Պոլիտեխնիկը մասնակցեց «Հայաստան – Ինժեներական շաբաթ» համաժողով – ցուցահանդեսին

Պոլիտեխնիկը մասնակցեց «Հայաստան – Ինժեներական շաբաթ» համաժողով – ցուցահանդեսին

Հունիսի 24-ից 28-ը Երևանում և Վանաձորում անցկացվեց «Հայաստան-Ինժեներական շաբաթ» խորագրով միջոցառումների շարքը՝ ՀՀ կառավարության, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի և Ինժեներական ասոցիացիայի  նախաձեռնությամբ: Միջոցառման գործընկերներն էին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը, Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաները, Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնը, Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը, Նեյշնլ Ինստրումենթս ընկերությունը, Ինժեներական քաղաքը և այլն։

Շաբաթվա ընթացքում տեղի ունեցան բարձր տեխնոլոգիաների ոլորտի եռօրյա նեղ մասնագիտական սեմինարներ, ցուցադրություններ և փորձի փոխանակմանն ուղղված միջոցառումներ։

Ներկայացվեցին նորագույն մշակումներ այնպիսի դինամիկ զարգացող ոլորտներում, ինչպիսիք են ավտոմոբիլային արդյունաբերությունը, 5G անլարհաղորդակցությունը, Միկրոէլեկտրոնիկան, Արդյունաբերական իրերի ինտերնետը (IIOT), ԳԲՀ համակարգերը, Տվյալների գիտությունը եւ Մեքենայական ուսուցումը:

Ֆորումը ներառում էր հետևյալ թեմաները՝ Ավտոմոբիլային արդյունաբերության զարգացման միտումները, ակտիվ անվտանգության, ինքնավար և էլեկտրական տրանսպորտային միջոցների համակարգերի մշակման և թեստավորման ժամանակակից մոտեցումները, Ռադիոէլեկտրոնային համակարգերի և համալիրների մշակում` ռադարների, ռադիոազդանշանների մոնիթորինգի և ուղորոշման համար, Գերբարձր ինտեգրացիայով միկրոսխեմաների և ինտեգրված պրոցեսորով չիպերի թեստավորման ժամանակակից համակարգեր, 5G ցանցերի համար նախատեսված միկրոսխեմաների զարգացման միտումները և դրանց թեստավորման խնդիրները, SDR համակարգերի նախագծում LabVIEW և Բաց Կոդով (GNU Radio, RFNoC) ծրագրային միջավայրերում, 5-րդ սերնդի բջջային կապի (5G) հետազոտական համակարգերի մշակում, Արդյունաբերական IOT, Տվյալների գիտությունը և մեքենայական ուսուցումը ճարտարագիտական խնդիրներում, Ուսումնական ու գիտահետազոտական լաբորատորիաներ և փորձարարական հարթակներ:

Այս տարի «Ինժեներական շաբաթն» անցկացվեց երրորդ անգամ։ Առաջին երկու տարիներին անցկացվող «Ինժեներական ֆորումը» սահմանափակվում էր 1 օրով՝ ոլորտի հայաստանյան ու արտասահմանցի մասնագետները հավաքավում էին քննարկում, լուծումներ առաջարկում։ Այս տարի «Ինժեներական շաբաթը» այլ ձևաչափ էր որդեգրել։ Այն ընդգրկել էր ոչ միայն Վանաձորը, այլ նաև Երևանը։ Ամբողջ շաբաթ քննարկումներից, կնքված հուշագրերից ու համագործակցության պայմանավորվածություններից  հետո, «Ինժեներական շաբաթվա» վերջին օրն ացկացվեց Վանաձորում, որտեղ ևս տեղի ունեցան պանելային քննարկումներ։

Պանելային քննարկումներին իրենց ակտիվ մասնակցություն են ունեցել  ՀԱՊՀ Գիտության և գիտատեխնոլոգիական համագործակցության գծով պրոռեկտոր Ա․ Գրիգորյանը, ով «Գիտություն և հետազոտություն» սեկցիայում ներկայացրել է ՀԱՊՀ-ի կարողությունները և ձեռբերումները, ՀԱՊՀ Միջազգային համագործակցության և կրթական բարեփոխումների գծով պրոռեկտոր Ռ․ Աղգաշյանը, ով հանդես է եկել «Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ապագան» պանելում և ՀԱՃԼ համակարգող Ա․ Մխիթարյանը, ով զեկույց է ներկայացրել «Կրթական նոր տեխնոլոգիաներ» թեմայով։

Համաժողովին զուգահեռ ընթանում էր ինժեներական ցուցահանդես, որը  բաց էր այցելունների առջև: Ցուցահանդեսի շրջանակում իրենց արտադրանքը, լուծումները և ծառայությունները  ներկայացրեցին տեղական և միջազգային բազմաթիվ կազմակերպություններ։ Պոլիտեխնիկական համալսարանը ևս  ներկայացել է մի շարք ուսանողական նախագծերով:

«Բացի այն, որ ինժեներական շաբաթն ունի Հայաստանի համար մեծ նշանակություն, նշանակալից է նաև տարածաշրջանի համար, քանի որ ՀՀ կառավարությունն ու Բարձր տեխնոլոգիաների և ռազմարդյունաբերության նախարարությունը նպատակ են դրել Հայաստանի առաջատարությամբ ստեղծել հզոր ՏՏ տարածաշրջան։ Իսկ պետական մակարդակով աջակցությունը արտասահմանցի հյուրերին ցույց է տալիս, որ Հայաստանում ՏՏ ճյուղի զարգացումը կարևոր պայման է հանդիսանում և այստեղ պատրաստ են ամեն ինչ անել՝ ոչ միայն տարածաշրջանում այլ նաև աշխարհում առաջատար դիրքեր գրավելու համար։ Ինժեներական շաբաթվա ամփոփիչ օրը Վանաձորում կարևոր է, քանի որ տեխնոլոգիական զարգացումը չի նշանակում միայն Տեխնոլոգիական Երևանի ստեղծում»,- նշել է  ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հ․ Արշակյանը միջոցառման փակման արարողության ժամանակ։

«Հայաստան-Ինժեներական շաբաթ»-ը ամփոփվեց հուշագրերի ստորագրմամբ, ՀԱՊՀ-ում իրականացվող «Արդյունաբերական և համակարգային ինժեներություն» համատեղ պիլոտային մագիստրոսական ծրագրի մասնակիցներին վկայագրերի հանձման արարողությամբ ու «Բամբիռ» ռոք խմբի համերգով։

8112 | 011710041 | 010520345