Պոլիտեխնիկում անցկացվեց Ատոմային տեխնոլոգիաների օրը՝ ուսանողների և աշակերտների համար

Պոլիտեխնիկում անցկացվեց Ատոմային տեխնոլոգիաների օրը՝ ուսանողների և աշակերտների համար

Ս.թ. հոկտեմբերի 25-ին ատոմային էներգետիկայի համար կադրերի պատրաստման ոլորտում Հայաստանի և Ռուսաստանի երկկողմ համագործակցության շրջանակում Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում ուսանողների և բարձր դասարանների աշակերտների համար անցկացվեց Ատոմային տեխնոլոգիաների օր կրթական-ժամանցային միջոցառումը։ Կազմակերպիչներն են Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը և «Ռոսատոմ» պետկորպորացիան՝ Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի տան աջակցությամբ։ Ատոմային տեխնոլոգիաների օրվա հիմնական նպատակն է երիտասարդների շրջանում տեխնիկական կրթության հանրայնացումը։ Միջոցառումը համախմբել էր համալսարանի տարբեր մասնագիտացումների և մասնագիտությունների մեջ հմտացող ուսանողներին և աշակերտներին:

Միջոցառմանը մասնակցում էին  Պոլիտեխնիկական համալսարանի ղեկավարությունը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարությունների, Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան, Հայկական ԱԷԿ-ի ներկայացուցիչներ, Պոլիտեխնիկի ուսանողներ, ինչպես նաև միջազգային ոլորտային փորձագետներ և դասախոսներ։

Միջոցառման պաշտոնական բացմանը ողջույնի խոսքով հանդես եկավ Միջազգային համագործակցության և կրթական բարեփոխումների գծով պրոռեկտոր Ռ. Աղգաշյանը: Բարի գալուստ մաղթելով ներկաներին՝ Ռ. Աղգաշյանը նշեց, որ նմանատիպ գիտափառատոները Պոլիտեխնիկական համալսարանի համար ավանդույթ են դարձել, մասնավորապես «Ռոսատոմի» և ՄԻՖԻ-ի հետ անցկացվող միջոցառումները պարբերական բնույթ են կրում արդեն: Ռ. Աղգաշյանի խոսքով՝ այսօրինակ միջոցառումների անցկացումը բարձրացնում է երիտասարդների հետաքրքրությունը տեխնիկական մասնագիտությունների նկատմամբ: – Այսօր միջուկային տեխնոլոգիաները դինամիկորեն աճում են ու յուրաքանչյուր տարի ավելի պահանջված են դառնում։ Եվ դա, ոչ միայն էներգետիկ բնագավառում, այլև բժշկության, արդյունաբերության, գյուղատնտեսության մեջ, ՏՏ ոլորտում, որոնցում կիրառվում են ժամանակակից գերհզոր համակարգիչների մշակման, յուրահատուկ հատկություններով նոր նյութերի ստեղծման մեջ,- նշեց պրոռեկտոր Ռ. Աղգաշյանը։

Ատոմային տեխնոլոգիաների օրը հնարավորություն կտա մասնագիտական ուղղվածություն ունեցող ուսանողներին ու բարձր դասարանների աշակերտներին ընդլայնել գիտության ու ժամանակակից տեխնոլոգիաների մասին իրենց պատկերացումները։ Այս տարի կկազմակերպվի կրթական-ժամանցային հարթակ, որտեղ մասնակիցները կկարողանան ներգրավվել ինտելեկտուալ մրցույթներում՝ կապված ատոմային բնագավառի և գիտության հետ, ստուգել սեփական գիտելիքներն ու կազմել գիտական հայտնագործությունների ժամանակագրությունը։ Ատոմակայանի լրացված իրականության և 3D մակետի օգնությամբ հնարավոր կլինի տեսնել անվտանգության բոլոր համակարգերն ու դրանց արձագանքը՝ արտաքին ու ներքին միջավայրի փոփոխություններին։

Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան ներկայացուցիչ Վյաչեսլավ Պրոշկինը ընդգծեց, որ Հայաստանն ու Ռուսաստանը սերտ փոխգործակցում են ատոմային էներգետիկայի ոլորտում կադրերի պատրաստման հարցում։ Հայկական ԱԷԿ-ի արդիականացման և շահագործման ժամկետների երկարաձգման ու ատոմային էներգետիկայի զարգացման կապակցությամբ, մոտ ապագայում Հայաստանին անհրաժեշտ են բարձրակարգ երիտասարդ մասնագետներ, որոնք ի զորու կլինեն ապահովել ատոմային օբյեկտների շահագործումը՝ պահպանելով միջուկային ու ճառագայթային անվտանգության միջազգային բոլոր պահանջները։

Ատոմային տեխնոլոգիաների օր միջոցառման շրջանակում հանդես եկան նաև բանախոսներ՝ աշխարհում միջուկային տեխնոլոգիաների զարգացման մասին դասախոսություններով և այն մասին, թե ինչպես կարող է միջուկային էներգիան նպաստել գլոբալ տաքացման դեմ պայքարին։ Փորձագետները պատմեցին Հայկական ԱԷԿ-ի աշխատանքի և զարգացման մասին։  Դասախոսությունների ժամանակ Հայաստանի, Ռուսաստանի և Բելառուսի փորձագետներն ընդգծեցին, որ միջուկային տեխնոլոգիաներն այսօր օգտագործվում են ոչ միայն էներգետիկայում, այլև բժշկության, արդյունաբերության, գյուղատնտեսության մեջ, ինչպես նաև այլ ոլորտներում՝ բարելավելով մարդկանց կյանքի որակը: Ատոմային տեխնոլոգիաների շնորհիվ կարելի է մաքրել ջուրը, ախտահանել բժշկական գործիքներն ու սարքավորումները, ավելացնել բերքատվությունը, երկարաձգել մթերքների պահպանման ժամկետները, կատարելագործել ուռուցքաբանական, սրտային ու նյարդային հիվանդությունների ախտորոշումն ու բուժումը:

Զեկույցների ընթացքում ուսանողները հանդես էին գալիս առաջարկներով ու մի շարք հարցադրումներով: Լսարանը ուշադրությամբ ունկնդրում էր յուրաքանչյուր խոսնակի ելույթը, որը շարունակվում էր քննարկումներով ու ինտերակտիվ զրույցներով տվյալ թեմայի շրջանակներում: Միջոցառման վերջում ամենաակտիվ մասնակիցներին տրվեցին մրցանակներ։