Պոլիտեխնիկում կստեղծվի «Խելացի լուծումներ» անվանումով միջհամալսարանական կենտրոն

Պոլիտեխնիկում կստեղծվի «Խելացի լուծումներ» անվանումով միջհամալսարանական կենտրոն

Ս.թ. հուլիսի 17-ին տեղի ունեցավ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գիտական խորհրդի հերթական նիստը՝ ռեկտոր, պրոֆեսոր Ոստանիկ Մարուխյանի նախագահությամբ։

Օրակարգային առաջին հարցով ռեկտոր Ո. Մարուխյանը ներկայացրեց համալսարանում «Խելացի լուծումներ» անվանումով միջհամալսարանական կենտրոնի ստեղծման մասին: Նա համառոտ ներկայացրեց հարցի նախապատմությունը նշելով, որ մի քանի ամիս է, ինչ համալսարանը բանակցային գործառույթների մեջ էր մի ծրագրի իրականացման առումով, որը ենթադրում է մասնավոր սեկտորի անմիջական աջակցությունը կրթագիտական ծրագրերի իրականացման և դրանց որակի բարելավման ուղղությամբ:  «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀԱՊՀ Հոգաբարձուների խորհուրդը բազմաթիվ քննարկումների արդյունքում հանգել է այն եզրակացությանը, որ մասնավոր սեկտորը պետք է լուրջ ներդրում կատարի Պոլիտեխնիկում և ըստ ամենայնի նպաստի ՏՏ ոլորտի  մասնագետների պատրաստման որակի բարձրացմանը և ունենալով Հայաստանի տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության տնօրեն Էդուարդ Մուսայելյանի կողմից համապատասխան առաջարկ՝ բուհը գնաց ընդունված ճանապարհով: Այսօր Գիտական խորհրդի քննարկման է ներկայացնում այդ առաջարկը»,-նշեց Ո. Մարուխյանը:

Այնուհետև Հայաստանի տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության (ՏՀՏԳՄ) տնօրեն Էդ. Մուսայելյանը հակիրճ ներկայացրեց իրենց միությունը: Նա նշեց, որ միությունը  ստեղծվել է 2015 թվականի սեպտեմբերին՝ նպատակ ունենալով ներկայացնելու և պաշտպանելու ոլորտի գործատուների շահերն և իրավունքները։ Միության անդամ են դարձել Հայաստանի բազմաթիվ խոշոր ընկերություններ և բուհեր և նրանց թիվը շարունակում է աճել։ Էդ. Մուսայելյանը նշեց, որ իրենց միության առաջնահերթ նպատակներից է ամրապնդել ՏՀՏ ոլորտի գործատուների միջև փոխադարձ հարգալից վերաբերմունքը, աջակցել ոլորտի փոփոխվող պահանջներին օրենսդրության համապատասխանեցմանը, փոքր և միջին բիզնեսի համար բարենպաստ պայմաններ ձևավորել, խթանել ՏՀՏ ոլորտում ձեռներեցության զարգացումը, նոր կազմակերպությունների ստեղծումը և այլն:

«Մեր միության նպատակներից է աջակցություն ցուցաբերել ՏՀՏ և հարակից ոլորտների պահանջներին համապատասխանող մասնագետների  պատրաստմանը և վերապատրաստմանը, ինչպես նաև բարձրագույն ուսումնական հաստատություններում ՏՀՏ կրթական ծրագրերի արդիականացումը լավագույն միջազգային չափանիշներին։ Ձեռնարկվելու են հիմնարար գիտելիքների դասավանդման մակարդակի բարձրացմանն ուղղված հավակնոտ ծրագրեր և նախաձեռնություններ։ Մենք կփորձենք սատարել և  իրականացնել գիտության և արտադրության մերձեցման հետ կապված բազմաթիվ ծրագրերի։ Հաշվի առնելով Հայաստանի առկա պոտենցիալը մենք մեծ ուշադրություն ենք դարձնում մասնագիտական կրթությանը, աշխատաշուկայում ՏՀՏ մասնագետների պակասին և այսօրվա կրթության համապատասխանեցման անհրաժեշտությունը գործատուների պահանջներին: Մենք պատրաստվում ենք առաջարկվող ծրագրի շրջանակներում սարքավորումներով հագեցնել լսարանները, դասընթացների, ծրագրերի մշակում կատարել, դասախոսների վերապատրաստում իրականացնել և այլն», – նշեց Էդ Մուսայելյանը:

Էդ. Մուսայելյանը շեշտեց, որ իրենք պատրաստ են ծրագիրը իրականացնել Գիտխորհրդի, ապա Հոգաբարձուների խորհրդի հավանությունը ստանալուց անմիջապես հետո: Նա նշեց, որ առաջին փուլի համար նախագծի բյուջեն կազմում է 120 մլն դրամ, սակայն դա ունենալու է շարունակական բնույթ:

Հարցի վերաբերյալ հնչեցին դրական արձագանքներ և որոշվեց հարցը ներկայացնել Հոգաբարձուների խորհրդի հաստատամանը:

Օրակարգային երկրորդ՝ ՀԱՊՀ 2019/2020 ուստարվա ընդունելության արդյունքների մասին ևս ներկայացրեց ռեկտորը: Նա նշեց, որ ընդունելության գործընթացը Պոլիտեխնիկում այս տարի տարբերվում է նախորդներից նորարարական լուծումներով:

Ընդունելության կարևոր նորամուծություններից մեկը հերթերի ավտոմատացված համակարգն էր` EarlyOne հավելվածի միջոցով: Վերջինս նախատեսված է առաջին հերթին դիմորդի հանգիստ պայմանների համար, որպեսզի հապճեպության մեջ սխալ ու անցանկալի որոշում չկայացվի: Դիմորդների արձագանքն էլ բավական լավ է եղել՝ հերթեր չկան, կուտակումներ Ընդունող հանձնաժողովի ներսում ևս՝ ինչն էլ թույլ է տալիս ոչ միայն արագ կողմնորոշվել, այլ նաև արագ լրացնել անհրաժեշտ փաստաթղթերը: Բացի այդ, դիմորդները հավելվածի միջոցով կարող են իրենց իսկ ցանկացած ժամին՝ նախօրոք նշելով, գալ Պոլիտեխնիկ դիմում լրացնելու համար: Վճարումն էլ կարող են կատարել EasyPay վճարային տերմինալի միջոցով: Նորարարության հովանավորն է «Յուքոմ» ընկերությունը:

Նշվեց, որ ըստ օրերի թարմացվել է Պոլիտեխնիկի կայքը, որտեղ ներկայացվում է դիմորդների հոսքի վերաբերյալ տեղեկատվություն՝ ըստ օրերի, կրթական ծրագրերում առկա մրցույթի և նույնիսկ մարզերի: Վերջին տվյալներով՝ Պոլիտեխնիկի դիմորդներից 830-ը տղաներ են, 198-ը՝ աղջիկներ։ 189 դիմորդ ունեցել ենք ՀԱՊՀ Ավագ դպրոցից։ «Պատիվ ունեմ» ծրագրով Պոլիտեխնիկ է դիմել 57 դիմորդ։

Դիմորդների քանակով առաջատար մասնագիտությունների ցուցակը գլխավորում է Ծրագրային ճարտարագիտությունը: Մեծ հոսք է նաև Տեղեկատվական տեխնոլոգիաների և Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա մասնագիտություններում նույնպես:

Ռեկտորը նշեց, որ Պոլիտեխնիկում կատարվել է ընդունելության ճիշտ պլանավորում և դրա արդյունքում է որ թափուր տեղեր ունեցող համալսարանների շարքացանկում Պոլիտեխնիկը չկա:

Օրակարգային երրրորդ հարցով պրոռեկտոր Ա. Գրիգորյանը առաջարկ ներկայացրեց «Ավտոմատացված համակարգեր և մոդելավորում» բազային գիտահետազոտական լաբորատորիան ակադեմիկոս Հարություն Թերզյանի անունով կոչելու մասին, որը ընդունվեց միաձայն:

8112 | 011710041 | 010520345