Պոլիտեխնիկում մեկնարկեց «Անօդաչու թռչող սարքերի, Digital UAV Forum 2019» միջազգային ֆորումը

Պոլիտեխնիկում մեկնարկեց «Անօդաչու թռչող սարքերի, Digital UAV Forum 2019» միջազգային ֆորումը

Ս. թ. հոկտեմբերի 16-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում մեկնարկեց  «Անօդաչու թռչող սարքերի, Digital UAV Forum 2019» խորագիրը կրող միջազգային ֆորումը։

Քառօրյա  ֆորումն անցկացվում է Երևանում՝  Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում  և «ԱՅԲ» դպրոցում, Մոսկվայի ավիացիոն ինստիտուտի (ազգային հետազոտական համալսարան), «Լոկատոր» փակ բաժնետիրական ընկերության ու  Տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների գործատուների միության կազմակերպչական աջակցությամբ:  Ֆորումի գլխավոր գործընկերներն են «Ավրորա» Ֆորումը և ՎիվաՍել-ՄՏՍ-ը: Գործընկերներն են՝ Սամարայի համալսարանը և Ռուսաստանի Դաշնության գիտությունների ակադեմիայի համակարգային ծրագրավորման ինստիտուտը:

Միջազգային ֆորումի բացման արարողության մասնակիցներն  էին՝ ՀԱՊՀ ռեկտոր Ո. Մարուխյանը, ռեկտորի տեղակալ Գ. Վարդանյանը, պրոռեկտորներ Ռ. Աղգաշյանը, Ա. Գրիգորյանը, Մ. Բաղդասարյանը, ՀԱՃԼ համակարգող Ամալյա Մխիթարյանը, «Լոկատոր» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն Ա. Խաչատրյանը, ՀԱՊՀ Անօդաչու թռչող սարքերի ուսումնագիտական կենտրոնի  գիտական ղեկավար  Օ. Գասպարյանը, Մոսկվայի ավիացիոն ինստիտուտի Անօդաչու թռչող սարքերի կենտրոնի տնօրեն Դ. Պոնյուկովը,  դասախոսներ, ուսանողներ, տեղեկատվական տեխնոլոգիաների մի շարք մասնագետներ։

Ֆորումը կազմակերպվում է գիտատեխնիկական, գիտական և կրթական կազմակերպությունների կադրային ներուժի զարգացման և ամրապնդման, տաղանդավոր երիտասարդներին գիտության, տեխնոլոգիաների և կրթության ոլորտում ներգրավման ու համախմբման համար նպաստավոր պայմաններ ստեղծելու  նպատակով: Այն միտված է նպաստելու ինժեների, հետազոտողի, գիտաշխատողի, բուհի դասավանդողի հեղինակության, բարձրագույն ուսումնական հաստատություններում և ռազմաարդյունաբերական ոլորտում աշխատող երիտասարդների կարգավիճակի բարձրացմանը, ինչպես նաև հանրակրթական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների սաների շրջանում հետաքրքրություն խթանելու ինժեներական և գիտատեխնիկական մասնագիտական գործունեության նկատմամբ:

Հանդես գալով բացման խոսքով՝ ՀԱՊՀ Միջազգային համագործակցության և կրթական բարեփոխումների գծով պրոռեկտոր Ռ. Աղգաշյանը ողջունեց հյուրերին և ֆորումի աշխատանքներում մաղթեց հաջողություններ:  «Գիտական կոնֆերանսը կբացվի լիագումար նիստով, որի ընթացքում ելույթ կունենան ԱԹՍ ոլորտում հայտնի գիտնականներ և փորձագետներ: Կոնֆերանսը կշարունակվի բաժանմունքներում, որտեղ իրենց աշխատանքները կներկայացնեն ուսանողները, երիտասարդ գիտաշխատողները, ոլորտի առաջատար մասնագետները: Կոնֆերանսի ուղղություններն են՝ ԱԹՍ-երի կիրառումը տնտեսության տարբեր ճյուղերում՝  Հայաստանի Հանրապետության աշխարհագրական առանձնահատկությունների հաշվառումով, Արհեստական բանականության տեխնոլոգիաները և դրանց կիրառումն ԱԹՍ-ների կառավարման համար, ԱԹՍ-ների կիրառումը զվարճանքների ոլորտում, ԱԹՍ-ների կիրառության տեխնիկական և օրենսդրական կարգավորումները:

Նշեմ, որ բացման արարողությունից հետո զուգահեռաբար կսկսվի հեքըթոնը՝ ՀԱՊՀ 2-րդ մասնաշենքում: Ես մեր բոլոր մասնակիցներին հաջողություններ եմ մաղթում, քանի որ մեր ուսանողների ներգրավվածությունը և գաղափարները մեզ համար շատ գնահատելի են և կարևոր: Այսօր, այս դահլիճում նստած ուսանողներն են կերտելու ապագան և բարձր պահելու կրթության և գիտության որակը»,-նշեց Ռ. Աղգաշյանը:

Մոսկվայի ավիացիոն ինստիտուտի Անօդաչու թռչող սարքերի կենտրոնի տնօրեն Դ. Պոնյուկովը ևս ողջունեց ներկաներին, ցանկացավ հաջող աշխատանք:

Ֆորումը ներառում է հետևյալ երեք ուղղությունները՝

– Գիտական կոնֆերանս. կներկայացվեն և կքննարկվեն արդի գիտատեխնիկական ու տեխնոլոգիական լուծումներն անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) ոլորտում։

– Հեքըթոն. անօդաչու ավիատրանսպորտի ոլորտում առկա գործնական խնդիրների լուծում։

-Դպրոցական կրթական հարթակ. դպրոցականների կողմից ստեղծված գիտական և տեխնիկական նախագծերի ցուցահանդես, դրոնների հավաքման վարպետաց դասեր և ցուցադրական թռիչքներ: