Հայտնի է Digital UAV Forum-ի հեքըթոնի հաղթող թիմերի անունները

Հայտնի է Digital UAV Forum-ի հեքըթոնի հաղթող թիմերի անունները

Ս. թ. հոկտեմբերի 17-ին՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում մեկնարկած «Անօդաչու թռչող սարքերի, Digital UAV Forum 2019» խորագիրը կրող միջազգային ֆորումի երկրորդ օրվա ավարտին մրցանակներ տրվեցին Digital UAV Forum-ի հեքըթոնի հաղթող թիմերին:

«Digital UAV Forum 2019»-ի շրջանակում տեղի ունեցած հեքըթոնի արդյունքում ժյուրիի կողմից լավագույնը ճանաչված երեք թիմերը ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից պարգեւատրվել են դրամական մրցանակներով: Առաջին տեղը զբաղեցրած «Իմպրովիզ» թիմը ստացել է 1 000 000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ, երկրորդ տեղին արժանացած «Ալֆա & Օմեգա» թիմը՝ 700 000 (յոթ հարյուր հազար) ՀՀ դրամ, իսկ երրորդ տեղին արժանացած «ThreeSmart» թիմը՝ 500 000 (հինգ հարյուր) ՀՀ դրամ:

Մրցանակները հանձնել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Անցումը դեպի թվային աշխարհ կատարվում է սրընթաց արագությամբ: Ամեն մի նոր օր փոփոխությունների տեմպն ավելի ու ավելի է արագացնում: Ազգերն ունեն երկու ճանապարհ: Կամ կանգնում են փոփոխությունների առաջնագծում ու դառնում այն քչերից, ովքեր ակտիվորեն առաջնորդում են գործընթացը, զոհաբերելով ժամանակ ու ռեսուրսներ, տքնելով, ձախողելով, սովորելով ու ստեղծագործելով, կամ՝ ոչինչ չեն անում, դուրս են մնում համաշխարհային պրոցեսից ու դառնում առաջընթացի պտուղների պասիվ սպառող՝ ստանալով փշուրներ: Մենք այլընտրանք չունենք. պետք է դառնանք համաշխարհային միտումների ակտիվ կենտրոններից մեկը: Մենք ունենք դրա նախադրյալները: Որպես տեղեկատվական ու հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտի առաջատար՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը տարիներ շարունակ աջակցում է հայ երիտասարդության նախաձեռնություններին: Շնորհավորում եմ այս հետաքրքիր միջոցառման բոլոր մասնակիցներին ու հաղթողներին»,- ասել է Ռալֆ Յիրիկյանը:

Ֆորումն իրականացվում է գիտակրթական և գիտահետազոտական կազմակերպությունների կադրային ներուժի զարգացման և ամրապնդման, ինչպես նաեւ օժտված երիտասարդներին գիտության, տեխնոլոգիաների և կրթության ոլորտներում ներգրավելու և համախմբելու համար նպաստավոր պայմաններ ստեղծելու նպատակով:

Հեքըթոն. 36 ժամ տևողությամբ միջոցառում, որը նախատեսված է արհեստական բանականության և անօդաչու սարքերի ոլորտում առկա գործնական խնդիրների լուծման համար: Հեքըթոնին մասնակցում էր տասներկու թիմ Հայաստանից և Ռուսաստանից: