Պոլիտեխնիկցիները ստացան Սինոփսիսի «Բուհ-Արդյունաբերություն» կրթական մոդելով ուսումնառության որակավորման հավաստագրեր

Պոլիտեխնիկցիները ստացան Սինոփսիսի «Բուհ-Արդյունաբերություն» կրթական մոդելով ուսումնառության որակավորման հավաստագրեր

Սինոփսիս Արմենիա ընկերությունն հուլիսի 9-ին, հանդիսավոր արարողության ժամանակ որակավորման հավաստագրեր շնորհեց իր գործընկեր համալսարաններից «Բուհ-Արդյունաբերություն» կրթական մոդելով 2019թ․-ին իրենց ուսումնառությունը հաջողությամբ ավարտած 116  շրջանավարտների՝ 64  բակալավրի և 52 մագիստրոսի, որոնցից 91-ը (78%-ը) արդեն աշխատում են Սինոփսիսի ճարտարագիտական բաժանմունքներում։ Ուշագրավ է, որ 116 շրջանավարտներից 56-ը (48%-ը) իգական սեռի ներկայացուցիչներ են։

2004թ․-ին սկսելով «Բուհ-Արդյունաբերություն» կրթական մոդելի իրականացումը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) հետ՝ Սինոփսիսը շարունակաբար ընդլայնել և հարստացրել է այդ հաջող փորձը Հայաստանի այլ առաջատար բուհերի հետ՝ 2005-ին հիմնելով համագործակցությունը Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ), 2007-ին՝ Հայ-Ռուսական համալսարանի (ՀՌՀ) և 2011-ին՝ Եվրոպական համալսարանի (ԵՀ) հետ։ Այս տասնհինգ տարիների ընթացքում Սինոփսիս Արմենիայի ուսումնական դեպարտամենտն ավարտել են 948 կիսահաղորդչային արդյունաբերության ժամանակակից պահանջներին բավարարող արտադրությանը պատրաստ շրջանավարտներ՝ համալրելով ինտեգրալ սխեմաների (IC) նախագծման և էլեկտրոնային նախագծման ավտոմատացման (EDA) ոլորտի աշխատաշուկան:

««Բուհ-Արդյունաբերություն» կրթական մոդելը, որը լավագույնս զուգակցում է ակադեմիական կրթության և բիզնես միջավայրի առավելությունները, մեզ հնարավորություն է տալիս պատրաստել միկրոէլեկտրոնիկայի ոլորտում բարձր որակավորում և գործնական հմտություններ ունեցող մասնագետներ», – ասում է Սինոփսիս Արմենիայի Նախագահ Դր․ Երվանդ Զորյանը։ «Սինոփսիս Արմենիայի Ուսումնական դեպարտամենտը շարունակաբար զարգացնում է իր տեխնիկական ենթակառուցվածքն ու գիտակրթական միջավայրը։ Դեպարտամենտի արձանագրած արդյունքներն ինքնին խոսուն են․ այս տարիների ընթացքում դեպարտամենտում իրականացվել և հաջողությամբ պաշտպանվել են 69 թեկնածուական ատենախոսություններ, հրատարակվել են 11 մենագրություններ, լույս են տեսել և ներկայացվել 310 գիտական հոդվածներ և 170 զեկույցներ»։

Մատենադարանի վեհաշուք դահլիճում հանդիսավոր պայմաններում Սինոփսիսի ավարտական հավաստագրեր ստացան ՀԱՊՀ 75 (50 բակալավր և 25 մագիստրոս), ԵՊՀ 17 (9 բակալավր և 8 մագիստրոս), ԵՀ 12 մագիստրոս և ՀՌՀ 12 (5 բակալավր և 7 մագիստրոս) շրջանավարտներ։

Հավաստագրերի շնորհման արարողությանը ներկա էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Գրիշա Թամրազյանը, ԱԺ պատգամավոր, «Սինոփսիս Արմենիա»-ի ուսումնական դեպարտամենտի շրջանավարտ Գևորգ Գորգիսյանը, «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն, Սինոփսիս Արմենիայի Նախագահ Դր․ Երվանդ Զորյանը, ՀԱՊՀ Հոգաբարձուների խորհրդի նախագահ, Սինոփսիս Արմենիայի տնօրեն Հովիկ Մուսայելյանը, Պոլիտեխնիկի ռեկտոր, պրոֆեսոր Ոստանիկ Մարուխյանը, ղեկավար ու պրոֆեսորադասախոսական կազմի այլ ներկայացուցիչներ:

Բացման խոսքով հանդես եկավ Սինոփսիս Արմենիայի տնօրեն, ՀԱՊՀ Հոգաբարձուների խորհրդի նախագահ Հովիկ Մուսայելյանը, շնորհավորելով ուսանողներին, նշեց, որ ընկերությունը շարունակում է գործունեությունը Հայաստանում տեխնոլոգիական համալսարանական կրթական ծրագրերով` նպաստելով երկրում տնտեսության զարգացմանը:

«Գործընկեր համալսարանների հետ իրականացվող կրթական ծրագիրը ներառում է և՛ բակալավրական, և՛ մագիստրոսական, և՛ ասպիրանտական ուսուցման ծրագրերը, որոնք հաջողությամբ ավարտելուց հետո շրջանավարտները տվյալ համալսարանի ավարտական դիպլոմի հետ մեկտեղ ստանում են Սինոփսիսի որակավորման հավաստագիր, որը վկայում է ժամանակակից արտադրական նախագծերի մեջ նրանց ներգրավման շնորհիվ ձեռք բերած գործնական հմտությունների մասին և հնարավորություն է տալիս աշխատանքի տեղավորվել թե՛ Սինոփսիսում, և թե՛ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործող այլ ընկերություններում», – ասում է ՀԱՊՀ Հոգաբարձուների խորհրդի նախագահ, Սինոփսիս Արմենիայի տնօրեն Հովիկ Մուսայելյանը:

ՀԱՊՀ ռեկտոր, պրոֆեսոր Ո.Մարուխյանը շնորհավորելով ուսանողներին իր խոսքում նշեց, որ «Բուհ-Արդյունաբերություն» կրթական մոդելն հաջողված է: «Սինոփսիսի կողմից տրամադրված ծրագրային գործիքային միջոցների և տեխնոլոգիաների լայն ընտրանու նպատակասլաց օգտագործման շնորհիվ այսօրվա շրջանավարտները համալրում են ոլորտի առավել լավ պատրաստված մասնագետների բանակը և սկսում աշխատել իրենց մասնագիտությամբ»,-նշեց ռեկտոր, պրոֆեսոր Ոստանիկ Մարուխյանը:

Շնորհավորելով նրանց՝ Սինոփսիս Արմենիայի Ուսումնական դեպարտամենտի տնօրեն Պրոֆ․ Վազգեն Մելիքյանը նշեց․ «Ուրախ եմ տեսնել, որ ձեզնից շատերն արդեն աշխատում են մասնագիտությամբ, և հատկապես ոգևորիչ է, որ դուք հենց առաջին օրվանից կարողանում եք ձեր աշխատատեղում արդյունավետ լինել»։ Անդրադառնալով «Բուհ-Արդյունաբերություն» կրթական մոդելին, նա ավելացրեց, – «Մեր գործընկեր համալսարանների հետ իրականացվող կրթական ծրագրում ընդգրկված ուսանողներին հասանելի են Սինոփսիսի Էլեկտրոնային ավտոմատացված նախագծման գերժամանակակից ծրագրային փաթեթներն ու համաշխարհային հեղինակավոր համալսարանների կողմից ճանաչված և օգտագործվող համապարփակ ուսումնական նյութերը։ Ի լրումն, Սինոփսիսը նաև տրամադրում է 90, 32/28 և արդեն նաև 14 նանոմետր տեխնոլոգիայով ուսումնական նախագծման հավաքածուներ (EDK, iPDK), ինչը հնարավորություն է տալիս ուսանողներին ուսումնական միջավայրում ձեռք բերել գերժամանակակից ինտեգրալ սխեմաների նախագծման հմտություններ»:

Սինոփսիսում կարևոր ձեռբերում են համարում նաև այն, որ Ուսումնական դեպարտամենտի շրջանավարտներից ոմանք աշխատանքին զուգահեռ նաև դասավանդում են ուսումնական դեպարտամենտում՝ համալրելով դասախոսական շարքերը։ Այսօր, ուսումնական դեպարտամենտի 50 դասախոսներից 22-ը Սինոփսիս Արմենիայի առաջատար ճարտարագետներն են։

 

* * *

 

Սինոփսիս ընկերության և Սինոփսիս Արմենիա ՓԲԸ-ի մասին

Սինոփսիս ընկերությունը (Nasdaq:SNPS) առօրյա կյանքում անհրաժեշտ էլեկտրոնային արտադրանք ու ծրագրային հավելվածներ մշակող նորարական ընկերությունների Սիլիկոնից՝ ծրագրային ապահովում™ (Silicon to Software™) գործընկերն է: Որպես աշխարհի ծրագրային ապահովման 15-րդ խոշորագույն ընկերություն՝ Սինոփսիսն ունի էլեկտրոնային նախագծման ավտոմատացման (ԷՆԱ) և կիսահաղորդչային մտավոր սեփականության (ՄՍ) համաշխարհային շուկայում առաջատար լինելու երկարատև պատմություն, միևնույն ժամանակ ընդլայնելով  ծրագրային անվտանգության և որակի ստուգման լուծումների ոլորտում իր առաջատարությունը : Թե՛ գերժամանակակից կիսահաղորդիչներ ստեղծող ինտեգրալ սխեմաների նախագծողների, և թե՛ ամենաբարձր անվտանգություն և որակ պահանջող կիրառական ծրագրեր ստեղծող ծրագրավորողների համար Սինոփսիսն ունի անհրաժեշտ լուծումները նորարարական, բարձրորակ ու անվտանգ արտադրանք տալու համար: Ավելին՝ www.synopsys.com կայքում:

Սինոփսիս ընկերությունը սկսել է իր գործունեությունը Հայաստանում 2004 թ.-ին՝ որպես Սինոփսիս Արմենիա փակ բաժնետիրական ընկերություն (ՓԲԸ): Սինոփսիս Արմենիա ՓԲԸ-ն զբաղվում է գիտահետազոտական և ճարտարագիտական աշխատանքներով՝  էլեկտրոնային նախագծման ավտոմատացման (ԷՆԱ), արտադրության համար նախագծման (ԱՀՆ) և կիսահաղորդչային մտավոր սեփականության (ՄՍ) մշակման ոլորտներում: Ունենալով ավելի քան 700 որակյալ հայ մասնագետներ՝ Սինոփսիսը Հայաստանի ՏՏ ոլորտի խոշորագույն գործատուներից մեկն է: Բարձր որակավորում և գործնական հմտություններ ունեցող մասնագետներ պատրաստելու համար Սինոփսիսը մեծ ներդրումներ է անում Հայաստանի կրթության համակարգում։ ՏՏ ոլորտի նկատմամբ հետաքրքրությունը խթանելու նպատակով ընկերությունն իրականացնում և հովանավորում է տարբեր ծրագրեր և մրցույթներ: Սինոփսիս Արմենիայի ներդրումները միայն ՏՏ ոլորտով չեն սահմանափակվում: 2010 թ․-ին ԱՄՆ պետքարտուղարության կողմից Սինոփսիս ընկերությունը ճանաչվել է Կորպորատիվ գերազանցության ամենամյա մրցանակաբաշխության համաշխարհային լավագույն 12 ընկերություններից մեկը՝ Հայաստանում օրինակելի կորպորատիվ քաղաքացի լինելու, նորարարության և հաջողված բիզնես իրականացնելու համար: Սինոփսիս Արմենիան տեղակայված է Երևանում։ Ավելին՝ www.synopsys.am կայքում: