Պոլիտեխնիկական համալսարանը հյուրընկալեց Մոսկվայի ավիացիոն ինստիտուտի պատվիրակությանը

Պոլիտեխնիկական համալսարանը հյուրընկալեց Մոսկվայի ավիացիոն ինստիտուտի պատվիրակությանը

Մայիսի 21-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը հյուրընկալել էր  Մոսկվայի ավիացիոն ինստիտուտի (ազգային հետազոտական ինստիտուտ) պատվիրակությանը՝  ռեկտոր, հայազգի ավիակոնստրուկտոր, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՌԴԳԱ ակադեմիկոս, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Միխայիլ  Պողոսյանի գլխավորությամբ։

Հյուրերին դիմավորեցին ՀԱՊՀ ռեկտոր, պրոֆեսոր Ո․ Մարուխյանը, ռեկտորի տեղակալ Գ․ Վարդանյանը, պրոռեկտորներ Ռ․ Աղգաշյանը, Կ. Արզումանյանը, Օդային ռոբոտատեխնիկայի ուսումնահետազոտական կենտրոնի գիտական ղեկավար Օլեգ Գասպարյանը, ՀԱՃԼ համակարգող Ա․ Մխիթարյանը։ Նրանց ուղեկցությամբ Մոսկվայի ավիացիոն ինստիտուտի պատվիրակությունը եղավ ՀԱՊՀ Օդային ռոբոտատեխնիկայի ուսումնահետազոտական կենտրոնում։ Պատվիրակության անդամները տեղում ծանոթացան կենտրոնի հնարավորություններին և աշխատանքներին։ Օլեգ Գասպարյանը նշեց, որ կենտրոնը կոչված է նպաստելու համալսարանում հեռանկարային և երկրի պաշտպանունակության ամրապնդմանը միտված մասնագիտական ուղղությունների ներդրմանն ու զարգացմանը, ինչպես նաև աջակցելու տարբեր բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների և երիտասարդ գիտնականների կողմից արդիական ուսումնահետազոտական ծրագրերի իրականացմանը: Օ․ Գասպարյանը հյուրերին ծանոթացրեց կենտրոնում առկա շարժումը գրանցող սարքավորումների և համապատասխան ծրագրային ապահովումը մշակող անգլիական «Վիկոն» ընկերության համապատասխան համակարգին:

Աշխատանքային հանդիպման ընթացքում, հաշվի առնելով Պոլիտեխնիկական համալսարանի և Մոսկվայի ավիացիոն ինստիտուտի միջև եղած բարեկամական կապերը, նշվեց որ այդ կապերը հետագայում զարգացման ավելի կարևոր ընթացք կստանան։ Որոշվեց կազմակերպել միջազգային գիտագործնական կոնֆերանս։

Կողմերը նախնական համաձայնության եկան մի շարք հարցերի շուրջ։ Անդրադառնալով միջոցառման կազմակերպման  բոլոր բաղադրիչներին՝ հանդիպման մասնակիցները քննարկեցին տեսական ու գործնական բազմաթիվ խնդիրներ։ Որոշվեցին  միջազգային կոնֆերանսի նախնական անվանումը, մասնակիցների շրջանակը, գիտաթեմատիկ ուղղությունները։