Պոլիտեխնիկում մեկնարկեց ՌՈՒՍԱԼ-ի գիտափառատոնը

Պոլիտեխնիկում մեկնարկեց ՌՈՒՍԱԼ-ի գիտափառատոնը

ՌՈՒՍԱԼ-ը` աշխարհում ալյումին արտադրող խոշորագույն ընկերություններից մեկը, որի կազմում է փայլաթիթեղագլանման ԱՐՄԵՆԱԼ գործարանը, սեպտեմբերի 26-28-ը Երևանում՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում, անցկացրեց «ՌՈՒՍԱԼ»  գիտափառատոնը: Նշանակալի գիտաճանաչողական նախագիծը երրորդ անգամն է կայանում Ռուսաստանի և Հայաստանի այն քաղաքներում, որտեղ գործում է ընկերությունը:

Փառատոնը կոչված է հանրամատչելի դարձնելու գիտությունը աշակերտների, ուսանողների, հանրապետության բնակիչների համար բացահայտելու գիտական նվաճումներն ու գյուտերը, ներկայացնելու ֆիզիկական բարդ երևույթները, տեխնիկական նորույթները:

Երևանում ՌՈՒՍԱԼ-ի գործընկերը և փառատոնի հիմնական հարթակը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանն է՝ Հայաստանի արդյունաբերողների և ձեռներեցների միության աջակցությամբ:

Փառատոնի բացմանը ներկա էին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Հոգաբարձուների խորհրդի նախագահ Հովիկ Մուսայելյանը, ռեկտոր, պրոֆեսոր Ոստանիկ Մարուխյանը, ռեկտորի տեղակալ Գոռ Վարդանյանը, «ԱՐՄԵՆԱԼ»-ի գլխավոր տնօրեն Արթուր Զաքարյանը, ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտոր Համլետ Մաթևոսյան, Հայաստանի արդյունաբերողների և ձեռներեցների միության անդամներ, ուսանողներ, հյուրեր։

Փառատոնի հանդիսավոր բացումը, գիտական ցուցահանդեսը,  ինտերակտիվ խաղերը, հանրահայտ գիտնականների հետ հանդիպումները տեղի ունեցան  Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի 2-րդ մասնաշենքում:

Բացման խոսքով հանդես եկավ Պոլիտեխնիկի ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը։ Ողջունելով ներկաներին, ռեկտորը շնորհակալություն հայտնեց ՌՈւՍԱԼ-ին, նման մեծածավալ մասշտաբի միջոցառում Պոլիտեխնիկի հետ միասին կամզակերպելու և հենց Պոլիտեխնիկում անցկացնելու համար։

«ՌՈՒՍԱԼ-ի փառատոների անցկացման մեր փորձը վկայում է արդի գիտատեխնիկական ձեռքբերումների հանդեպ մեծ հետաքրքրության մասին, – նշեց ԱՐՄԵՆԱԼ-ի գլխավոր տնօրեն Արթուր Զաքարյանը: – Նշանակալի է,-նշեց նա, – որ այս անգամ փառատոնի հիմնական ընթացքը և ցուցադրությունները ծավալվում են Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում, որի հետ մեր գործարանը կապված է բազմամյա արգասաբեր համագործակցությամբ»:

Փառատոնի շրջանակներում սեպտեմբերի 28-ին տեղի ունեցան ինտելեկտուալ խաղեր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Ավագ դպրոցում և «Այբ» կրթահամալիրում, ինչպես նաև Գիտության և մշակույթի ռուսաստանյան կենտրոնի աջակցությամբ անցկացվեց վիկտորինա՝ քիմիայից՝ նվիրված Դ. Մենդելեևի պարբերական աղյուսակի 150-ամյակին:

Փառատոնին ներկա էր նաև Ռուսաստանի հերոս Սերգեյ Ռյազանսկին, ով մեծ ճանաչում է ձեռք բերել Միջազգային տիեզերակայանից Հայաստանի տարածքի իր լուսանկարներով: