Պոլիտեխնիկում հյուրընկալվեցին «Վարդանանց ասպետներ»-ի ներկայացուցիչները

Պոլիտեխնիկում հյուրընկալվեցին «Վարդանանց ասպետներ»-ի ներկայացուցիչները

Ս.թ. սեպտեմբերի 19-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Ո. Մարուխյանը ընդունեց ԱՄՆ-ի «Վարդանանց ասպետներ» կազմակերպության ներկայացուցիչներին: Հանդիպմանը ներկա էին ՀԱՊՀ ռեկտորի տեղակալ Գ. Վարդանյանը, Միջազգային համագործակցության և կրթական բարեփոխումների գծով պրոռեկտոր Ռ. Աղգաշյանը, «Վարդանանց ասպետներ» կազմակերպության սպարապետ Սթիվեն Ադամսը, նախկին ավագ ատենապետ Գերի Զամանիկյանը, նախկին սպարապետ Սթիվեն Քրաջյանը, կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ Գոհար Պալյանը և այլք:

Ողջունելով հյուրերին՝ ՀԱՊՀ ռեկտորը կարևորեց «Վարդանանց ասպետներ» կազմակերպության հետ սերտ համագործակցությունը և կրթաթոշակների տրամադրման ծրագրի իրականացումը:  Ռեկտորը մասնավորապես նշեց. «Շատ ուրախ եմ ձեզ տեսնելու, ընդունելու և մտքեր փոխանակելու առիթով: Ձեզ եմ փոխանցում ողջ համալսարանի շնորհակալանքը ձեր ցուցաբերած այն հոգածության, որը դուք իրականացնում եք մեր համալսարանի ուսանողության համար: Հուսով եմ, որ մեր կողմից ընտրված յուրաքանչյուր կրթաթոշակի թեկնածու արժանի է կրթաթոշակ ստանալու և հոգածության արժանանալու»: Ռեկտորը նշեց, որ  կրթաթոշակակիր ուսանողներն ընտրվում են հաշվի առնելով՝ ուսման մեջ առաջադիմությունը, սոցիալական վիճակը և կարգապահությունը:

Ռեկտորը «Վարդանանց ասպետներ» կազմակերպության ներկայացուցիչներից երեքին՝ Սթիվեն Ադամսին, Գարի Զամանիկյանին և  Սթիվեն Քրաջյանին հանձնեց շնորհակալագրեր այս ժամանակահատվածում արգասաբեր համագործակցության համար:

«Վարդանանց ասպետներ» կազմակերպության ներկայացուցիչները ռեկտորին նվիրեցին կազմակերպության հիմնադրման 100-ամյա գործունեությանը նվիրված գիրք, որտեղ խոսվում է նաև Պոլիտեխնիկի մասին:
Վարդանանց ասպետներ» կազմակերպության նախկին ավագ ատենապետ Գերի Զամանիկյանը շնորհակալություն հայտնեց ռեկտորին հանդիպման համար և  հավելեց. «Ուրախ եմ հատկապես  այն բանի համար, որ «Վարդանանց ասպետներ» կազմակերպությունը աջակցում է Պոլիտեխնիկական համալսարանում իրականացվող այն ծրագրին, որն իրագործվում է ի նպաստ ուսումնառության և կրթության»:

***

Նշենք, որ «Վարդանանց ասպետներ» կազմակերպությունը հիմնադրվել է 1916 թվականին, ունի 24 մասնաճյուղ ԱՄՆ-ում և գրասենյակ Հայաստանում: Գլխավոր նպատակը եղել և մնում է Ցեղասպանությունից մազապուրծ մեր հայրենակիցներին օգնելըլեզուն, մշակույթն ու կրոնը պահպանելը: