Պոլիտեխնիկը դեպի մեծ կյանք ճանապարհեց իր շրջանավարտներին

Պոլիտեխնիկը դեպի մեծ կյանք ճանապարհեց իր շրջանավարտներին

Երկար ու ձիգ ավարտական քննություններից, դիպլոմային կամ մագիստրոսական ավարտական աշխատանքների պաշտպանությունից հետո, ի վերջո, հունիսի 11-ին Մեխանիկամեքենաշինական, տրանսպորտային համակարգերի և դիզայնի ինստիտուտի բակալավրական և մագիստրոսական կրթական ծրագրերով սովորող ուսանողների համար եկավ դիպլոմը ստանալու բաղձալի ժամանակը…

Պոլիտեխնիկը դեպի մեծ կյանք ճանապարհեց իր շրջանավարտների հերթական հոսքին։ ՀԱՊՀ Մեխանիկամեքենաշինական, տրանսպորտային համակարգերի,  և դիզայնի ինստիտուտի բակալավրի կրթական աստիճան ստացան 117 ուսանող, որից 11-ը գերազանցության դիպլոմով, իսկ մագիստրոսի կրթական աստիճան՝ 23-ը, որից 4-ը՝ գերազանց։ Դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությանը մասնակցում էին ՀԱՊՀ Հոգաբարձուների խորհրդի նախագահ Հ․ Մուսայելյանը, ռեկտոր Ո․ Մարուխյանը, ռեկտորի տեղակալ Գ․ Վարդանյանը, ՄՏԴ ինստիտուտի տնօրեն Կ․ Արզումանյանը։

Ներկաներին առաջինը ողջունեց և շնորհավորեց ՀԱՊՀ Հոգաբարձուների խորհրդի նախագահ Հ․ Մուսայելյանը՝  նշելով․ «Անչափ հաճելի է, երբ տեսնում ենք, թե ինչպիսի հանդիսավոր պայմաններում եք ստանում ձեր ավարտական դիպլոմները։ Մենք  դիպլոմը ստանում էինք մի փոքր սենյակից, սակայն դա չեր նսեմացնում մեր դիպլոմի արժեքը։ Վստահ եմ, որ ձեր ստացած գիտելիքները կծառայեցնեք մեր երկրին»։

Օրվա խորհրդի և կարևորության մասին խոսեց ՀԱՊՀ ռեկտոր Ո․ Մարուխյանը, ով առիթը նաև պատեհ համարեց` պատգամներ հղելու համար. «Ամենքդ ձեր կարողություններով և հնարավորություններով նպաստեք մեր երկրի կայացմանը, մեր ձեռքբերումների բազմապատկմանը, և ոչ մի քայլ դեպի հետ։ Մաղթում եմ երբևէ չընկրկել դժվարությունների առջև, որպեսզի կարողանաք կարևորը չզոհաբերել երկրորդականին: Ձեր առջև մեծ խնդիրներ և բարձր նշաձող դրեք և հետևողական աշխատանքով հասեք այդ նշաձողին»:

Ռեկտորի տեղակալ Գ․ Վարդանյանը հավաստիացրեց, որ համալսարանը շարունակելու է շրջանավարտների կողքին լինել նաև ուսումնառությունից հետո, աջակցել նրանցև ուրախանալ նրանց հաջողություններով, որոնք նաև բուհի հաջողություններն են: Նա նշեց որ միշտ էլ Պոլիտեխնիկի ուժը նրա բազմահազար շրջանավարտներն են եղել և ինքը վստահ է, որ այդպես լինելու է միշտ։ Գ․ Վարդանյանը հորդորեց երբեք չկտրվել հարազատ Պոլիտեխնիկից։

Իր շնորհավորանքի և բարեմաղթանքի խոսքը հղեց նաև ՄՏԴ ինստիտուտի տնօրեն Կ․ Արզումանյանը։ Նա մաղթեց երբեք չընկրկել և հաղթահարել կյանքի բոլոր խոչընդոտները։ «Նրանց, ովքեր զորակոչվելու են Ազգային բանակ մաղթում եմ, որ պատվով ծառայեն և վերադառնան տուն», -նշեց Կ․ Արզումանյանը։