Պոլիտեխնիկում տեղի ունեցավ հանդիպում ՏՏ ոլորտի գործատուների հետ

Պոլիտեխնիկում տեղի ունեցավ հանդիպում ՏՏ ոլորտի գործատուների հետ

Հունիսի 7-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Աշխատաշուկայի ուսումնասիրման և մասնագիտական կարիերայի կենտրոնի նախաձեռնությամբ տեղի ունեցավ հանդիպում ՀՀ աշխատաշուկայի առաջատար կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Կլոր սեղանին մասնակցում էին մի շարք Տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների պատասխանատու անձինք, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում մասնագիտացած փորձագետներ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին տեխնոլոգիական աշխատաշուկայում առկա մի շարք  խնդիրներ և դրանց լուծման քայլերը, բուհ-գործատու կապի ամրապնդման և արհեստական խոտանների վերացման հարցեր, պոլիտեխնիկական համալսարանում պլանավորվող «Կարիերայի առաջին քայլեր» աշխատանքային տոնավաճառի անցկացումը և հետագա միջոցառումները և համագործակցությունները:

Քննարկվեցին հարցեր, որոնք վերաբերվում էին այսօրվա աշխատաշուկային, բուհերին և գործատուներին, նրանց փոխհարաբերությունների ճիշտ կազմակերպմանը,  երիտասարդների խնդիրներին, մասնագիտական կողմնորոշմանն ու կարիերայի կառավարման համակարգի զարգացմանը։

ՀԱՊՀ Աշխատաշուկայի ուսումնասիրման և մասնագիտական կարիերայի կենտրոնի տնօրեն Կ․ Կոգարովը իր խոսքում նշեց․ «Նման ձևաչափով հանդիպում-քննարկումները նպատակային են և կարող են տալ լավ արդյունք ու համագործակցություն։ Մենք փորձում ենք հետևողական քայլեր ձեռնարկել ձեռնարկությունների հետ արդյունավետ համագործակցության եզրեր գտնելու համար։ Այդ իսկ նպատակով էլ նախատեսում ենք կազմակերպել «Կարիերայի առաջին քայլեր» աշխատանքային տոնավաճառը»։

Հանդիպումն ընթացավ բուռն քննարկումների մթնոլորտում, եղավ կարծիքների ու փորձի փոխանակում, ինչը, մասնակիցների համոզմամբ, կծառայի հետագայում գործատուների և բուհի միջև սերտ համագործակցության ապահովմանը և առաջիկայում Պոլիտեխնիկում անցկացվելիք «Կարիերայի առաջին քայլեր» աշխատանքային տոնավաճառի կազմակերպչական հարցերին: