Դեպի՛ Պոլիտեխնիկ [երազանքի հետքերով]

Դեպի՛ Պոլիտեխնիկ [երազանքի հետքերով]

Բակալավրի կրթական ծրագրով ընդունելությունն ավարտվեց

Պոլիտեխնիկի պաշտոնական կայքում կարող եք ծանոթանալ դիմորդների հոսքի վերաբերյալ վերջնական տեղեկատվությանը՝ ըստ օրերի, կրթական ծրագրերում առկա մրցույթի և մարզերի։

 

Պոլիտեխնիկական համալսարանում ավանդույթ է դարձել տարվա այս հատվածում գերակտիվ աշխատանքը, պատճառը մեկն է՝ Հայաստանում մեկնարկել է ընդունելության գործընթացը: Շրջանավարտները շտապում են բուհեր՝ դիմելու իրենց նախընտրած մասնագիտությունների համար:

Պոլիտեխնիկական համալսարանում, ինչպես յուրաքանչյուր տարի, այս տարի էլ եռուզեռ է՝ արդեն 3-րդ մասնաշենքի առաջին հարկում տեղակայված ընդունող հանձնաժողովի դռների մոտ, հավաքվել են ապագա ուսանողները՝ պոլիտեխնիկցիները: Նրանք եկել են երազանքի հետևից՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ուսանող դառնալու:

Ընդունելության գործընթացը Պոլիտեխնիկում այս տարի տարբերվում է նախորդներից՝ նորարարական լուծումներ են մտցվել:

Ընդունելության կարևոր նորամուծություններից մեկը հերթերի ավտոմատացված համակարգն էր`  EarlyOne հավելվածի միջոցով: Վերջինս նախատեսված է առաջին հերթին դիմորդի հանգիստ պայմանների համար, որպեսզի հապճեպության մեջ սխալ ու անցանկալի որոշում չկայացնի: Դիմորդների արձագանքն էլ բավական լավ է եղել՝ հերթեր չկան, կուտակումներ Ընդունող հանձնաժողովի ներսում ևս՝ ինչն էլ թույլ է տալիս ոչ միայն արագ կողմնորոշվել, այլ նաև արագ լրացնել անհրաժեշտ փաստաթղթերը: Բացի այդ, դիմորդները հավելվածի միջոցով կարող են իրենց իսկ ցանկացած ժամին՝ նախօրոք նշելով, գալ Պոլիտեխնիկ դիմում լրացնելու համար: Վճարումն էլ կարող են կատարել EasyPay վճարային տերմինալի միջոցով: Նորարարության հովանավորն է «Յուքոմ» ընկերությունը:

Ճանապարհը դպրոցական նստարանից մինչև պոլիտեխնիկական լսարան երկար չէ, պետք է ունենալ անհրաժեշտ փաստաթղթեր և մինչև նշված ժամկետների ավարտը գալ գրանցվելու: Բացի այդ, ըստ օրերի թարմացվում է Պոլիտեխնիկի կայքը, որտեղ ներկայացվում է դիմորդների հոսքի վերաբերյալ տեղեկատվություն՝ ըստ օրերի, կրթական ծրագրերում առկա մրցույթի և նույնիսկ մարզերի:

6 լուսանկար, միասնական քննության տեղեկանք, անձնագրի կամ ծննդյան վկայականի պատճեն, ատեստատ. այն ամենն, ինչ պետք է դիմորդին բուհ ընդունվելու համար:

Ընդունող հանձնաժողովում ներգրավված 6 աշխատակիցները մեկ ամիս շարունակ օգնեցին դիմորդներին, տվեցին ընդհանուր տեղեկատվություն, որպեսզի ճիշտ լրացվեն հայտերն ու փաստաթղթերը:

Դիմորդների քանակով առաջատար մասնագիտությունների ցուցակը գլխավորում է ծրագրային ճարտարագիտությունը: Մեծ հոսք է նաև տեղեկատվական տեխնոլոգիաների և ինֆորմատիկ և կիրառական մաթեմատիկա մասնագիտություններում նույնպես:

Պոլիտեխնիկ է դիմել 1028 ուսանող:

 

Լուսինե Ավետիսյան

Ընտրել եմ Պոլիտեխնիկական համալսարանի Դիզայնի բաժինը: Ընտրել եմ հենց այս բուհը, որովհետև շատ եմ լսել, որ հենց այս բաժնի Պոլիտեխնիկի դիպլոմն է հարգի: Ակնկալում եմ լավ մասնագետների հետ շփումներ, իրենցից շատ բան սովորել: Ուզում եմ ավելի երիտասարդ դասախոսներ տեսնել ու սովորել այն, ինչ համացանցում չկա:

Գրիգորի Վերդյան

Ընտրել եմ Պոլիտեխնիկը, որովհետև այստեղ հենց այն մասնագիտությունն է, ինչ ես ուզում եմ: Ընտրել եմ կա՛մ Կիբեռնետիկա, կա՛մ Ինֆորմացիոն տեխնոլոգիաներ մասնագիտությունները: Ապագան այս մասնատգիտություններինն է:

Ժորա Բաբայան

Ընտրել եմ Տեղեկատվական տեխնոլոգիաներ բաժինն ու դրա հետ կապ ունեցող բաժիններ: Լսել եմ, որ այս բաժինները Պոլիտեխնիկում ամենալավն են դասավանդվում:

Կարեն Խաչատրյան

Ընտրել եմ Համակարգչային ճարտարագիտություն բաժինը, ինձ դուր է գալիս ՀԱՊՀ-ն և ուզում եմ այստեղ սովորել: