Պոլիտեխնիկում ներկայացվեց Հեռավար ուսուցման առցանց համակարգը

Պոլիտեխնիկում ներկայացվեց Հեռավար ուսուցման առցանց համակարգը

Մեր ժամանակներում պետության հզորացման կարևորագույն չափանիշներից մեկը առաջատար տեխնոլոգիաներին տիրապետելն է: Պատմությունն էլ իր հերթին սովորեցնում է, որ ազգի գոյատևման հզորագույն զենքը լեզուն է: Հնարավոր է արդյո՞ք համատեղել հզորության այդ երկու հիմնաքարերը՝ լեզուն և համակարգիչը: Պոլիտեխնիկական համալսարանում համոզված ասում են` այո, և այդ համատեղումն իրականացվում է հենց Պոլիտեխնիկում:  Հեղինակը Մեքենայական թարգմանության քոմփյութերային համակարգերի հայերենացման բազային գիտահետազոտական լաբորատորիայի վարիչ, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդուարդ Մանուկյանն ու իր թիմը: Նոյեմբերի 8-ին Գիտական խորհրդի նիստերի դահլիճում ներկայացվեց Հեռավար ուսուցման առցանց համակարգը:

Ներկա էին ՀԱՊՀ ռեկտորի տեղակալ Գոռ Վարդանյանը, ինստիտուտների տնօրեններ, դեկաններ, ուսանողներ և դասախոսներ:

Ներկայացնելով համակարգը, Գ. Վարդանյանը նշեց. որ «Հեռավար ուսուցման առցանց համակարգը հեռավար ուսուցանվողին հնարավորություն է ընձեռում ստանալ բացատրություն ուսումնական նյութերում եղած ցանկացած բառերի և տերմինների մասին՝ առանց դասախոսի միջամտության: Այս բացատրությունները ստացվում են համակարգի կենտրոնական գիտելիքների շտեմարանից: Ներկայումս այս համակարգը գործում է ՀԱՊՀ-ում, որը պարունակում է 4500 էջ (isma.polytechnic.am հասցեով) դասախոսությունների նյութեր», – նշեց Գ. Վարդանյանը:

Հեռավար ուսուցման առցանց համակարգը ըստ էության  արհեստական բանականության դասական օրինակ է: Դիմացինի խոսքն ըմբռնելու տեսակետից կարելի է պնդել, որ բանականությունը գործում է երկու  մակարդակում՝ խոսքը հասկանալը և որոշում կայացնելը: Համակարգը կատարում է այս երկուսը՝ խոսքի իմաստն ըմբռնելուց հետո, ըստ պրոֆ. Էդ. Մանուկյանի, այդ իմաստն այս կամ այն լեզվով արտահայտելը զուտ տեխնիկական խնդիր է: Իսկ ինչպե՞ս ստիպել համակարգչին, որ ըմբռնի խոսքի իմաստը: Դրա համար էլ ստեղծված է գիտելիքների մի հսկա բազա: Սա ոչ թե ուղղակի տվյալների բազա է, այլ ավելին՝ գիտելիքների բազա: Այլ կերպ ասած, Պոլիտեխնիկի Մեքենայական թարգմանության քոմփյութերային համակարգերի հայերենացման բազային գիտահետազոտական լաբորատորիայում զբաղված են համակարգչին «գիտելիներ հաղորդելով»: Սա է աշխատանքի հիմնական բաժինը: Ըմբռնելով խոսքի իմաստը, օգտվելով գիտելիքների բազայի բարդ կապերից, օգտագործելով լեզվական օրենքներն ու օրինաչափությունները՝ համակարգիչը մեզ է «մատուցում» խոսքի բառային արտահայտությունը համապատասխան լեզվով: Համոզվելու համար կարելի է այցելել isma.polytechnic.am:

Նշենք, որ Պոլիտեխնիկի Հեռավար ուսուցման առցանց համակարգը միակն է Հայաստանում:  Էդ. Մանուկյանը այս համակարգի վրա աշխատում է 2000 թվականից ի վեր և այսօր էլ պնդում է, որ լեզվի պահպանման խնդիրը պակաս կարևոր չէ, քան սահմանների պահպանման խնդիրը:

Հեռավար ուսուցման առցանց համակարգը, Էդ. Մանուկյանի համոզմամբ կարող է ծառայել միանգամից մի քանի նպատակների. այն ներառում է  հայերեն-անգլերեն իմաստային թարգմանիչ, հայերեն նախադասության շարահյուսական վերլուծիչ, գրադարանային համակարգ՝ ավտոմատ տրվող բացատրություններով, բազմալեզու բառարան, հայերեն տեքստերի տառասխալների ուղղիչ, ամպային տեխնոլոգիայով աշխատող ռոբոտատեխնիկական համակարգ:

Ընդհանուր առմամբ համակարգը պարունակում է 110 300 կոնցեպտ: Կոնցեպտը (հասկացույթը) բառարանի շտեմարանի բաղադրիչ միավորն է,որը մարդկային մտածողության միավորն է՝ անկախ ազգային պատկանելությունից:

ԻՍՄԱ բառարանում առկա լեզուների ցանկը հասնում է 14-ի՝ հայերեն (արևէլահայերեն, արևմտահայերեն, գրաբար, համշենի բարբառ) անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, ռուսերեն, թուրքերեն, քրդերեն, լատիներեն և այլն: