Պոլիտեխնիկը ներկայացնող երիտասարդ հեղինակների խումբը պարգևատրվել է գյուտարարության ոլորտում Եվրասիական մրցանակով

Պոլիտեխնիկը ներկայացնող երիտասարդ հեղինակների խումբը պարգևատրվել է գյուտարարության ոլորտում Եվրասիական մրցանակով

Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը մասնակցել է Ղազախստանի Նուր-Սուլթան մայրաքաղաքում կայացած Եվրասիական արտոնագրային կոնվենցիայի (ԵԱԱԿ) նկատմամբ արտադրական ՝նմուշների պաշտպանության մասին արձանագրության ընդունման դիվանագիտական կոնֆերանսին: ԵԱԱԿ-ի մասնակից երկրները (Հայաստան, Ադրբեջան, Ղազախստան, Ղրղզստան, Ռուսաստան) ստորագրել են արտադրական նմուշների պաշտպանության մասին արձանագրությունը՝ մշակված Եվրասիական պատենտային կազմակերպության նախաձեռնությամբ՝ ԵԱԱԿ-ի անդամ երկրների ազգային պատենտային գրասենյակների հետ համատեղ:

Արձանագրության ընդունման դիվանագիտական կոնֆերանսի շրջանակներում տեղի է ունեցել գյուտարարության ոլորտում Եվրասիական մրցանակի դափնեկիրների մրցանակաբաշխություն:

Մինչև 18 տարիքային խմբի անվանակարգում առաջին կարգի մրցանակի է արժանացել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը ներկայացնող երիտասարդ հեղինակների խումբը «Խողովակների ներքին մակերևույթն ուսումնասիրող սարքավորում» աշխատանքի համար:

Հեղինակային խմբի անդամներն են՝ Անդրանիկ Ոսկանյանը, Արթուր Հակոբյանը և Հրանտ Տերտերյանը: Տղաներն իրենց սարքավորումը մշակել են ՀԱՊՀ-ի Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաներում:

Մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել սույն թվականի սեպտեմբերի 9-ին, Ղազախստանի Հանրապետության Նուր-Սուլթան մայրաքաղաքում:

Աշխատանքը հաղթող է ճանաչվել անկախ փորձագիատական գնահատման արդյունքում, որն իրականացվել է Եվրասիական պատենտային կազմակերպության կողմից մրցույթին մասնակցության հայտ ներկայացրած աշխատանքների մեջ: Սարքը նախատեսված է տարբեր տրամագծով խողովակային ճանապարհների ներքին մակերևույթի ուսումնասիրման ու վնասվածքների հայտնաբերման համար: