Պոլիտեխնիկում մեկնարկեց «Երիտասարդ մասնագետների խրախուսում՝ գյուղատնտեսական սննդի արժեքային շղթաների էլեկտրաֆիկացման և կայուն բիզնես մոդելների ստեղծման համար» ծրագիրը

Պոլիտեխնիկում մեկնարկեց «Երիտասարդ մասնագետների խրախուսում՝ գյուղատնտեսական սննդի արժեքային շղթաների էլեկտրաֆիկացման և կայուն բիզնես մոդելների ստեղծման համար» ծրագիրը

Հոկտեմբերի 8-ին Չիլիի համալսարանի Էներգետիկայի կենտրոնի և «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ի  հետ համագործակցությամբ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում մեկնարկեց «Երիտասարդ մասնագետների խրախուսում՝ գյուղատնտեսական սննդի արժեքային շղթաների էլեկտրաֆիկացման և կայուն բիզնես մոդելների ստեղծման համար» ծրագիրը:  Այն ֆինանսավորվում է «Մեկ մոլորակ» ցանցի «Կայուն կենսակերպ և կրթություն» (ԿԿԿ/SLE) ծրագրի միջոցով: Վերջինս ղեկավարում են Ճապոնիայի շրջակա միջավայրի նախարարությունը և Շվեդիայի կառավարությունը, որոնք ներկայացված են, համապատասխանաբար՝ Համաշխարհային բնապահպանական ռազմավարությունների ինստիտուտի (IGES) և Ստոկհոլմի շրջակա միջավայրի ինստիտուտի (SEI) կողմից: Ծրագիրն ընտրվել է «Կայուն կենսակերպ և կրթություն» ծրագրի հետ կապված առաջարկների ներկայացման համար հայտարարված բաց մրցույթի միջոցով` ճապոնիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ։

Միջոցառմանը մասնակցում էին ՀԱՊՀ Միջազգային համագործակցության և կրթական բարեփոխումների գծով  պրոռեկտոր Ռ. Աղգաշյանը, Կրթական ծրագրերի և ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Մ. Բաղդասարյանը, Գիտության և գիտատեխնոլոգիական համագործակցության գծով պրոռեկտոր Ա. Գրիգորյանը, Էներգետիկայի և էլեկտրատեխնիկայի ինստիտուտի տնօրեն  Հ. Հովսեփյանը, փոխտնօրեն Ա. Գևորգյանը  և «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ նախագահ Ե. Մանվելյանը, Չիլիի համալսարանի Էներգետիկայի կենտրոնի փոխտնօրեն դր. Մարսելո Մատուսը, նույն համալսարանի դասախոս Նելսոն Բալոյանը, ամբիոնի վարիչներ, դասախոսներ,  ոլորտի մասնագետներ և այլք:

Ծրագիրը կնպաստի ԿԿԿ ծրագրին` կրթական և տնտեսական ոլորտներում կայուն կենսակերպի մշակման և կիրառման միջոցով: Ծրագրի շրջանակում կրթական ոլորտում, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի էներգետիկայի և էլեկտրատեխնիկայի ինստիտուտի հետ համագործակցության արդյունքում կմշակվի գյուղի կայուն զարգացման վերաբերյալ ուսումնական ծրագիր: Սույն ծրագրում Սոլակ համայնքում իրականացվելիք միկրոպիլոտային ծրագրով կմշակվեն գյուղատնտեսական սննդի արժեքային շղթաների համար կայուն բիզնես մոդելներ: «Համալսարանի ուսանողները համատեղ կաշխատեն Սոլակ համայնքի հետ` Սոլակի ֆերմերների շրջանում առավել տարածված գյուղատնտեսական սննդի արժեքային շղթաների համար մաքուր էներգիայի տարատեսակ լուծումների որոնման և ներդրման համար», – ասաց «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ նախագահ, դոկտոր Ելենա Մանվելյանը։

Ողջույնի խոսքով հանդես եկավ  պրոռեկտոր Ռ. Աղգաշյանը, ով առանձնահատուկ ողջունեց Չիլիից ժամանած հյուրերին և շնորհավորեց ծրագրի մեկնարկի կապակցությամբ: «Ծրագրի խնդիրները ՀԱՊՀ Էներգետիկայի և էլեկտրատեխնիկայի ինստիտուտի  մասնագիտական ուղղվածության հետ համընկնում են: Ընդհանուր առմամբ, ծրագրի իրականացման արդյունքները դիտվում են որպես կայուն և երկարատև, քանի որ արդեն իսկ ծրագրի շրջանակներում ստեղծվել է համախոհների մի ցանց, որը նպատակ ունի իրագործել  բնապահպանական և կայուն ապրելակերպի հետ կապված մի շարք ծրագրեր »,-նշեց Ռ. Աղգաշյանը:

Այնուհետև Ե. Մանվելյանը   ներկայացրեց «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» հասարակական կազմակերպությունը: Ներկայացրեց կազմակերպության գործունեության կիզակետային ոլորտները: Դրանք առնչվում են կլիմայի փոփոխության, կայուն գյուղատնտեսության, անվտանգ սննդի արտադրության և գյուղի զարգացման, անվտանգ ջրամատակարարման և ջրահեռացման խնդիրներին: Ե. Մանվելյանը նշեց, որ կազմակերպությունը աջակցում է առողջության և շրջակա միջավայրի հիմնախնդիրների լուծմանը`  կրթական և տեղեկատվական քարոզարշավների միջոցով բարձրացնելով մարդկանց իրազեկվածությունն առողջությանը սպառնացող բնապահպանական վտանգների և շրջակա միջավայրի աղտոտման հետ կապված սոցիալական անարդարության մասին: Բացի այդ, կազմակերպությունն իրականացնում է ջրամատակարարման և այլ հարակից հարցերի նկատմամբ անկախ մշտադիտարկում և հետազոտություններ, կազմակերպում է լոբբինգ որոշումներ կայացնողների նկատմամբ, օգնում է գյուղական համայնքների կարողությունների հզորացմանը, խթանում է հայ կանանց մասնակցությունը տեղական և պետական մակարդակներում որոշումների կայացման գործընթացին, ստեղծում է տեղեկատվական նյութեր, կազմակերպում և մասնակցում է միջազգային և տեղական համաժողովներին և ֆորումներին: «Ապագա սերունդների առողջության և անվտանգության համար մտահոգությունը կարևոր շարժառիթ է, որպեսզի կանայք դառնան դրական փոփոխությունների կատալիզատորներ»,-նշեց նա:

010 52 03 45