդունվել երաշխավորել և ՀԱՊՀ Գիտական խորհրդի դիտարկմանը ներկայացնել պրոֆեսոր Ո. Մարուխյանին պատվավոր պրոֆեսոր շնորհելու հարցը:

Մ. Բաղդասարյանը Գիտխորհրդին ներկայացրեց պրոֆեսոր Ո. Մարուխյանի կենսագրական տվյալները, որոնք ներշնչում էին պատկառանք և ոգևորություն: Գիտխորհրդի անդամները միաձայն քվեարկությամբ հաստատեցին ՀԱՊՀ ռեկտոր, պրոֆեսոր Ո. Մարուխյանին պատվավոր պրոֆեսորի կոչման արժանացնելու որոշումը:

 

***

Ոստանիկ Մարուխյանի գիտակցական ողջ գործունեությունն անխզելիորեն կապված է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (նախկին Պոլիտեխնիկական ինստիտուտի) հետ, որտեղ ուսանողական նստարանից անմիջապես հետո անցնելով դասախոսական և ղեկավարի աշխատանքի բարեխիղճ ու երկարատև ճանապարհ` հասել է ռեկտորի պաշտոնին:

Ո. Զ. Մարուխյանը Հայաստանում բարձրագույն կրթության բարեփոխումների ակտիվ նախաձեռնողներից է: Լինելով ՀՊՃՀ ուսումնական աշխատանքների գծով երկարամյա պրոռեկտոր, այնուհետև` ռեկտոր, իր անմիջական ղեկավարությամբ ու մասնակցությամբ մշակել է ոլորտի նորմատիվ փաստաթղթերի փաթեթներ` ուղղված բարձրագույն մասնագիտական կրթության բազմաստիճան համակարգի ներդրման գործընթացի կազմակերպմանն ու կարգավորմանը:

Մարուխյան-մասնագետի անմիջական ջանքերով ՀՊՃՀ (Պոլիտեխնիկ)-ում ներդրվել է մասնագիտական նոր ուղղություն` «Շրջակա միջավայրի պաշտպանություն էներգետիկայի ճյուղում», և այսօր էներգետիկական ֆակուլտետում նրա կողմից ղեկավարվող կրթական երեք ծրագրերով (բակալավրատ, մագիստրատուրա, ասպիրանտուրա) իրականացվում են գիտակրթական գործառույթներ և պետբյուջետային ֆինանսավորմամբ գիտահետազոտական թեմաներ ու պայմանագրային աշխատանքներ: ԱՄՆ-ի էներգետիկայի դեպարտամենտի հետ Ո.Զ.Մարուխյանի նախաձեռնած համագործակցային փոխհարաբերությունները տվել են ցանկալի արդյունք. ամբիոնին կից, որը ղեկավարում է Ո. Մարուխյանը, ստեղծվել է Միջուկային անվտանգության տարածաշրջանային կենտրոնը, իսկ ներդրված արդիական սարքավորումներն ու գործիքամիջոցները էապես բարելավել են մի քանի մասնագիտությունների գծով ուսումնառության կազմակերպման գործընթացը, նպաստել գիտամեթոդական և հետազոտական մշակումների ընդլայնմանը:

Ընդգրկուն է Մարուխյանի գիտահետազոտական աշխատանքների ոլորտը, որը ներառում է ժամանակակից ՋԷԿ-երի և ԱԷԿ-ների շահագործման, աշխատանքային ռեժիմների օպտիմալացման, բնապահպանական տեսանկյունից դրանք հնարավորինս անվտանգ դարձնելու հիմնախնդիրների մի ամբողջ շարքացանկ: Այդ հետազոտություններն արտացոլված են Մարուխյանի շուրջ 115 գիտական աշխատություններում, ՀՀ Կրթության և գիտության նախարարության կողմից բուհական համակարգի համար երաշխավորված 3 դասագրքերում, 20-ից ավելի ուսումնական ձեռնարկներում (որոնց համար մեկ անգամ չէ, որ նա արժանացել է ՀՊՃՀ (Պոլտեխնիկ)-ի ամենամյա գիտական մրցույթների առաջին մրցանակին) և գիտամեթոդական ուղեցույցներում, ինչպես նաև հանրապետական ու արտասահմանյան տարաբնույթ համաժողովներում ունեցած զեկույցներում, պետբյուջետային և դրամաշնորհային աշխատանքների հաշվետվական նյութերում: Այդ աշխատանքների արդյունքները գործնական կիրառությունն են գտել և հաջողությամբ ներդրվել ՀՀ էներգահամակարգի ջերմային և ատոմային էլեկտրակայանների շահագործման գործընթացներում` նպաստելով էներգետիկական տեղակայանքների հիմնական և օժանդակ սարքավորումների արդյունավետության բարձրացմանը:

Հմուտ մանկավարժի գիտական մտահղացումներն իրենց շարունակությունն են գտնում և ամրագրվում նրա կողմից ղեկավարվող մեծ թվով թեկնածուական և մագիստրոսական ատենախոսություններում: Գիտական աստիճան ձեռք բերած նրա սաներն ու ասպիրանտները հանրապետությունում ճանաչված մասնագետներ են և զբաղեցնում են ղեկավար պաշտոններ ինչպես բուհական համակարգում, այնպես էլ էներգետիկայի բնագավառի ձեռնարկություններում:

Այսօր էլ Մարուխյանն իր գիտական ներուժը հաջողությամբ գործադրում է ՀՊՃՀ (Պոլիտեխնիկ)-ում գործող 038 մասնագիտական խորհրդում` որպես անդամ, Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունում` որպես փորձագետ, ՀՀ ինժեներական ակադեմիայի նախագահության կազմում` որպես անդամ:

Լինելով քաջահմուտ գիտական խմբագրման և հրատարակչական գործընթացներում` Ո.Մարուխյանն իր նպաստն է բերում նաև գիտական մի շարք հանդեսների խմբագրակազմերի աշխատանքին` որպես ՀՀ ԳԱԱ և ՀՊՃՀ (Պոլիտեխնիկ) համատեղ Տեղեկագրի «Տեխնիկական սերիա» ամսագրի, «Էկոնոմիկա» հանդեսի, ՀՊՃՀ (Պոլիտեխնիկ)-ի Լրաբեր և Բանբեր («Մոդելավորում, օպտիմալացում և կառավարում») գիտամեթոդական հոդվածների ժողովածուների խմբագրական կոլեգիաների անդամ: Ո. Մարուխյանը պետական և հասարակական-քաղաքական ճանաչված գործիչ է: Կառավարման ու օրենսդրական բնույթի հարցերի լուծմանը մասնակցություն ունենալու նրա կարողությունները և համակարգված մոտեցումները լավագույնս դրսևորվեցին 1999-ին պետական ծառայության մեջ` ՀՀ Կրթության և գիտության առաջին փոխնախարարի պաշտոնում և 2003-2004թթ. հասարակական-քաղաքակական ոլորտում, երբ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր էր: Որպես ԱԺ մշտական և եվրոպական կառույցներին ինտեգրվելու հարցերով ժամանակավոր հանձնաժողովների անդամ` Ո. Մարուխյանը հանդես է եկել օրենսդրական 20-ից ավելի նախաձեռնություններով, ակտիվորեն մասնակցել է ՀՀ Սահմանադրության բարեփոխումների նախագծի մշակմանը:

Ո. Մարուխյանի` գիտակրթական, ուսումնակազմակերպչական, պետականհասարակական ոլորտներում ունեցած պատկառելի վաստակը նշանավորված է «Անանիա Շիրակացի» մեդալով, ՀՀ Կրթության և գիտության նախարարության ոսկե հուշամեդալով, ՀՀ Ճարտարագիտական ակադեմիայի ոսկե և արծաթե մեդալներով, մի շարք պատվոգրերով և շնորհակալագրերով:

Կրթական-հասարակական ոլորտների բազմահմուտ գործիչը, իր բնագավառի ճանաչված գիտնականը և խորապես հայեցի նկարագրով օժտված մտավորականն այսօր էլ գիտամանկավարժական և կազմակերպչական ունակությունների բարձունքում է, անխոնջ եռանդով իր ավանդն է ներդնում Հայաստանում տեխնոլոգիական կրթության զարգացման գործին` ի շահ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի բարգավաճման:

Պոլիտեխնիական համալսարանի պրոֆեսորադասախոսական և ուսանողական համակազմը, աշխատակիցները շնորհավորում են Ոստանիկ Զավենի Մարուխյանին պատվավոր պրոֆեսորի կոչման արժանանալու կապակցությամբ, ցանկանում քաջառողջություն, երկարակեցություն և ստեղծագործական նորանոր հաջողություններ։

8112 | 011710041 | 010520345