«Գիտության ուժը» նոր հեռուստանախագիծը անդրադարձել է Պոլիտեխնիկական համալսարանին

«Գիտության ուժը» նոր հեռուստանախագիծը անդրադարձել է Պոլիտեխնիկական համալսարանին

Նոյեմբերի 18-ից մեկնարկում է «Գիտության ուժը» նոր հեռուստանախագիծը։ «Գիտության ուժը» նոր շարժում է, որը բացահայտելու է Հայաստանի գիտական ներուժն ու 21-րդ դարի հերոսներին` գիտնականներին:

Բեկումնային հետազոտությունների, գիտական բացահայտումների և տեխնոլոգիայի զարգացման մասին է խոսվելու այդ ամենի հեղինակների հետ:

Նախագիծը անդրադարձել է նաև Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում ձևավորված գիտական կյանքին։ «Գիտության ուժի» հաղորդումներից երկուսը կպատմեն Պոլիտեխնիկական համալսարանում ստեղծված գիտության և նրա ազդեցության ուժի մասին։ Առաջիկա հաղորդումներից մեկում իրենց «ֆրոնտալ պոլիմերիզացիա» տեսության մասին կխոսեն ՀՀ նախագահի մրցանակի դափնեկիրներ «Պոլիմերային պրոցեսների մակրոկինետիկա» բազային գիտահետազոտական լաբորատորիայի ղեկավար Անահիտ Տոնոյանը և Պոլիտեխնիկական համալսարանի «Քիմիական տեխնոլոգիաներ և պոլիմերային նանոկոմպոզիտներ» բազային գիտահետազոտական լաբորատորիայի ղեկավար Սևան Դավթյանը։ Արևային էներգետիկայի, նրա ապագայի, ինչպես նաև կիսահաղորդիչների մակերևութային վիճակների տեսության մասին կխոսի ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, Պոլիտեխնիկական համալսարանի «Հելիոտեխնիկա» բազային գիտահետազոտական լաբորատորիայի ղեկավար, պրոֆեսոր Ժոզեֆ Փանոսյանը։

«Գիտության ուժը» նոր հեռուստանախագիծը բացահայտում է նաև կյանքում գիտության կիրառելությունը և նրա պրակտիկ նշանակությունը։ Եվ եթե մինչև այժմ գիտությունը կարծես հասարակության որոշ խավերի համար էր միայն հասկանալի, այժմ այն ընդլայնում է իր ոլորտը՝ դառնալով բոլորիս համար ընկալելի և մատչելի։

«Գիտության ուժի» առաջին թողարկումը նոյեմբերի 18-ին է, ժամը 17:30-ին: Ճանաչողական շարքը եթերում կլինի յուրաքանչյուր երկուշաբթի։