Բիոնիկ ձեռքը [Պոլիտեխնիկցի աշակերտների նորարարությունները]

Բիոնիկ ձեռքը [Պոլիտեխնիկցի աշակերտների նորարարությունները]

Լուսինե Հովհաննիսյանը և Մարինա Դավթյանը Հայաստանի պետական բժշկական համալսարանի ուսանողուհիներ են, բայց միայն բժշկական գիտելիքները բավարար չէին «Բիոնիկ ձեռքը» պատրաստելու համար: Նրանք սկսեցին «Թվային տեխնոլոգիաներ և ծրագրավորում» ուսումնասիրել, ինչպես նաև ամենատեխնիկական բուհից՝ Պոլիտեխնիկից գտան իրենց թիմի 3-րդ անդամին՝ Տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների և էլեկտրոնիկայի ինստիտուտի 3-րդ կուրսի ուսանող Զավեն Խանամիրյանին:

«Առանց բժշկական գիտելիքների ձեռքը պատրաստելն անհնար էր ինժեների համար, քանի որ մոդելը ստանալուց, տպելուց, սխեմաները պատրաստելուց, ծրագիրը գրելուց բացի, անհրաժեշտ են բժիշկներ, ովքեր կասեն, թե որտեղ պետք է միանան սենսորները, տվիչները, այսինքն՝ ցանկացած մատի համար մենք ինչ ազդանշան ենք ստանում և ինչպես է այն աշխատում: Առանց երկու ոլորտի գիտելիքները իրար միացնելու ձեռքը ստանալն անհնար էր»,-նշում է Զավենը:

Թիմը ձևավորվեց, ձեռքի պատրաստման աշխատանքներն էլ սկսվեցին: Առաջին նախատիպին հաջորդեց երկրորդը՝ ավելի կատարելագործված տարբերակը, որը աշխատում է մկաններից ստացված ազդակներով: Այն օգնության է հասնում այն դեպքում, երբ պետք է ինչ-որ գործողություն կատարել որոշակի հեռավորության վրա կամ մի վայրում, որտեղ կա մարդու կյանքին սպառնացող վտանգ։ Ձեռքի վրա ամրացված հատուկ սենսորների միջոցով իմպուլսներ են հաղորդում ու դրանց շնորհիվ գործի դնում նախագծած ձեռքի վրա կցված շարժիչները։ Արդյունքում՝ «Բիոնիկ ձեռքը» կրկնօրինակում է մարդու ձեռքի շարժումները։

«Մեր նպատակն է ստեղծել ունիկալ պրոթեզներ յուրաքանչյուր մասնագիտության մարդու համար: Օրինակ, եթե մարդը դաշնակահար է, հնարավոր է պրոթեզը հարմարեցնել հենց իր մասնագիտության համար՝ մատները ստեղծել ավելի երկար և այլն»,-նշում են ստեղծարարները:

Երիտասարդ տեխնոլոգների ուշադրությունը ամբողջ ժամանակն ու էներգիան արդեն 2 տարի կենտրոնացած է այս սարքի վրա: Պատրաստվում են «Բիոնիկ ձեռքը» կատարելագործել այնքան, մինչև որ ստանան ֆունկցիոնալ և հասանելի արտադրանք առաջին հերթին՝ հայերի համար:

010 52 03 45