Պոլիտեխնիկը հյուրընկալեց Տամբովի պետական տեխնիկական համալսարանի պատվիրակությանը

Պոլիտեխնիկը հյուրընկալեց Տամբովի պետական տեխնիկական համալսարանի պատվիրակությանը

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի և Տամբովի պետական տեխնիկական համալսարանի միջև կնքված պայմանագրի և ERASMUS+ «MARUEEB» ծրագրի շրջանակներում՝ մայիսի 8-ից 15-ը Պոլիտեխնիկական համալսարանում էին Տամբովի պետական տեխնիկական համալսարանի 17 ուսանողներ՝ 3 դասախոսների գլխավորությամբ՝ ի դեմ Տնտեսագիտության ամբիոնի վարիչ, դոկտոր, պրոֆեսոր Տատյանա  Անատոլևնա Բունդարսկայայի, ով ղեկավարում էր խումբը։

«Տամբովի պետական տեխնիկական համալսարանի հետ համագործակցությունը սկսվել է դեռևս 2013 թվականից համատեղ Erasmus+ նախագծի շրջանակներում, որում երեք տարի համագործակցելուց հետո միտք առաջացավ ընդլայնել համալսարանների համագործակցությունը, որպեսզի այն հնարավոր լինի շարունակել նաև նախագծի ավարտից հետո։ Արդեն երկրորդ տարին է, ինչ նախագիծը ավարտվել է, սակայն Տամբովի պետական տեխնիկական համալսարանի հետ մեր համագործակցությունը շարունակվում և հաջողությամբ զարգանում է մի քանի ուղղություններով։ Մենք ունենք երկկողմ համագործակցության պայմանագիր, Տամբովի համալսարանից երկու անգամ ռեկտորի և պրոռեկտորի մակարդակով այցեր են եղել մեր համալսարան, նրանքեղել են նաև Գյումրու մասնաճյուղում։ Մեր համալսարանների գիտաշխատողների միջև որոշակի անձնական կապեր են ձևավորվել, օրինակ՝ վերջերս պրոֆեսոր Վահե Մուրադյանի հոդվածը տպագրվեց Տամբովի պետական տեխնիկական համալսարանի Միջազգային գիտական հանդեսում։ Ի դեպ, դա շատ բարձր վարկանիշ ունեցող ամսագիր է, որի խմբագրական կոլեգիայի անդամ է նաև պրոֆեսոր Ո․ Մարուխյանը։ Այս համագործակցության շրջանակներում մենք փորձում ենք զարգացնել և մեծ տեղ տալ ուսանողության միջև կապերին, և դրա վառ ապացույցն է անցյալ տարի սկիզբ առած և այս տարի շարունակված Տամբովի պետական տեխնիկական համալսարանից ուսանողական խմբի և դասախոսների ընդունելությունը»,- նշում է Ռ․Աղգաշյանը։

Յոթօրյա այցի ընթացքում Տամբովի պետական տեխնիկական համալսարանի պատվիրակությունը՝ ՀԱՊՀ Ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ, ունեցավ շատ հագեցած օրակարգ։ Տամբովցի ուսանողները հյուրընկալվեցին Պոլիտեխնիկում, ծանոթացան համալսարանին, այցելեցին մի շարք լաբորատորիաներ, ունեցան հետաքրքիր դասախոսություններ։ Նրանց այցը չէր սահմանափակվում միայն համալսարանի հետ ծանոթությամբ։ Ազատ ժամանակը նույնպես օգտակար անցավ։ Պոլիտեխնիկցիները Տամբովի պետական տեխնիկական համալսարանի ուսանողների և մի քանի դասախոսների հետ այցելեցին Հայաստանի տեսարժան վայրեր, նրան ծանոթացնելով հայոց պատմությանը և հայկական մշակույթին։ Երևանում` մայիսի 9-ին մեր հյուրերը մասնակցեցին «Անմահների գունդ» քայլերթին` հարգանքի և երախտագիտության տուրք մատուցելով հայրենիքի համար կյանքը զոհաբերած զինվորների հիշատակին։ Հայաստանում գտնվելու օրերին ՌԴ-ից ժամանած ուսանողները անցկացրեցին ուրախ ժամանակ, շփվեցին բազմաթիվ պոլիտեխնիկցիների հետ և ձեռք բերեցին նոր ընկերներ:

Նշենք, որ մայիսի 15-ին ամփոփելով Տամբովի պետական տեխնիկական համալսարանի պատվիրակության այցը՝ ՀԱՊՀ Միջազգային համագործակցության և կրթական բարեփոխումների գծով պրոռեկտոր Ռուբեն Աղգաշյանը հանդիսավոր կերպով ՌԴ-ից ժամանած հյուրերին շնորհեց մասնակցության սերտիֆիկատներ։

«Օգտվելով առիթից կուզեի շնորհակալություն հայտնել մեր այն դասախոսներին, ովքեր և անցյալ տարի, և այս տարի լավ վերաբերվեցին մեր հյուրերին։ Կուզեի առանձնահատուկ նշել ԷԷ ինստիտուտի տնօրենի տեղակալ Արամ Գևորգյանին և Ընդերքաբանության և մետալուրգիայի ֆակուլտետի դասախոս, դոցենտ Սառա Մկրտչյանին։ Պետք է նշեմ, որ մեր  համալսարանների համագործակցությունը իր արձագանքն է գտել նաև համալսարաններից դուրս։ Դրա վառ ապացույցն է Տամբովի մարզի նահանգապետի շնորհակալական նամակը՝ ուղղված ռեկտոր Ո․ Մարուխյանին և բուհի ղեկավարությանը՝ հայտնելով իրենց գոհունակությունը այս զարգացող հարաբերությունների կապակցությամբ», – նշում է Ռ․ Աղգաշյանը։

Հավելենք, որ ռուս հյուրերը հիացած էին ոչ միայն Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ջերմ ընդունելությամբ ու հայկական հյուրասիրությամբ, այլև մեր ժողովրդի պարզ, բարի ու անմիջական վերաբերմունքից: