Պոլիտեխնիկում մեկնարկեց ուսումնական տարին

Պոլիտեխնիկում մեկնարկեց ուսումնական տարին

Նոր ուսումնական տարին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում սկսվեց ՀԱՊՀ Հոգաբարձուների խորհրդի նախագահի, ռեկտորի, համալսարանի ղեկավարության, պրոֆեսորադասախոսական անձնակազմի, ուսանողության ներկայացուցիչների և առաջին կուրսեցիների ավանդական հանդիպմամբ: Մեկնարկը տոնական էր:  Օրը հատկապես բացառիկ էր նրանց համար, ովքեր առաջին անգամ էին ոտք դնում ակադեմիական կրթության նոր աշխարհ:

Տարեսկզբի մեկնարկի կապակցությամբ կազմակերպված միջոցառման ժամանակ ողջույնի  խոսքով հանդես եկավ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական  համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Ոստանիկ Մարուխյանը, ով նախ շնորհավորեց թե Պոլիտեխնիկական համալսարանի, թե ՀԱՊՀ Քոլեջի, թե Ավագ դպրոցի բոլոր ուսանողներին և աշակերտներին նոր ուսումնական տարվա և Գիտելիքի օրվա առթիվ՝ ցանկանալով  ուսումնառության հաջող սկիզբ և լուսավոր ճանապարհ:  Ապա ռեկտորը շարունակեց իր խոսքը՝ կարևորելով վճռական այս փուլը՝որպես սկիզբ գիտելիքների շտեմարանի կազմավորման ու ամրապնդման, և հավաստիացրեց, որ բուհի ընտրության հարցում ուսանողները կատարել են ճիշտ ընտրություն, քանի որ տեխնիկական կրթությունը  ընձեռում է բացառիկ հնարավորություններ բոլոր այն  անձանց համար, ովքեր ցանկություն ունեն բարձունքների հասնելու ուսումնառության ընթացքում:

Ռեկտորը, շնորհավորելով առաջին կուրսեցիներին ընդգծեց. «Պոլիտեխնիկի բազմահազար կոլեկտիվին անդամագրվելու կապակցությամբ շնորհավորում եմ ձեզ: Վստահ եղեք, որ  Պոլիտեխնիկը ունի բոլոր հնարավորությունները ժամանակի պահանջներին համահունչ և արդիական կրթություն տրամադրելու ձեզ: Կարճ ժամանակում դուք կհամոզվեք, թե ինչ մեծ հնարավորություններ են ընձեռում Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաները, տարածաշրջանում եզակի Անօդաչու թռչող սարքերի ուսումնահետազոտական կենտրոնը, էներգետիկ բնագավառում երկու խոշորագույն ընկերությունները՝ «Շնայդեր Էլեկտրիկը» և «Տաշիր Կասկադը»: Կցանկանայի, որ դուք ճիշտ օգտվեք այս հնարավորություններից»: Ռեկտորն առանձնակի շնորհավորեց և անփորձանք ծառայություն մաղթեց բոլոր այն տղաներին, ովքեր բուհ ընդունվելուց հետո մեկնել են Ազգային բանակ ծառայության:

Իր ողջույնի խոսքն ուղղեց նաև ՀԱՊՀ Հոգաբարձուների խորհրդի նախագահ Հովիկ Մուսայելյանը. «Շնորհավորում եմ բոլորի, մասնավորապես 1-ին կուրսեցիների նոր ուսումնական տարին և մաղթում հաջողություններ գիտակրթական կյանքում: Ես չեմ ուզում թերագնահատել որևէ այլ բուհի, բայց կարծում եմ՝ Պոլիտեխնիկը ունի մրցակցային մեծ առավելություններ: Այսօր Պոլիտեխնիկն ավարտած ուսանողի հնարավորությունները շատ ավելի մեծ են իր մասնագիտությամբ աշխատանք գտնելու համար: Համոզված եմ, որ այն որակյալ կրթությունը, որը դուք կստանաք այս համալսարանում, կծառայեցնեք մեր երկրի զարգացմանը»:

Ներկաներին ողջունեց և իր շնորհավորանքի խոսքն ուղղեց նաև ՀԱՊՀ ռեկտորի տեղակալ Գոռ  Վարդանյանը. «Վստահ եմ, որ Պոլիտեխնիկական համալսարանը մեծ դերակատարություն կունենա ձեր կյանքում թե որպես մասնագետի, թե որպես մարդու կայացման գործում: Մենք Պոլիտեխնիկական համալսարանը սիրում ենք և ցանկանում ենք այդ  սերը փոխանցել ձեզ, որպեսզի դուք ևս սիրով մոտենաք այն գործին, որը սկսել եք այսօր»:

ՈւԽ նախագահ Գևորգ Հարությունյանը ևս շնորհավորեց առաջին կուրսեցիներին, հավաստիացնելով, որ Ուսանողական խորհուրդը նրանց կողքին կլինի ցանկացած հարցում և կպաշտպանի նրանց շահերը: