Հուլիսի 4-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում տեղի ունեցավ Էրազմուս+ «Նորարարական և բաց համագործակցային հարթակի միջոցով ակադեմիա–արդյունաբերություն դաշինքի խթանումը հանուն հետազոտության և մշակման» (All4R&D) նախագծի տեղեկատվական միջոցառումը, որին մասնակցեցին նախագծի շրջանակում գործընկերներ հանդիսացող Ճարտարապետության և շինարարության հայաստանի ազգային համալսարանի, Երևանի կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտի, ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի, Պոլիտեխնիկական համալսարանի, ինչպես նաև գործարար աշխարհի ներկայացուցիչներ:
Տեղեկատվական միջոցառման սկզբում ողջույնի խոսքով հանդես եկավ ՀԱՊՀ Միջազգային համագործակցության և կրթական բարեփոխումների գծով պրոռեկտոր Ռուբեն Աղգաշյանը։
«Ծրագիրը շատ կարևոր խնդրի լուծման է ուղղված, նամանավանդ ինժեներական համալսարանների համար։ Իզուր չէ, որ հայաստանյան երկու մասնակից համալսարաններն էլ ինժեներական են՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական և Ճարտարապետության և շինարարության հայաստանի ազգային համալսարանները։ Հիմնական խնդիրը որոշակի եռանկյան գագաթների միջև հստակ համագործակցության խորացումն է՝ ուսումնական գործընթացի – հետազոտության – գործատուների հետ կապերի խորացման։ Այս տեսակետից All4R&D նախագիծը նպատակ ունի փորձել այսօրվա տեղեկատվական տեխնոլոգիաների գործիքամիջոցների օգտագործման միջոցով նպաստել նշված խնդիրների լուծման մեջ որոշակի ներդրում անելուն» – նշեց Ռ․ Աղգաշյանը։
Միջոցառման ընթացքում զեկույցներով հանդես եկան Տեղեկատվական անվտանգության և ծրագրային ապահովման ամբիոնի վարիչ Գևորգ Մարկարովը, ՀՀ ԳԱԱ ԻԱՊԻ փոխտնօրեն Վլադիմիր Սահակյանը, Տեղեկատվական անվտանգության և ծրագրային ապահովման ամբիոնի դոցենտ Ռոբերտ Հակոբյանը և այլք: Մանրամասն ներկայացվեցին ծրագրի աշխատանքային փաթեթները, դրանցում ընդգրկված գործառույթները և, թե ինչ ակնկալիքներ կան դրանց իրականացումից։
Էրազմուս+ All4R&D նախագծի մասին ներկայացումից հետո անցկացվեց բազմաբովանդակ և ծավալուն քննարկում։