Պոլիտեխնիկը «Դիջիթեք Էքսպո-2019»-ին

Պոլիտեխնիկը «Դիջիթեք Էքսպո-2019»-ին

Հոբելյանական 15-րդ «ԴիջիԹեք Էքսպո» ցուցահանդեսն իր դռները բացեց տեխնոլոգիական ոլորտով հետաքրքրվողների համար: «Երևան Էքսպո» կենտրոնում տեխնոլոգիական ընկերություններն իրենց նորարար գաղափարները կներկայացնեն չորս օր շարունակ:

«ԴիջիԹեքը» մի քանի օրերի ընթացքում համախմբում և մեկ վայրում է ներկայացնում ոչ միայն տեխնոլոգիական Հայաստանի ամբողջ ներուժն ու արդեն գոյություն ունեցող լուծումները, այլ նաև հայացք է գցում դեպի տեխնոլոգիական ապագա:

Իսկ որտեղ տեխնոլոգիական անցյալը, ներկան ու ապագան, այնտեղ էլ Պոլիտեխնիկը իր բազում լուծումներով:

15-րդ հոբելյանական «ԴիջիԹեք Էքսպո»-ին Պոլիտեխնիկական համալսարանը ներկայացել է Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաների (ANEL) և «Քայլ Մեդ» կազմակերպության հետ համատեղ իրականացված բժշկական էկզոկմախք (Exoskeleton) նախագծով:

Պոլիտեխնիկցիներն «Քայլ Մեդ» կազմակերպության բժիշկների հետ համատեղ ստեղծել են Էկզոկմախք: Պոլիտեխնիկն ապահովել է նախագծի ինժեներական և ծրագրային իրականցումը, իսկ ահա կենսաբանական կիրառության ապահովումը և մեխանիկական կառուցվածքը նախագծվել է բժիշկների կողմից:

Նման էկզոկմախք ստեղծելու գաղափարը առաջացել է «Քայլ մեդ» բժշկական կենտրոնի հիմնադրման հենց առաջին իսկ օրից՝ 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո: Կենտրոնը հիմնադրվել է ապրիլյան քառօրյա պատերազմի արդյունքում հաշմանդամ դարձած տղաներին օգնելու նպատակով:

«Երբ կամավորական խմբերով աշխատում էինք վերականգնողական հիվանդանոցներում, հասկացանք, որ տղաներ կան, ովքեր երբեք չեն քայլելու, նրանց օգնելու ցանկությունը մեծ էր»,-նշում են ծրագրի մասնակիցները:

Միտքն իրականություն դարձնելու համար կենտրոնի բժիկները դիմում են Պոլիտեխնիկ՝ ՀԱՃԼ, որտեղ Ազատուհի Ուլիկյանի գլխավորությամբ Պոլիտեխնիկցիների թիմի հետ համատեղ աշխատանքի արդյունքում ստեղծվում է Էկզոկմախքի նախատիպային տարբերակը:

«Կարող է անհավատալի թվալ, բայց երկու շաբաթում ենք ստեղծել նախատիպային տարբերակը, դեռ կատարելագործելու տեղ կա ու եթե այս տեմպերով շարունակենք աշխատել, ապա մինչև տարեվերջ արդեն կներկայացնենք արտադրանքը»,- նշում է Ազատուհի Ուլիկյանը:

Պոլիտեխնիկի և «Քայլ մեդ» ընկերության համատեղ աշխատանքը լուծում է մի քանի կարևոր խնդիր՝ հաշմանդամություն ունեցող մարդիկ գամված լինելով սայլակին, ունենում են մի շարք հիվանդություններ, որոնք առաջանում են վերը նշված պատճառից: Էկզոսկմախքը կօգնի նման խնդիրներ ունեցող մարդկանց շրջանցել այդ հիվանդությունները:

«Էկզոկմախքն կարճ ժամանակում օգնում է սովորել պահել հավասարակշռությունը, կարողանում է օգնել կառավարել մարմինը և մարմնի համապատասխան մկաններից վերցրած ազդակների միջոցով գործի է դնում շարժիչները», -նշում է խմբի ղեկավարը:

Բացի այդ, համագործակցությունը շարունակական է լինելու, քանի որ պոլիտեխնիկցիների թիմը մեկ այլ առաջարկ էլ ունի՝ ստեղծել սայլակ, որը կկարողանա վերածվել կանգնակի և կնվազեցնի խնդիրները՝ հասցնելով դրանք նվազագույնի:

Այս տարի «ԴիջիԹեք»-ն անցկացվում է Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի (WCIT 2019) հետ համատեղ։ WCIT 2019-ին հրավիրված են մասնակցելու տեխնոլոգիական ոլորտի ավելի քան 2000 առաջատարներ՝ շուրջ 60 երկրից: Պոլիտեխնիկական համալսարանը նույնպես մասնակցում է WCIT միջոցառմանը:

«WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովի եւ ԴիջիԹեք 2019 ցուցահանդեսի կազմակերպիչն Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն է (ԱՏՁՄ)։