Պոլիտեխնիկի Ոսկե մեդալ շնորհվեց «Սինոփսիս» ընկերության գործադիր տնօրեն Աարտ դե Ջիզին

Պոլիտեխնիկի Ոսկե մեդալ շնորհվեց «Սինոփսիս» ընկերության գործադիր տնօրեն Աարտ դե Ջիզին

«Մարդու ուղեղը անգնահատելի է և կատարյալ, երբեք չես իմանա, թե որ պահին այն ինչպես կփայլատակի»։

Դր․ Աարտ դե Ջիզ

Հունիսի 21-ին  «Սինոփսիս» ընկերության գործադիր տնօրեն դր․ Աարտ դե Ջիզը հյուրընկալվեց Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում։ Հանդիպմանը ներկա էին ՀԱՊՀ Հոգաբարձուների խորհրդի նախագահ, «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հ․ Մուսայելյանը, ՀԱՊՀ Կրթական ծրագրերի և ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Մ․ Բաղդասարյանը, «Սինոփսիս» ընկերության Հայաստանի նախագահ Եր․ Զորյանը, Ուսումնական դեպարտամենտի տնօրեն Վ․ Մելիքյանը, «Սինոփսիս Արմենիա» ընկերության հանրության հետ կապերի ղեկավար Գ. Մարկոսյանը, պրոռեկտորներ, ինստիտուտների տնօրեններ, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ և ուսանողներ։

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Աարտ դե Ջիզի ակնառու ներդրման համար և ի նշանավորումն Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան կատարած նրա այցելության` բուհի Ռեկտորատի որոշմամբ դր․ Աարտ դե Ջիզին շնորհվեց ՀԱՊՀ Ոսկե մեդալ:

Լեգենդար հյուրին ողջունեց ՀԱՊՀ Կրթական ծրագրերի և ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Մարինկա Բաղդասարյանը։ «Դր․ Աարտ դե Ջիզը 1986 թվականից՝ «Սինոփսիս» ընկերության հիմնադրումից ի վեր, մեծ գործունեություն է ծավալել նրանում, մասնավորապես բարձր տեխնոլոգիաների բնագավառում ընկերությունը համաշխարհային համբավի հասցնելու համար։ Նա հսկայական գործունեություն է  ծավալել ընկերության առաջընթացի գործում և այսօր հանդիսանում է աշխարհի լավագույն փորձագետներից մեկը։ Նա հաճախ մասնակցում է տարբեր գիտաժողովների, որոնք նվիրված են էլեկտրոնիկային և ավտոմատացված նախագծման համակարգերին։ Հսկայական գործունեություն է նա ծավալել տեխնիկական օգտարարության, ինչպես նաև հասարակական նվաճումների ուղղությամբ, որի շնորհիվ նա ընդգրկվել է զանազան միությունների և խորհուրդների կազմում, ինչպես նաև արժանացել է բազմաթիվ պարգևների։ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը բարձր է գնահատում նրա դերակատարությունը համալսարանի և «Սինոփսիս» ընկերության համագործակցության արդյունավետ իրականացման  համար և ուրախ է հանձնել նրան ՀԱՊՀ Ոսկե մեդալ», – նշեց Մ․ Բաղդասարյանը:

«Սինոփսիսը ընկերությունը իր գործունեությունը սկսել է 33 տարի առաջ՝ Սիլիկոնյան հովտում՝ նորարարությամբ։ Բայց  դրանից հետո ամեն տարի աճ է գրանցել հենց Դր․ Աարտ դե Ջիզի ղեկավարությամբ։ Այսօր ընկերությունը աշխարհի ղեկավար ընկերություններից մեկն է կիսահաղորդչային սարքերի բնագավառի մեջ, ունի 13500 աշխատակիցներ։ Հայաստանյան ընկերությունը երկրորդն, է իր մեծությամբ ընկերության բոլոր մասնաճյուղերի մեջ», -նշեց Եր․ Զորյանը։

Եր․ Զորյանը նշեց նաև, որ ուրախ է, որ Պոլիտեխնիկի ուսանողները հնարավորություն ունեն լսելու Դր․ Աարտ դե Ջիզի պատգամը և կարծիքը նորագույն տեխնոլոգիաների զարգացման ապագայի մասին։ «Չափազանց կարևոր է, որ մեր երիտասարդները հնարավորություն ունեն լսելու մարդու, ով իր ոլորտում իրապես նորը ստեղծած մարդ է, ում դարակազմիկ հայտնագործությունները թելադրել են աշխարհի զարգացման հետագա ուղղությունը», – նշեց նա։

Հանդիսավոր արարողությունից հետո Աարտ դե Ջիզը դասախոսության միջոցով ներկայացրեց իր համահիմնադրած ընկերության` «Սինոփսիս»-ի անցած տեխնոլոգիական զարգացման ճանապարհը, անդրադարձավ ժամանակակից ինժեներության մարտահրավերներին, խոսեց չիպերի  ստեղծման, նրանց պատմության և զագացման փուլերի մասին։ Նշեց, որ տարիներ առաջ կիսահաղորդչային սարքերի ոլորտում նոր քայլ անելու համար դարեր են պահանջվել, իսկ այսօր տարիներ, տասնամյակից էլ քիչ։

Դր․ Աարտ դե Ջիզը նշեց, որ միկրոէլեկտրոնիկայի բնագավառում ամեն օր կարող է նոր բան ստեղծվել, և եղած նորը մեկ օրում դառնալ հին, քանի որ ամեն ինչի հիմքը միտքն է՝ ճարտարագիտությամբ փաթեթավորված միտքը։

Դր․ Աարտ դե Ջիզը խոսեց նաև այն մասին, թե ինչպես է առնչվում միկրոէլեկտրոնիկան գիտության բոլոր ճյուղերի հետ։

Հանդիպման ավարտին նա հորդորեց ուսանողներին սիրել իրենց աշխատանքը․ «Եթե չսիրեք ձեր աշխատանքը, որակով բան երբեք չեք կարող ստեղծել», – նշեց նա։ Այնուհետև նա պատասխանեց ուսանողների ու դասախոսական կազմի ներկայացուցիչների հարցերին։