Պոլիտեխնիկում բացվեց «Անգլերենի ակումբ»-ը

Պոլիտեխնիկում բացվեց «Անգլերենի ակումբ»-ը

Նոյեմբերի 21-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաներում (ANEL) տեղի ունեցավ «Անգլերենի ակումբ»-ի բացման արարողությունը:

Ներկա էին ՀԱՊՀ միջազգային համագործակցության և կրթական բարեփոխումների գծով պրոռեկտոր Ռ. Աղգաշյանը, ՀԱՃԼ համակարգող Ա. Մխիթարյանը,  Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ա. Սարիբեկյանը, հյուրեր, դասախոսներ և ուսանողներ:

«Անգլերենի ակումբ»-ը  հիմնվում է Բրիտանական խորհրդի  «Ստեղծարար միտք» նախագծի շրջանակներում և ուսանողների համար իրականացնելու է անգլերենի ուսուցման ծրագիր:

Ծրագիրն առաջարկվել է Բրիտանական խորհրդի կողմից: Հնգամյա ծրագիրը նպատակ ունի նպաստել ձեռնարկատիրական կրթության և ստեղծարար ոլորտի զարգացմանը մասնակից յոթ երկրներում, այդ թվում՝ Հայաստանում:

«Ակումբի աշխատանքներն ուղղված են լինելու ծրագրի մասնակիցների անգլերեն լեզվի հմտությունների բարելավմանը, ինտերակտիվ միջոցառումների միջոցով անգլերենի ուսուցմանը, որպեսզի ուսանողները կարողանան ստեղծագործել և զարգացնել իրենց բիզնեսը՝ աջակցելով ստեղծարար տնտեսությունների զարգացմանը», – նշում է Ա. Մխիթարյանը:

Հյուրերին և ներկաներին ողջունեց և սերտ համագործակցության համար համալսարանի ղեկավարության անունից շնորհակալություն հայտնեց պրոռեկտոր Ռ. Աղգաշյանը: Նա նշեց, որ Պոլիտեխնիկական համալսարանը տասնյակ տարիներ շարունակ միշտ բաց է եղել միջազգային համագործակցության ամենատարբեր ծրագրերի համար և միշտ աշխատել է այն միջազգային կազմակերպությունների հետ, որոնք ունեն իրենց գրասենյակները Հայաստանի Հանրապետությունում: Գաղտնիք չէ, որ Պոլիտեխնիկական համալսարանում կա ստեղծարար և ստեղծագործ մտքի մեծ պոտենցիալ, և դա է պատճառը, որ թե՛ Բրիտանական խորհուրդը և թե՛ Պոլիտեխնիկական համալսարանը մշտապես հանդես են գալիս նախաձեռնություններով, որոնք միտված են հենց այդ ոլորտի զարգացմանը, -նշեց Ռ. Աղգաշյանը:

Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ա. Սարիբեկյանը նույնպես հանդես եկավ ողջույնի խոսքով: Նա նշեց, որ Creative Spark-ը նոր ծրագիր է և մշակված է հենց մեր տարածաշրջանի երկրների համար: «Այսօր ստեղծարար ոլորտի զարգացումը Հայաստանում առաջնահերթ ուղղություններից մեկն է. Բոլորը մտածում են ստեղծարար մտքի  և ձեռնարկատիրական հմտությունների մասին:  Եվ այսօր բազմաթիվ  ծրագրեր են իրականացվում՝  ստեղծարար ոլորտի մասնագետների ձեռնարկատիրական հմտությունների զարգացմանը և ստեղծարար կենտրոնների բացմանը: Ես ուրախ եմ, որ արդեն 7 հայաստանյան բուհ ընդգրկված է այս ծրագրում:  Այս ծրագիրը յուրօրինակ է նրանով, որ ուղղված է  ստեղծարար ոլորտում երիտասարդ մասնագետների ձեռներեցության հմտությունների բարձրացմանը՝ բարձրագույն ուսումնական հաստատությունների կարողությունների բարձրացման միջոցով: Բուհերը հնարավորություն կունենան ուսումնասիրել ստեղծարար ձեռնարկատիրության դասավանման Մեծ Բրիտանիայի առաջատար փորձը և ստեղծվող կենտրոնների միջոցով այդ հմտությունները փոխանցել ոլորտի ուսանողներին ու երիտասարդ մասնագետներին», -նշեց Ա. Սարիբեկյանը:

Նշենք, որ դասընթացի տևողությունը՝ 20 շաբաթ է. շաբաթական երկու անգամ՝ 90 րոպե տևողությամբ դասընթաց, մինչև 20 ուսանողների համար:

«Ստեղծարար Միտքը» (Creative Spark) հնգամյա նախաձեռնություն է, որը նպատակ ունի նպաստել ստեղծարար ձեռնարկատիրական կրթության զարգացմանը՝ աջակցելով այս ոլորտում Միացյալ Թագավորության և ծրագրի մասնակից յոթ երկրների, ներառյալ Հայաստանի ուսումնական հաստատությունների միջև միջազգային համագործակցության ձևավորմանը: Ծրագիրն իրականացվում է Բրիտանական խորհրդի կողմից Կենտրոնական Ասիայում (Ղազախստան, Ուզբեկստան, Ղրղըզստան), Հարավային Կովկասում (Ադրբեջան, Հայաստան և Վրաստան) և Ուկրաինայում:

010 52 03 45