Պոլիտեխնիկի Գյումրու մասնաճյուղը տոնում է հիմնադրման 60-ամյա հոբելյանը

Պոլիտեխնիկի Գյումրու մասնաճյուղը տոնում է հիմնադրման 60-ամյա հոբելյանը

Նոյեմբերի 16-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գյումրու մասնաճյուղը նշեց հիմնադրման 60-ամյակը։ Մասնաճյուղի գործունեության 60-ամյակին նվիրված միջոցառմանը մասնակցեցին Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, ՀԱՊՀ ռեկտոր, պրոֆեսոր Ոստանիկ Մարուխյանը, ակադեմիկոս Յուրի Սարգսյանը, դասախոսներ, շրջանակավարտներ, ուսանողներ և մտավորականներ։

Բացման և շնորհավորանքի խոսքով հանդես եկավ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Ո․ Մարուխյանը։ «Անցյալ դարի  50-ական թվականներին, երբ աննախընթաց վերելք էին ապրում մեր երկրի արդյունաբերական ձեռնարկու­թյուն­ները, արա­գորեն զարգա­նում էին գի­տահետազոտական ինստիտուտները, պահանջ էր առա­ջացել՝ դարձնել հան­րա­պետության քա­ղաքները ինժենե­րատեխնիկական մտքի զարգացման կենտրոններ, տարածա­շրջանում կազմակերպել բարձ­րագույն կրթության օջախներ՝ արդյու­նաբերության և գի­տա­տեխնիկական հիմնա­խնդիր­ների լուծման նպատակով»,- ողջույնի խոսքում ասաց Ո․Մարուխյանը։ Ռեկտորը նշեց, որ 1988-ի աղետալի երկրաշարժը, ավերելով հանրապետության առաջնակարգ նշանակության քա­ղաքները, փլուզեց նաև մասնաճյուղի գլխավոր մասնաշենքը՝ պատճառելով անդառնալի մարդկային կորուստներ։ «Չկորցնելով տոկունությունն ու արիությունը՝ մասնաճյուղն ուսումնական գործընթացը վերսկսեց վրանային պայմաններում։ Չուշացավ նաև պոլիտեխ­նիկական մայր բուհի հոգածու ձեռքը․ ուսումնական գործընթացը շարունակվեց Երևանյան կրթահամալիրի 9-րդ մասնաշենքում։ Պոլիտեխնիկական հավաքական ու բռունցքված կամքի շնորհիվ մասնաճյուղն աստիճանաբար վերագտավ իրեն, վերստին հաստատեց իր առաջան­ցիկ դերը տարածաշրջանի բարձրագույն կրթության և գիտատեխնի­կական առաջընթացի մեջ»,-ասաց ռեկտորը։ Ո․Մարուխյանը, շնորհավորելով մասնաճյուղի ողջ անձնակազմին 60-ամյա հասունության օրվա առթիվ,  Երևանյան կրթահամալիրի բարեմաղթանքի խոսքը հղեց մասնաճյուղի գործընկերներին՝ այսուհետև ևս  տոկունությամբ հաղթահարելու բոլոր դժվարությունները, շարունակելու երթը պոլիտեխնիկական մեծ ընտանիքի կազմում։

Մասնաճյուղի հիմնադրման 60-ամյա հոբելյանի առթիվ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Ռեկտորատի որոշմամբ պարգևներ հանձնվեցին մասնաճյուղի պրոֆեսորադասախոսական և ուսանողական համակազմի ներկայացուցիչներին։ Երևանյան կրթահամալիրի կողմից 5000000 ՀՀ դրամ նվիրաբերվեց մասնաճյուղին՝ կաթսայատան վերազինման նպատակով։

Շնորհավորելով ՀԱՊՀ Գյումրու մասնաճյուղի պրոֆեսորադասախոսական կազմին, ուսանողներին, շրջանավարտներին ու ներկաներին՝ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը նշեց, որ Պոլիտեխնիկական համալսարանը համարում է իր սրտին շատ մոտ կրթական հաստատություն, որտեղ նաև պատիվ է ունեցել սովորելու և աշխատելու․ «Իմ սրտի համար այնքան հարազատ Պոլիտեխնիկական համալսարանի Գյումրու մասնաճյուղը այսօր տոնում է գործունեության 60-ամյա հոբելյանը։ 60 տարիներից 23-ը ես պատիվ եմ ունեցել անցնելու ձեզ հետ՝ սկզբում որպես ուսանող, այնուհետև նաև՝ աշխատակից։ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը այս տասնամյակները պատվով է անցել՝ խորհրդային տարիներին տալով հազարավոր հաջողված պատմություններ, այժմ էլ ապացուցում է իր կենսունակությունը բազմաթիվ հաջողված ձեռնարկներով։ Վստահ եմ, որ Պոլիտեխնիկը դառնալու է ոչ միայն Շիրակի մարզի, այլև Հայաստանի հյուսիսի տեխնոլոգիական առաջընթացի լոկոմոտիվը»։

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը գիտության և տեխնիկայի զարգացման գործում ներդրած մեծ ավանդի, հարուստ փորձն ու գիտելիքները երիտասարդ ճարտարագետներին փոխանցելու և ՀԱՊՀ-ի Գյումրու մասնաճյուղի հիմնադրման 60-ամյակի առթիվ պատվոգրերով պարգևատրեց համալսարանի մի շարք դասախոսների։

Պատվոգրեր, մեդալներ, վաստակագրեր ու նվերներ հանձնվեցին նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի, Գյումրու քաղաքապետի անունից։