Պոլիտեխնիկի Ռեկտորատի նիստում

Պոլիտեխնիկի Ռեկտորատի նիստում

Հոկտեմբերի 29-ի ՀԱՊՀ ռեկտորատի նիստը սկսվեց մեծարման հերթական հաճելի արարողությամբ: ՀԱՊՀ ռեկտոր, պրոֆեսոր Ոստանիկ Մարուխյանը բուհական համակարգում եզակի կառույցի՝ ՀԱՊՀ մանկապարտեզի հիմնադիր – տնօրեն Նարինե Բախչինյանին մատաղ սերնդի կրթության ու դաստիարակության գործում ունեցած մեծ ավանդի ու երկարամյա նվիրված աշխատանքի համար պարգևատրեց ՀԱՊՀ Ոսկե հուշամեդալով: Ռեկտորը  մաղթեց ամենայն բարիք, հաջողություններ և հույս հայտնեց, որ այսուհետ ևս Ն. Բախչինյանը կաշխատի նույնքան նվիրումով և պատասխանատվությամբ: Շնորհակալություն հայտնելով բարձր պարգևի համար, Ն. Բախչինյանը  նշեց, որ երկար տարիներ իր աշխատանքը ուղղված է եղել մատաղ սերնդի կրթությանն ու դաստիարակությանը և որի համար ինքը մշտապես արժանացել է գովեստի ՀԱՊՀ ղեկավարության կողմից:

Օգտագործելով առիթը նշենք, որ Ն. Բախչինյանը իրեն բնորոշ աշխատասիրությամբ կարողանում է վաղ տարիքից երեխաների մեջ սեր սերմանել դեպի ընտանիքը, հայրենիքը, ինչպես նաև սեր՝ ազգային ավանդույթների և մշակույթի նկատմամբ: Երեխաների առօրյան անցնում է հագեցած և ուրախ: Պոլիտեխնիկի մանկապարտեզում մշտապես նշվում են պետական և ազգային տոները:

Ապա ռեկտոր Ո. Մարուխյանը Պոլիտեխնիկի 30 ուսանողների  հանձնեց 2019-2020 ուստարվա Հարություն Գելեջյանի անվան կրթաթոշակները: Ռեկտորը կարևորեց կրթաթոշակների հանձնման փաստը՝ նշելով, որ Պոլիտեխնիկը տեղ ունի հպարտանալու իր նվիրյալներով։ Ի շահ ուսանողի և ի նպաստ ուսումնական գործընթացի բարելավման՝ արդեն չորրորդ անգամ Պոլիտեխնիկի գերազանց առաջադիմությամբ 30 ուսանող ստացավ Հարություն Գելեջյանի անվան կրթաթոշակ: 2016թ. թվականի հուլիսի 4-ին որոշվեց Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում սովորողների ինտելեկտուալ ներուժի զարգացման, խթանման, հասարակական և ուսումնագիտական գործունեության նկատմամբ հետաքրքրության բարձրացման նպատակով սահմանել Պոլիտեխնիկի բարերար Հարություն Գելեջյանի անվան կրթաթոշակ, որի աղբյուրն են հանդիսանում Հ. Գելեջյանի կողմից ՀԱՊՀ-ին նվիրաբերված 100000 ԱՄՆ դոլար գումարի՝ ՀՀ բանկային համակարգում ավանդագրված տոկոսները: Բարերարի ցանկությամբ կրթաթոշակ կարող են ստանալ նաև Վանաձորի մասնաճյուղի՝ «Մեքենաշինություն և նյութերի մշակում» մասնագիտությամբ բակալավրի, մագիստրոսի առկա ուսուցման կրթական ծրագրերով սովորող ուսանողները: Այնուհետև Ռեկտորատը շարունակեց աշխատանքը: