Պոլիտեխնիկի շրջանավարտներին շնորհվեցին դիպլոմներ

Պոլիտեխնիկի շրջանավարտներին շնորհվեցին դիպլոմներ

Ս.թ հունիսի 28-ին ՀԱՊՀ 2-րդ մասնաշենքի Մեծ դահլիճում տոնական տրամադրություն էր: Համալսարանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտները հանդիսավոր կերպով ստացան բարձրագույն կրթությունը փաստող վավերագրերը՝ ավարտական դիպլոմները:

Շրջանավարտների կողքին էին համալսարանի ղեկավարությունը, պրոռեկտորները, ինստիտուտների տնօրենները, վաստակաշատ դասախոսներ, ծնողներ ու հարազատներ: Նրանք եկել էին իրենց սրտի խոսքն ասելու և բարի երթ մաղթելու իրենց սաներին, հարազատներին, զավակներին` հանրապետության տեխնոլոգիական մայր բուհի շրջանավարտներին, նրանց, ովքեր վաղը կշենացնեն հայրենական տնտեսությունը, կզարգացնեն հայ տեխնիկական միտքը:

Մինչ ավարտական վկայականների հանձնման արարողության մեկնարկը՝ հիշարժան օրվա առթիվ իր ողջույնի և շնորհավորանքի խոսքը հղեց ՀԱՊՀ Կրթական ծրագրերի և ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Մ․ Բաղդասարյանը, ով իր խոսքում մասնավորապես նշեց. «Հարգելի շրջանավարտներ, հերթական անգամ համալսարանը մեծ դժվարությամբ է հրաժեշտ տալիս իր սաներին։ Ես վստահ եմ, որ Ձեր ուսումնառության տարիները եղել են ուրախությամբ լի։ Հույս ունեմ ուսումնառության այս տարիների ընթացքում դուք մասնագիտացել եք՝ տարեցտարի՝ աստիճանանաբար ուրվագծելով ձեր աշխատանքային հեռանկարները, ձեռք եք բերել այնպիսի որակներ, որոնք կօգնեն ձեզ լինել լիարժեք մրցունակ և համապատասխան ժամանակակից աշխատաշուկայի պահանջներին: Մաղթում եմ բոլորիդ կանաչ ճանապարհ և հաղթանակներ կյանքի նոր շրջափուլում»:

Շրջանավարտներին շնորհավորեցին նաև Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ու էլեկտրոնիկայի ինստիտուտի տնօրեն Սիրանուշ Մանուկյանը, Էներգետիկայի և էլեկտրատեխնիկայի ինստիտուտի տնօրեն Համբարձում Հովսեփյանը, Ընդերքաբանության և մետալուրգիայի ֆակուլտետի դեկան Ալբերտ Ֆրանգուլյանը և այլք։ Նրանք շրջանավարտներին  բարեմաղթանքների հետ մեկտեղ հորդորեցին կյանքում գնահատել ու կարևորել աշխատանքը և երբեք չխզել կապը մայր բուհի հետ:

Ուսանողները ևս անմասն չմնացին և իրենց երախտագիտության խոսքն ուղղեցին ինչպես բուհի ղեկավարությանը, այնպես էլ յուրաքանչյուր աշխատակցի: