Պոլիտեխնիկի SFI ստարտափ թիմը կուղևորվի Վալենսիա

Պոլիտեխնիկի SFI ստարտափ թիմը կուղևորվի Վալենսիա

Մայիսի 25-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի 2-րդ մասնաշենքի ճեմասրահում տեղի ունեցավ «Նորարարական բիզնես գաղափարների» միջազգային մրցույթի տեղային եզրափակիչ փուլը:

Մրցույթի ընթացքում ՀԱՊՀ-ն ներկայացնող 44 թիմերից ընտրված 11-ը ներկայացրեցին իրենց նորարարական գաղափարները ժյուրի կազմին, որի արդյունքում հաղթող թիմը ստացավ 2500 եվրո գումարային մրցանակ՝

Մրցույթը իրականացվում է Եվրոպական միության Erasmus+ ծրագրի «Նորարարական կարողությունների և ձեռնարկատիրական հմտությունների ընդլայնումը ճարտարագիտական կրթության մեջ (InnoCENS)» նախագծի շրջանակներում, որի մեկնարկը տրվել է դեռևս 2015-ին։ Նախագծի նպատակն է՝ նպաստել նորարարական և ձեռնարկատիրական բաղադրիչների զարգացմանը բուհի ուսումնական ծրագրերում, ինչպես նաև ստեղծել բաց հարթակ համալսարանական նորարարական գաղափարների խթանման և առևտրայնացման համար:

Ներկայացված գաղափարները տարաբնույթ էին և նորարարական: Երիտասարդ նորարարները լավագույնս հանդես եկան՝ ներկայացնելով իրենց գաղափարները և արժանացավ ժյուրիի բարձր գնահատականին:

Մրցույթին հայտարարագրված բիզնես գաղափարների գնահատումը՝ իրականացվել է՝ հաշվի առնելով ներկայացված գաղափարի արդիականությունը, կոմերցիոն ներուժը, սոցիալական ազդեցությունը, բիզնես պլանի որակը և ներկայացման ձևը:

Մրցույթի հաղթող ճանաչվեց SFI թիմը իր «InvistigatoRobat» գաղափարով՝ ստանալով 2500 եվրո գումարային մրցանակ՝ մասնակցելու չորս երկրների՝ Հայաստանի, Վրաստանի, Բելառուսի և Ղազախստանի շահառու համալսարանների միջև տեղի ունեցող եզրափակիչ մրցույթին:

Ծրագրի շրջանակում կարևոր ձեռքբերումներից է նաև Ինովացիոն ինկուբատորի հիմնումը, որը նպատակ ունի գաղափարները դարձնել արտադրանք:

Մրցույթի եզրափակիչ փուլը տեղի կունենա սույն թվականի սեպտեմբերի 13-ին` Իսպանիայի Վալենսիա քաղաքում: Եզրափակիչ փուլի հաղթողը հրավեր կստանա մասնակցելու InnoCENS նախագծի եզրափակիչ կոնֆերանսին, որը տեղի կունենա սույն թվականի հոկտեմբեր ամսին Ղազախստանի Նուրսուլթան քաղաքում:

Նախագծի Եվրոպական գործընկերներն են Շվեդիաի Տեխնոլոգիաների թագավորական համալսարանը, Տուրկուի կիրառական գիտությունների համալսարանը և Վալենսիայի պոլիտեխնիկական համալսարանը: