Պոլիտեխնիկում կայացավ ուսանողական ֆորում

Պոլիտեխնիկում կայացավ ուսանողական ֆորում

ՀԱՊՀ տարեկան գիտաժողովի 3-րդ օրը՝ նոյեմբերի 20-ին, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական  համալսարանի,  Անօդաչու թռչող սարքերի ուսումնագիտական կենտրոնում տեղի ունեցավ  ուսանողական ֆորում՝ ՀԱՃԼ համակարգող Ա. Մխիթարյանի նախագահությամբ:

Ֆորումին մասնակցում էին ՀԱՊՀ Գիտության և գիտատեխնոլոգիական համագործակցության գծով պրոռեկտոր Ա. Գրիգորյանը,  Անօդաչու թռչող սարքերի ուսումնագիտական կենտրոնի  գիտական ղեկավար  Օ. Գասպարյանը, Միջազգային համագործակցության և դրամաշնորհային ծրագրերի վարչության պետ Մ. Մանգասարովան,  պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ուսանողներ, ինչպես նաև ներկայացուցիչներ ՀԱՊՀ գործընկեր Տամբովի պետական տեխնիկական համալսարանից:

Միջոցառման սկզբում ողջույնի և բացման խոսքով հանդես եկավ Ա. Մխիթարյանը` նշելով, որ նմանօրինակ միջոցառումները  մասնագիտական քննարկման հարթակ են ստեղծում երիտասարդ գիտնականների համար և լավ հնարավորություն են  համապատասխան ունակություններ և հմտություններ ձևավորելու, գիտական թեզեր պատրաստելու և ելույթներ ունենալու համար։

Ա. Մխիթարյանը  հիշեցրեց ելույթներ ունենալու կարգը և նշեց, որ բոլոր զեկուցումների վերջում մասնակիցները հնարավորություն ունեն հարցերի միջոցով ստանալ իրենց հուզող խնդիրների պատասխանները:

Նախքան զեկուցումների սկսվելը Անօդաչու թռչող սարքերի ուսումնագիտական կենտրոնի  գիտական ղեկավար  Օ. Գասպարյանը պատմեց կենտրոնի գործունեության մասին: Նշեց, որ  կենտրոնը կոչված է բարելավելու ինժեներական կրթության կազմակերպման որակը, նպաստելու համալսարանում հեռանկարային և երկրի պաշտպանունակության ամրապնդմանը միտված մասնագիտական ուղղությունների ներդրմանն ու զարգացմանը, ինչպես նաև աջակցելու տարբեր բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների և երիտասարդ գիտնականների կողմից արդիական ուսումնահետազոտական ծրագրերի իրականացմանը: Օ․ Գասպարյանը հյուրերին ներկայացրեց կենտրոնում առկա շարժումը գրանցող սարքավորումները և համապատասխան ծրագրային ապահովումը մշակող անգլիական «Վիկոն» ընկերության համապատասխան համակարգը: Նշենք, որ Տամբովի պետական տեխնիկական համալսարանից ժամանած  հյուրերը տպավորված էին և հետաքրքրված:

Ֆորումին ներկայացվեց 8 ելույթ՝ հետևյալ թեմաներով.

«Ճարտարագիտական համակարգերի և ցանցերի էներգետիկական արդյունավետության բարձրացումը» ՝ ուս. Բակլիկով Գ.Ա. (ՏՊՏՀ, ՌԴ),

«Դիսպերս կարմիր պոլիեթերային ներկի արտադրության տեխնի­կա­կան սխեման»՝  ուս. Պուդովկին Ա.Պ. (ՏՊՏՀ, ՌԴ)

«Տնտեսական անվտանգությունը ազգային անվտանգության համա­կարգում»՝  ուս. Շապկին Մ.Ա. (ՏՊՏՀ, ՌԴ) և ուս. Բոնդարսկայա Տ.Ա. (ՏՊՏՀ, ՌԴ),

«Կորպորատիվ կրթությունը ռեգիոնի տնտեսական անվտանգության համակարգում»՝ ուս. Բալիբին Ա.Է. (ՏՊՏՀ, ՌԴ) և ուս. Բոնդարսկայա Օ.Վ. (ՏՊՏՀ, ՌԴ),

«ՋԷԿ-երի ծխագազերի խորը հովացման արդյունավետության գնահատումը»՝ տ.գ.թ., դոց. Մ. Ղազարյան, մագ. Ա. Ադյան,

«Շենքերի էներգաարդյունավետության բարձրացման համատեղ մի­ջո­ցառումների ընտրությունը»՝  տ.գ.թ., ասիստ. Ռ. Խաչատրյան, մագ. Վ. Արսենյան,

«էներգիայի վերականգնվող աղբյուրների հիման վրա ինքնավար հիբրիդ էներգետիկական համակարգեր»՝ բակ. Ռ. Ավոյան,

«Օդերևութաբանական պայմանների ազդեցությունը արևային ֆոտոէլեմենտների արդյունավետության վրա»՝  մագ. Մ. Մարտիրոսյան:

Նշենք, որ բոլոր թեմաները լսվեցին մեծ հետաքրքրությամբ, ինչը վկայում է այն մասին, որ նման ֆորումների անցկացումը և´ բակալավրիատի, և´ մագիստրատուրայի ուսանողների համար կարևոր է, քանի որ դրանք օգնում են հետագայում գիտահետազոտական աշխատանքներ կատարել, նպաստում են, որ բուհի շրջանավարտները դառնան ստեղծագործող ճարտարագետներ:

8112 | 011710041 | 010520345