Պոլիտեխնիկում շարունակվում է «Անօդաչու թռչող սարքերի, Digital UAV Forum 2019» միջազգային ֆորումը

Պոլիտեխնիկում շարունակվում է «Անօդաչու թռչող սարքերի, Digital UAV Forum 2019» միջազգային ֆորումը

Ս. թ. հոկտեմբերի 17-ին՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում մեկնարկած  «Անօդաչու թռչող սարքերի, Digital UAV Forum 2019» խորագիրը կրող միջազգային ֆորումի երկրորդ օրը սկսվեց բարձրաստիճան հյուրերի ողջույնի խոսքերով:

Ներկա էին ՀԱՊՀ Հոգաբարձուների խորհրդի նախագահ Հովիկ Մուսայելյանը, ՀԱՊՀ ռեկտոր, պրոֆեսոր Ոստանիկ Մարուխյանը,  «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, բարերար Ռուբեն Վարդանյանը, ՀԱՃԼ համակարգող Ամալյա Մխիթարյանը, Սինոփսիս Արմենիայի նախագահ Երվանդ Զորյանը, Մոսկվայի ավիացիոն ինստիտուտի  ռեկտոր Միխայիլ  Պողոսյանը, «Այբ» դպրոցի տնօրեն Արամ Փախչանյանը,  Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Արմեն Աբրոյանը,  «Լոկատոր» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն Արամ Խաչատրյանը, ՀԱՊՀ Անօդաչու թռչող սարքերի ուսումնագիտական կենտրոնի  գիտական ղեկավար  Օլեգ Գասպարյանը,

ՀԱՊՀ ռեկտոր, պրոֆեսոր Ո. Մարուխյանը, ողջունելով բարձրաստիճան հյուրերին, գործընկերներին, ուսանողներին, դպրոցականներին, նշեց, որ ուրախ է տեսնել  «Անօդաչու թռչող սարքերի, Digital UAV Forum 2019» խորագիրը կրող միջազգային ֆորումի  բոլոր մասնակիցներին  Պոլիտեխնիկում:

«Ֆորումը առաջին անգամ է անցկացվում  Երևանում և կազմակերպվում է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի  և «ԱՅԲ» դպրոցի բազայի վրա` Մոսկվայի ավիացիոն ինստիտուտի աջակցությամբ: Մոսկվայի ավիացիոն ինստիտուտը համարվում է առաջատար գիտակրթական կենտրոն ավիացիայի, հրթիռատիեզերական  և այլ բարձր տեխնոլոգիական համակարգերի բնագավառում: Պահպանելով ավանդույթները՝ տարիներ շարունակ ինստիտուտը զարգացնում է կրթության, գիտության և նորարարության ոլորտների վերջին տենդենցները:

Անօդաչու թռչող սարքերի աճող դերի ֆոնին առաջանում են նոր մարտահրավերներ: Այս ֆորումին հավաքվել են մի շարք փորձագետներ՝ քննարկելու այդ արդիական խնդիրները՝ ստեղծելով պայմաններ տաղանդավոր երիտասարդների ներգրավման համար:

Սա պահանջում է ոչ միայն մասնագետների ջանքերի համախմբում, այլև խթանում է ուսանողների ուսուցմանը, հետաքրքրություն է առաջացնում ինժեներական գիտության ոլորտում տեխնիկական մասնագիտական ​​գործունեություն ծավալելու համար: Գոհունակությամբ նշում եմ, որ մեր համալսարանի գիտնականները նույնպես ակտիվ մասնակցել են այդ խնդիրների լուծմանը:

Հուսով եմ, որ այս ֆորումը կանցկացվի հետաքրքիր, ինտերակտիվ ձևաչափով, կնպաստի գիտնականների միջև սերտ կապերի հաստատմանը, փորձի և մասնագիտական ​​գիտելիքների փոխանակմանը: Ձեռք բերված հմտություններն, անկասկած, հետագայում օգտակար կլինեն  Պոլիտեխնիկի ուսանողների և դպրոցականների համար», -նշեց Ո. Մարուխյանը:

Ռեկտորը հատուկ շնորհակալություն հայտնեց ֆորումի հիմնական գործընկերներ Վիվասել ՄՏՍ-ին, «Ավրորա» ֆորումին, «Լոկատոր»  ընկերությանը,  Տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների գործատուների միությանը, ֆորումի կազմկոմիտեին  և բոլոր մասնակիցներին:

Ռեկտորը մաղթեց արդյունավետ աշխատանք, հաջողություններ հետազոտական ​​գործունեության մեջ, ցանկացավ, որ կանգ չառնեն և իրականացնեն առավել հավակնոտ ծրագրեր:

Ներկաներին ողջունեց նաև «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, բարերար Ռուբեն Վարդանյանը: «Ուրախ եմ Պոլիտեխնիկականում տեսնել Մոսկվայի ավիացիոն ինստիտուտի թիմին: Այս ֆորումը առաջին փոքր քայլն է մեծ համագործակցության համար:  Ես չեմ հավատում, որ մեկ մարդը կարող է փոխել աշխարհը, մարդը ինչքան էլ հանճարեղ լինի պետք է լավ թիմ ունենա և վստահություն ունենա: Մենք ապրում ենք վստահության շատ նեղ շառավղում։ Եվ դա հիմնարար խնդիր է։ Մեզ թվում է, որ հենց սկսում ենք վստահել, խոցելի ենք դառնում։ Եթե ոչ ոքի չենք հավատում, մենք չենք ուզում ռիսկի դիմել և անել ավելին: Այս ֆորումը այդ տեսակետից հիանալի հնարավորություն է  և կարող է ապացուցել, որ չնայած մենք տարբեր ենք, կարող ենք համագործակցել, և միասին գտնել փոխհամագործակցության եզրեր», – ասաց նա:

Ռ. Վարդանյանը նշեց, որ որքան բարձր է մարդկանց մոտ վստահության աստիճանը, այնքան ցածր են կորուստները։ Վստահելով, մարդիկ շատ ավելին են անում, քան պարտավոր են։ Իսկ վստահությունն առաջին հերթին հիմնված է գիտելիքի վրա: «21-րդ դարում մենք պետք է կարողանանք պահպանել զգալու կարողությունը: Արհեստական ինտելեկտը և բարձր տեխնոլոգիաները պետք է աշխատեն մարդու համար, բարիք ստեղծելու համար»,-ասաց նա:

«21-րդ դարը տաղանդավոր մարդկանց և նորագույն տեխնոլոգիաների դար է: Եվ բնական է, որ այսպիսի ֆորումը, որ միավորում է որոշակի հաջողությունների  հասած մարդկաց, ուսանողների ու աշակերտների, շատ կարևոր է:  Այսօր մաքուր տեսքով տեխնոլոգիաները չեն աշխատում, արդյունավետ են այն տեխնոլոգիաները, որոնք միավորում են մի քանի ուղղություններ: Այս տեսակետից  ուրախ եմ, որ մեր ֆորումին մասնակցում են տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ և դա հույս ունեմ, որ ֆորումը խթան կհանդիսանա տարբեր ծրագրերի համար նոր լուծումներ գտնելու», -ողջույնի իր խոսքում նշեց Մոսկվայի ավիացիոն ինստիտուտի  ռեկտոր Մ.  Պողոսյանը:

Նա շնորհակալություն հայտնեց բոլոր մասնակիցներին և մաղթեց հաջող աշխատանք:  Մ. Պողոսյանը հատուկ շնորհակալություն հայտնեց  երկու կողմերի կազմակերպիչներ Ա. Մխիթարյանին և Մ.  Բուլակինային:

«Այբ» դպրոցի տնօրեն Ա. Փախչանյանը նշեց. «Մեզ այսօր միավորում է մեկ բան՝ գտնել ելքեր ու ճանապարհներ երկնքում, վերևում հայտնվելու համար: Մենք շրջապատված ենք այնպիսի հարևաններով, որ այլ տարբերակ չունենք», -նշեց նա: Ա. Փախչանյանը բոլորին սիրով հրավիրեց «Այբ» դպրոց՝ մասնակցելու դպրոցականների կողմից ստեղծված գիտական և տեխնիկական նախագծերի ցուցահանդեսին, դրոնների հավաքման վարպետաց դասերին և դրանց ցուցադրական թռիչքներին:

ՀԱՊՀ Հոգաբարձուների խորհրդի նախագահ Հ. Մուսայելյանը, կարևորելով Պոլիտեխնիկական համալսարանի և Մոսկվայի ավիացիոն ինստիտուտի  համագործակցությունը, նշեց որ ողջունում է Մ. Պողոսյանի նախաձեռնությունըը՝  «Անօդաչու թռչող սարքերի, Digital UAV Forum 2019» խորագիրը կրող միջազգային ֆորումը հենց Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում անցկացնելու համար: Պոլիտեխնիկական համալսարանը հանդիսանում է Հայաստանի բարձր որակավորում ունեցող ինժեներական կադրերի պատրաստման գլխավոր դարբնոցը: Տեղեկատվական տեխնոլոգիաների  ոլորտը  կարևոր տեղ է զբաղեցնում երկրի տնտեսության զարգացման գործում: Անօդաչու թռչող սարքերի նոր մշակումները չափազանց կարևոր են Հայաստանի Հանրապետության ինչպես տնտեսության, այնպես էլ ռազմաարդյունաբերության զարգացման համար:  Այսօր դրոնները դարձել են մեր կյանքի անբաժանելի մասը:  Դրոնը, որը ղեկավարվում է օպերատորի կողմից այլ բան է, իսկ արհեստական բանականության կողմից ղեկավարվող և ինքնուրույն որոշումներ ընդունող դրոնը բոլորովին այլ բան է», – նշեց Հ. Մուսայելյանը:

Զեկուցումների ավարտից հետո ֆորումի բոլոր մասնակիցներին տրվեցին մասնակցության դիպլոմներ: Լավագույն ուսանողական աշխատանքները պարգևատրվեցին: