Պոլիտեխնիկում կայացավ Առաջին հայկական նամականիշի 100 – ամյակին նվիրված ազգային ֆիլատելիստական ցուցահանդեսը

Պոլիտեխնիկում կայացավ Առաջին հայկական նամականիշի 100 – ամյակին նվիրված ազգային ֆիլատելիստական ցուցահանդեսը

Նոյեմբերի 11-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի 2-րդ մասնաշենքի Մեծ դահլիճի ճեմասրահում բացվեց  Առաջին հայկական նամականիշի 100 – ամյակին նվիրված ազգային ֆիլատելիստական ցուցահանդես: Ցուցահանդեսը կազմակերպվել էր Հայաստանի ֆիլատելիստների միության կողմից՝ նախագահ Հ. Մուսայելյանի գլխավորությամբ: Մասնակցում էին ՀԱՊՀ Խորհրդի նախագահ, Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյաը, ՀԱՊՀ ռեկտոր Ո. Մարուխյանը, «Վիվա Սել» ընկերության տնօրեն Ռ. Յիրիկյանը, «Յունիքոմփ» ՓԲԸ նախագահ Արմեն Բալդրյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության փոխնախարար Ա. Աբրոյանը, «Հայփոստ» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրեն Հ. Ավագյանը և այլք:

Ցուցահանդեսի տնօրենն է ՀԱՊՀ Ջերմաէներգետիկայի և շրջակա միջավայրի պաշտպանության ամբիոնի դոցենտ, ֆիլատելիստ Ս. Ներսիսյանը: Հովանավորներն են՝ «Յունիքոմփ» փակ բաժնետիրական ընկերությունը, ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարությունը, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը, ՏՀՏ գործատուների միությունը, «Հայփոստ» ՓԲԸ-ն և այլն:

Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հ. Մուսայելյանը ցուցահանդեսի բացման առթիվ շնորհավորեց բոլորին և նշեց, որ այն շատ կարևոր է Հայաստանում ֆիլատելիայի զարգացման և իրազեկման առումով: «Հայկական ֆիլատելիան մեկդարյա պատմություն ունի: Այս տարիների ընթացքում մեր ֆիլատելիստներից շատերը մրցանակների և մեդալների են արժանացել՝ բազմաթիվ միջազգային ցուցահանդեսներում բարձր պահելով ազգային ֆիլատելիայի հեղինակությունը»,-նշեց նա: Հ. Մուսայելյանը առանձնակի կարևորեց ցուցահանդեսի նշանակությունը մանկապատանեկան ֆիլատելիայի զարգացման առումով և շնորհակալություն հայտնեց ցուցահանդեսի կյանքի կոչվելուն աջակցած բոլոր կազմակերպություններին և հովանավորներին:

Ցուցահանդեսի շրջանակներում  «Հայփոստ» ՓԲ ընկերության կողմից մարվեց և շրջանառության մեջ դրվեց մեկ նամականիշ՝ նվիրված «Հայոց պատմություն, Հայաստանի առաջին նամականիշի 100-ամյակ» թեմային: 230 ՀՀ  դրամ անվանական արժեքով նամականիշը տպագրված է Ֆրանսիայի «Կարտոր» տպագրատանը՝ 40 000 տպաքանակով: Նամականիշի դիզայնի հեղինակն է «Հայփոստ» ՓԲ ընկերության դիզայներ Դավիթ Դովլաթյանը: Նամականիշի վրա պատկերված է Ցարական Ռուսաստանի 1 կոպեկ անվանագնով նույնատիպ նամականիշը, որը 1919 թվականին Հայաստանի Առաջին Հանրապետության համար ծառայել է որպես առաջին նամականիշ: Նամականիշի վրա նաև պատկերված է այդ տարիներին օգտագործվող կնիքը, ինչպես նաև «Հայաստանի առաջին նամականիշ» և «100-ամյակ» գրառումները՝ հայերեն և անգլերեն լեզուներով:

Նամականիշի մարումը իրականացրեցին ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության փոխնախարար Ա. Աբրոյանը, «Հայփոստ» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրեն Հ. Ավագյանը և Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հ. Մուսայելյանը:

Ցուցահանդեսի տնօրեն Ս. Ներսիսյանը, ով Ֆիլատլիստական միության անդամ է 1966 թվականից, նշեց, որ  ցուցահանդեսին ներկայացված են շատ կարևոր ցուցանմուշներ: Նա շեշտեց, որ նամականիշներն ինքնին պատմություն են, ազգային մեծ արժեք, և պետք է լավ ավանդույթները շարունակել: