«ՀԷՑ» և «Տաշիր» ընկերությունները նոր հնարավորություններ են ստեղծում Պոլիտեխնիկի ուսանողների համար

«ՀԷՑ» և «Տաշիր» ընկերությունները նոր հնարավորություններ են ստեղծում Պոլիտեխնիկի ուսանողների համար

2019թ. հուլիսի 10-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում տեղի ունեցավ բուհի լավագույն շրջանավարտների՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունում աշխատանքի մրցույթի արդյունքների ամփոփումը։  Միջոցառմանը ներկա էին ՀԱՊՀ Հոգաբարձուների խորհրդի նախագահ Հովիկ Մուսայելյանը, ՀԱՊՀ ռեկտոր, պրոֆեսոր Ոստանիկ Մարուխյանը, «Տաշիր» ընկերությունների խմբի փոխնախագահ Կարեն Դարբինյանը, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանը և այլոք։

Մրցույթի արդյունքում պոլիտեխնիկական համալսարանի թվով 7 շրջանավարտ այս տարվա հուլիսի 15-ից աշխատանքի կանցնի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունում որպես ճարտարագետ։

2017թ. -ից «Տաշիր» ընկերությունների խմբի և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության նախաձեռնությամբ պոլիտեխնիկական համալսարանում գործում են աշխարհահռչակ ֆրանսիական «Schneider Electric» ընկերության «Գերազանցության» և «Կասկադ» ընկերության իննովացիոն կենտրոնները, որտեղ տեղակայված են էներգետիկայի և ավտոմատացման ոլորտի ժամանակակից տեխնոլոգիական լուծումներ։

Վերը նշված լաբորատորիաների ստեղծման արդյունքում տասյակ ուսանողներ ու երիտասարդ գիտնականներ այսօր հնարավորություն ունեն հմտություններ զարգացնել ու ծանոթանալ էներգետիկայի ու ավտոմատացման ոլորտում ժամանակակից տեխնոլոգիաներին։ Բարձր տեխնոլոգիական ժամանակակից սարքավորումներով հագեցած կենտրոնները նախատեսված են ոչ միայն ապագա մասնագետների, այլ նաև ոլորտի արդեն կայացած աշխատակիցների համար:

Ներկաներին ողջունեց նաև ՀԱՊՀ Հոգաբարձուների խորհրդի նախագահ Հ. Մուսայելյանը. «Ցանկանում եմ, որ այս միջոցառումը մեր հանրության կողմից ընկալվի հավուր պատշաճի: Եթե մենք ուզում ենք կառուցել տեխնոլոգիական երկիր, ապա բուհ – մասնավոր հատված համագործակցությունը պետք է լինի ամենակարևոր տեղում: Շնորհակալություն եմ հայտնում նաև Սամվել Կարապետյանին, քանի որ նա կարողացել է ընտրել երկրի զարգացման գործում անենաճիշտ ներդրում անելու ձևը՝ ներդրում կրթության ոլորտում: Կրթական համակարգում ներդրում անելը լուծում է ապագայում երկրի զարգացման հարցը: ցանկանում եմ, որ այս փորձը լինի վարակիչ», – նշեց Հ. Մուսայելյանը:

Բուհի ռեկտոր Ոստանիկ Մարուխյանն իր խոսքում նշեց, որ, «Տաշիր» ընկերությունների կողմից ստեղծված կենտրոնները կարող են ոչ միայն գիտության և տեխնոլոգիաների մեծ առաջխաղացում ապահովել, այլև հիմքեր ստեղծել գիտատեխնիկական արդյունաբերական արտադրության համար։ Ուրախալի է նաև, որ մեր ուսանողները, որոնք նաև վերապատրաստվել են կենտրոններում, հնարավորություն են ստացել աշխատանքի անցնել մեր երկրի ամենամեծ ու ամենաարդյունավետ կազմակերպություններից մեկում:

«Պոլիտեխնիկական համալսարանի և ՀԷՑ-ի 3 տարի առաջ մեկնարկած երկկողմանի համագործակցության ծրագրի առաջին փուլի ավարտն է: Այդ ծրագրի շրջանակներում իրականացված գործառույթների արդյունքում՝ շնորհիվ ՀԷՑ-ի ցուցաբերած աջակցության, մենք կարողացանք բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով իրականացնել  այնպիսի ուսումնառության գործընթաց, որը Հայաստանի կրթական համակարգում աննախադեպ էր և հստակորեն մոտիվացված գերազանց սովորող ուսանողներին աննախադեպ կրթաթոշակի տրամադրմամբ: ՀԱՊՀ Էներգետիկայի և էլեկտրատեխնիկայի ինստիտուտը իր վրա է վերցրել Հայաստանի էներգետիկ համակարգի համար բարձրորակ կադրերի պատրաստման գործը և  առաջին փուլը հաջողությամբ իրականացրել: Ուրախությամբ հայտնում եմ, որ առաջին փուլի արդյունքում, մեր ուսանողների հետ իրականացված որոշակի հարցազրուցային փուլի ավարտից հետո, ընտրվել են 7 ուսանողներ, ովքեր կաշխատեն ՀԷՑ-ում»,-նշեց ռեկտոր Ո. Մարուխյանը: Ռեկտորը շնորհակալություն  հայտնեց համագործակցության համար և հույս հայտնեց, որ այսուհետև այս համագործակցությաունը կիրականացվի ավելի մեծ թափով  և կզարգանա:

Հաշվի առնելով ՀԱՊՀ Էներգետիկայի և էլեկտրատեխնիկայի ինստիտուտի տեխնիկական վերազինման, կապիտալ վերանորոգումների բարձր մակարդակով իրականացման, մասնագիտական լսարանների կահավորման, գերազանցության կենտրոնների հիմնման և ուսանողական անվանական կրթաթոշակների տրամադրման կազմակերպական գործառույթներում ակնառու ներդրումը, հանդիպման ավարտին ռեկտոր Հոգաբարձուների խորհրդի նախագահ Հովիկ Մուսայելյանը, Գիտական խորհրդի անունից «Տաշիր» ընկերությունների խմբի փոխնախագահ, «ՀԷՑ» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ, ՀԱՊՀ Շրջանավարտների ասոցիացիայի գործադիր տնօրեն Կարեն Դարբինյանին  պարգևատրեց ՀԱՊՀ Ոսկե հուշամեդալով:

Հիշեցնենք, որ ծրագրի շրջանակում 2017թ.-ից «Տաշիր» բարեգործական ընկերությունը կրթաթոշակներ է տրամադրում Էներգետիկայի և էլեկտրատեխնիկայի և մեխանիկամեքենաշինական, տրանսպորտային համակարգերի և դիզայնի ինստիտուտի լավագույն առաջադիմություն ցուցաբերած ուսանողներին յուրաքանչյուրին տարեկան մինչև 6000 դոլարին համարժեք դրամի չափով: Մինչ օրս կրթաթոշակ է ստացել 136 ուսանող։