Պոլիտեխնիկ այցելեց Քյոլնի տեխնիկական համալսարանի ռեկտորը

Պոլիտեխնիկ այցելեց Քյոլնի տեխնիկական համալսարանի ռեկտորը

Հունիսի 10-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան այցելեց Քյոլնի տեխնիկական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր դր. Շտեֆան Հերցիգը։ Շ․ Հերցիգը Պոլիտեխնիկական համալսարան էր այցելել Քյոլնի տեխնիկական համալսարանի և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի միջև ստորագրված համագործակցության հուշագրի շրջանակներում։

Ռեկտորի ընդունարանում հյուրին դիմավորեցին ռեկտոր, պրոֆեսոր Ոստանիկ Մարուխյանը, ՀԱՊՀ պրոռեկտորներ Կ․ Արզումանյանը, Մ․ Բաղդասարյանը, Գլխավոր հաշվապահ Կ․ Խաչատրյանը, Միջազգային համագործակցության և դրամաշնորհային ծրագրերի վարչության պետ Մ․ Մանգասարովան։

Ռեկտոր  Ո․ Մարուխյանը  որոշ մանրամասներ ներկայացրեց Պոլիտեխնիկի պատմությունից, ուսումնական ու գիտական գործընթացներից, ինչպես նաև այլ համալսարանների և միջազգային կառույցների հետ համագործակցության ոլորտից:

Ռեկտորները մանրամասնորեն քննարկեցին գիտական ոլորտում կապերի զարգացման հեռանկարները։ Կողմերը նշեցին, որ համաձայն անցած տարի կնքված հուշագրի՝ բուհերը կզարգացնեն գիտական համագործակցությունը տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտում։ Համագործակցության եզրեր գտնվեցին Կիրառական քիմիայի, Համակարգչային գիտության և  ճարտարագիտության, Էլեկտրատեխնիկայի, էներգետիկայի, Դիզայնի, Լոգիստիկայի, Մեքենաշինության, Ավտոմատացման և մի շարք այլ մասնագիտությունների գծով։

Հյուրը շրջայց կատարեց  Պոլիտեխնիկական համալսարանում։ Եղավ Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաներում, շրջեցին Ռոբոտաշինության, Հեռահաղորդակցման, Ներկառուցվող համակարգերի, Ճշգրիտ չափումների, Տվյալների հավաքագրման-չափումների գիտահետազոտական լաբորատորիաներով: ՀԱՃԼ համակարգող Ամալյա Մխիթարյանը դեսպանին ներկայացրեց արդի լաբորատոր սարքավորումները ռոբոտաշինության, կապի և հեռահաղորդակցման ոլորտներում:

Այնուհետև պրոֆեսոր Շ․ Հերցիգը այցելեց Օդային ռոբոտատեխնիկայի ուսումնահետազոտական կենտրոն։ Կենտրոնի գիտական ղեկավար Օլեգ Գասպարյանը նշեց, որ կենտրոնը կոչված է բարելավելու ինժեներական կրթության կազմակերպման որակը, նպաստելու համալսարանում հեռանկարային և երկրի պաշտպանունակության ամրապնդմանը միտված մասնագիտական ուղղությունների ներդրմանն ու զարգացմանը, ինչպես նաև աջակցելու տարբեր բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների և երիտասարդ գիտնականների կողմից արդիական ուսումնահետազոտական ծրագրերի իրականացմանը: Օ․ Գասպարյանը հյուրին ներկայացրեց Օդային ռոբոտատեխնիկայի ուսումնահետազոտական կենտրոնը, որը համալրված է շարժումը գրանցող սարքավորումների և համապատասխան ծրագրային ապահովումը մշակող անգլիական «Վիկոն» ընկերության համապատասխան համակարգերով:

Այստեղ պրոֆեսոր Շ․ Հերցիգը ևս ներկայացրեց Քյոլնի տեխնիկական համալսարանը։  Խոսեց համալսարանի մասնաճյուղերի, ուսանողների թվի, գիտահետազոտական կենտրոնների, ֆակուլտետների մասին։  Ռեկտորը նշեց, որ իրենց բուհում այժմ մեծ աշխատանքներ են տարվում արհեստական բանականության, վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության  ուղղություններով։

Պրոֆեսոր Շ․ Հերցիգը եղավ նաև Միջուկային անվտանգության տարածաշրջանային ուսումնական կենտրոնում, որտեղ Էներգետիկայի և էլեկտրատեխնիկայի ինստիտուտի փոխտնօրեն Ա․ Գևորգյանը ներկայացրեց կենտրոնում տարվող աշխատանքները։
Այնուհետև Քյոլնի ռեկտորն այցելեց ՀԱՊՀ 2-րդ մասնաշենքում տեղակայված աշխարհահռչակ ֆրանսիական Schneider Electric ընկերության, «Տաշիր» ռուսական ընկերությունների խմբի և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ներդրմամբ ստեղծված Գերազանցության կենտրոն: Շ․ Հերցիգը շրջայց կատարեց կենտրոնի լաբորատորիաներով, ծանոթացավ նորագույն սարքավորումներին:

«Schneider Electric – Տաշիր- ՀԱՊՀ» գերազանցության կենտրոնի տնօրեն Վ. Առաքելյանը նշեց, որ Պոլիտեխնիկի բազայի վրա ստեղծված Գերազանցության կենտրոնը Schneider Electric-ի և ազգային գիտական համայնքի սերտ համագործակցության առաջին փորձերից մեկն է։ Տասնյակ ուսանողներ և երիտասարդ գիտնականներ կարող են զարգացնել իրազեկությունը և ծանոթանալ էներգետիկայի և ավտոմատացման ոլորտի ժամանակակից տեխնոլոգիաներին։

***

Քյոլնի տեխնոլոգիական համալսարանը հիմնադրվել է 1971 թվականին: Գերմանական համալսարանների մեջ այն իր ուսանողների թվով երրորդն է՝ Մյունխենի և Հագենի համալսարաններից հետո:   Համալսարանը կարևորություն է տալիս այնպիսի նախագծերի, որոնք մեծ հետաքրքրություն են առաջացնում ուսանողների շրջանում և խթանում են ուսումնական կայուն գործընթացը: Համալսարանը ակտիվ մասնակցություն է ցուցաբերում հետազոտական աշխատանքներում և առաջարկում է 90 ուսումնական ծրագիր բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողներին՝ առկա և հեռակա ուսուցման համակարգում: Այն ակտիվ մասնակցություն ունի նաև փոխանակման ծրագրերում  բոլոր մայրցամաքների շուրջ 94 երկրների հետ, որոնց թիվը հասնում է 342-ի: Այն նաև UAS7-ի անդամ է, որի նպատակն է գերմանական 7 առաջատար բնական գիտությունների համալսարանները ներկայացնել միջազգային հարթակում:

Համալսարանը բաղկացած է հետևյալ ֆակուլտետներից`

  • Կիրառական հասարակական գիտությունների ֆակուլտետ – Faculty of Applied Social Sciences
  • Մշակութային գիտությունների ֆակուլտետ – Faculty of Cultural Sciences
  • Տեղեկատվական և  հաղորդակցական տեխնոլոգիաների ֆակուլտետ – Faculty of Information Science and Communication Studies
  • Բիզնեսի, տնտեսագիտության և իրավունքի ֆակուլտետ – Business, Economics and Law
  • Ճարտարապետության ֆակուլտետ –  Architecture
  • Քաղաքաշինության և բնապահպանական տեխնոլոգիաների ֆակուլտետ –  Civil Engineering and Environmental Technology
  • Տեղեկատվական, մեդիա և  էլեկտրատեխնիկայի ֆակուլտետ – Information, Media and Electrical Engineering
  • Ավտոմատացման համակարգերի և արտադրության ֆակուլտետ – Automotive Systems and Production
  • Ճարտարագիտության, էներգետիկայի և մեխանիկական համակարգերի ֆակուլտետ –  Process Engineering, Energy and Mechanical Systems
  • Կիրառական բնական գիտությունների ֆակուլտետ  – Applied Natural Sciences
  • Տրոպիկական և սուբտրոպիկական պայմաններում տեխնոլոգիաների և ռեսուրսների կառավարման ինստիտուտ – Institute for Technology and Resources Management in the Tropics and Subtropics

Համալսարանն ունի ՝

  • 26,000 ուսանող (120 երկրներից)
  • 1830 պրոֆեսորադասախոսական կազմ (430 պրոֆեսոր)
  • տարեկան կտրվածքով դիմորդնորի թիվը հասնում է 5000-ի: