Պոլիտեխնիկի Գիտխորհրդի նիստում քննարկվեց բարձրագույն կրթության և գիտության մասին նոր օրենքի նախագիծը

Պոլիտեխնիկի Գիտխորհրդի նիստում քննարկվեց բարձրագույն կրթության և գիտության մասին նոր օրենքի նախագիծը

Ս.թ. հոկտեմբերի 1-ին տեղի ունեցավ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գիտական խորհրդի հերթական նիստը՝ ռեկտոր, պրոֆեսոր Ոստանիկ Մարուխյանի նախագահությամբ:

Մինչ օրակարգային հարցերին անդրադառնալը, ռեկտոր Ո. Մարուխյանը բարեխիղճ, անբասիր աշխատանքի և ծննդյան հոբելյանի կապակցությամբ ՀԱՊՀ Ոսկե հուշամեդալով պարգևատրեց «Քոմփյութերային համակարգեր և ցանցեր» ամբիոնի դոցենտ, տեխնիկական գիտությունների թեկնածու Աննա Թումանյանին:

Գիտական խորհրդի նիստի առանցքում Բարձրագույն կրթության և գիտության մասին նոր օրենքի նախագծի քննարկումն էր, որը պայմանավորված է բարձրագույն կրթության բնագավառում կրթության կազմակերպման իրավակազմակերպական, ֆինանսական հարաբերությունների հստակեցման, բուհերի ակադեմիական կառավարման, ֆինանսական հարաբերությունների ընդհանուր սկզբունքների, պայմանների և պահանջների հստակ սահմանման ու ապահովման անհրաժեշտությամբ:

ՀԱՊՀ ռեկտոր Ո. Մարուխյանը  մանրամասնորեն  ներկայացրեց նոր օրենքի նախագծի հիմնական դրույթները: Անդրադարձ կատարեց  բարձրագույն կրթության և գիտության ոլորտում պետական քաղաքականության իրականացմանը, բուհի ինքնավարությանն ու հաշվետվողականությանը,  կրթական ծրագրերին և ուսումնառության ժամկետներին,  բարձրագույն կրթության մակարդակներին, որակավորումներին, ակադեմիական բնագավառներին և ոլորտներին, համատեղ կրթական ծրագրերի իրականացմանը, կրթական ծրագրերի լիցենզավորմանը, որակի ապահովմանը և դրա նկատմամբ վերահսկողությանը և այլ հարցերի:

Ռեկտորը նշեց, որ քննարկման նպատակն է պարզել, թե ինչպիսի խնդիրների է անդրադառնում Բարձրագույն կրթության և գիտության մասին նոր օրենքի նախագիծը, ինչպես նաև կրթության և գիտության ոլորտում ինչպիսի փոփոխություններ կարելի է ակնկալել: «Օրենքը դեռևս շարունակելու է լրամշակվել՝ մինչև աշխատանքային տարբերակից օրենքի նախագիծ դառնալը, ուստի մեզ համար շատ կարևոր են ստացված արձագանքները», – նշեց Ո. Մարուխյանը:

Այնուհետև Կրթական ծրագրերի և ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Մարինկա Բաղդասարյանը ներկայացրեց  օրենքի նոր նախագծի վերաբերյալ պոլիտեխնիկցիների առաջարկները, որոնք պետք է հղվեն նախարարություն:

Ընթացիկ հարցերի շրջանակում Գիտության և գիտատեխնոլոգիական համագործակցության գծով պրոռեկտոր Ա. Գրիգորյանը Գիտխորհրդին առաջարկեց հաստատել 1-ին կուրսի ասպիրանտների ատենախոսական թեմաների, մասնագիտությունների, գիտական ղեկավարների հարցը: Հանգամանալից քննարկումից ու ճշգրտումներից հետո Գիտխորհուրդը հաստատեց դրանք: