Պոլիտեխնիկ այցելեց Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպանը

Պոլիտեխնիկ այցելեց Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպանը

Սեպտեմբերի 3-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան այցելեցին  Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, նորին գերազանցություն պարոն Թիան Էրլունը և Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մանասարյանը:

Հանդիպմանը ներկա էին  ՀԱՊՀ Հոգաբարձուների խորհրդի նախագահ Հովիկ Մուսայելյանը, ՀԱՊՀ ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը, Միջազգային համագործակցության և կրթական բարեփոխումների գծով պրոռեկտոր Ռուբեն Աղգաշյանը, ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը և այլք:

Հյուրերը շրջայց կատարեցին  Պոլիտեխնիկական համալսարանում։ Եղան Օդային ռոբոտատեխնիկայի ուսումնահետազոտական կենտրոնում, որտեղ կենտրոնի ղեկավար Օ․ Գասպարյանը հյուրերին ներկայացրեց Օդային ռոբոտատեխնիկայի ուսումնահետազոտական կենտրոնը, որը համալրված է շարժումը գրանցող սարքավորումների և համապատասխան ծրագրային ապահովումը մշակող անգլիական «Վիկոն» ընկերության համապատասխան համակարգերով:

Այնուհետև հյուրերն այցելեցին ՀԱՊՀ 2-րդ մասնաշենքում տեղակայված աշխարհահռչակ ֆրանսիական Schneider Electric ընկերության, «Տաշիր» ռուսական ընկերությունների խմբի և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ներդրմամբ ստեղծված Գերազանցության կենտրոն: Շրջայց կատարեց կենտրոնի լաբորատորիաներով, ծանոթացավ նորագույն սարքավորումներին:

«Schneider Electric – Տաշիր- ՀԱՊՀ» գերազանցության կենտրոնի տնօրեն Վ. Առաքելյանը նշեց, որ Պոլիտեխնիկի բազայի վրա ստեղծված Գերազանցության կենտրոնը Schneider Electric-ի և ազգային գիտական համայնքի սերտ համագործակցության առաջին փորձերից մեկն է։ Տասնյակ ուսանողներ և երիտասարդ գիտնականներ կարող են զարգացնել իրազեկությունը և ծանոթանալ էներգետիկայի և ավտոմատացման ոլորտի ժամանակակից տեխնոլոգիաներին։

Դեսպանը եղավ նաև Միջուկային անվտանգության տարածաշրջանային ուսումնական կենտրոնում, որտեղ Էներգետիկայի և էլեկտրատեխնիկայի ինստիտուտի փոխտնօրեն Ա․ Գևորգյանը ներկայացրեց կենտրոնում տարվող աշխատանքները։

Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաներում հյուրերը շրջեցին Ռոբոտաշինության, Հեռահաղորդակցման, Ներկառուցվող համակարգերի, Ճշգրիտ չափումների, Տվյալների հավաքագրման-չափումների գիտահետազոտական լաբորատորիաներով: Դեսպանին ներկայացվեցին արդի լաբորատոր սարքավորումները ռոբոտաշինության, կապի և հեռահաղորդակցման ոլորտներում:

Հանդիպումը շարունակվեց  ռեկտորի ընդունարանում: