DAAD-ը պոլիտեխնիկցիներին ներկայացրեց կրթական ծրագրերը

DAAD-ը պոլիտեխնիկցիներին ներկայացրեց կրթական ծրագրերը

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում  բազմաթիվ են այն ուսանողները, ովքեր իրենց ուսումնառությունն անցկացրել և այժմ էլ ուսում են ստանում արտասահմանյան բազմաթիվ բուհերում: Այս առումով համալսարանը համագործակցում է արտերկրի մի շարք համալսարանների հետ, որոնց հետ ունի ուսանողների փոխանակման համաձայնագրեր: Բացի այդ, ՀԱՊՀ-ն ակտիվ համագործակցում է Հայաստանում գործող միջազգային կրթական կազմակերպությունների հետ, մասնավորապես, Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության գրասենյակի (DAAD) հետ, որոնք հնարավորություն են ընձեռում հայ ուսանողներին ուսումը շարունակելու, կարճաժամկետ ուսումնական այցեր կատարելու արտասահմանյան բուհեր, դասախոսներին` հետազոտական աշխատանքներ կատարելու կամ  վերապատրաստվելու արտերկրում:

Այս համագործակցության շրջանակներում ուսանողների ներգրավվածությունը միջազգային ծրագրերում խթանելու և տեղեկացվածության մակարդակը բարձրացնելու ակնկալիքով, բազմիցս հանդիպումներ են կազմակերպվել վերոնշյալ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Հերթականը ՀԱՊՀ միջազգային համագործակցության և դրամաշնորհային ծրագրերի վարչության և  DAAD գրասենյակի համատեղ ուժերով սեպտեմբերի 19-ին կազմակերպված տեղեկատվական միջոցառումն էր, որի նպատակն էր ուսանողներին, ասպիրանտներին, դասախոսական կազմին իրազեկել կրթական, հետազոտական, դրամաշնորհային և այլ ծրագրերի մասին:

ՀԱՊՀ ռեկտորատի նիստերի դահլիճում Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության գրասենյակի (DAAD) ներկայացուցիչները, ի դեմս ՀԱՊՀ DAAD-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Մերի Նավասարդյանի և DAAD դասախոս Անեգրեթ Բայերի, հանդիպեցին պոլիտեխնիկցիների հետ և ներկայացրին այն բոլոր հնարավորությունները, որոնք ուսանողներին թույլ կտան որակյալ կրթություն ստանալ արտասահմանյան լավագույն բուհերում:

Միջոցառմանը մասնակցում էին բակալավրեր, մագիստրանտներ, ասպիրանտներ, դասախոսներ:

DAAD-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Մերի Նավասարդյանը պատմեց DAAD-ի մասին, հանգամանորեն անդրադարձավ այն կրթական ծրագրերին, որոնց միջոցով կարելի է արտասահմանում կրթություն ստանալ: Մ. Նավասարդյանը տեղեկացրեց, որ բացի ամառային դպրոցներից, որոնց պարագայում առաջնային է գերմաներենի իմացությունը, կրթաթոշակային մյուս կրթական ծրագրերին դիմելու համար բավարար է անգլերենի իմացությունը: Նա նշեց գերմանական կրթահամակարգի մի շարք առավելություններ, որոնք առավել գրավիչ են դարձնում գերմանական բարձրագույն ուսումնական հաստատությունները: Անդրադառնալով 2019թ. ծրագրերին` Մ. Նավասարդյանը ներկայացրեց բակալավրական, մագիստրոսական, ասպիրանտական կրթությունը Գերմանիայում շարունակելու հետազոտական աշխատանքներ իրականացնելու առաջիկա ծրագրերը: Ի դեպ, ՀԱՊՀ բազմաթիվ ուսանողներ և մի շարք դասախոսներ, գիտնականներ տարիներ շարունակ բարեհաջող օգտվել են DAAD-ի հնարավորություններից և այժմ էլ ակտիվորեն մասնակցում են ծառայության կրթաթոշակային ծրագրերին:

Հանդիպման վերջում նախատեսված անհատական խորհրդատվության շրջանակներում Մ. Նավասարդյանը պատասխանեց ուսանողներին հետաքրքրող հարցերին:

010 52 03 45