Պոլիտեխնիկցիները արժանացել են ասպիրանտների աջակցության ծրագրի մրցանակների

Պոլիտեխնիկցիները արժանացել են ասպիրանտների աջակցության ծրագրի մրցանակների

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (ՁԻՀ) և «PMI Science»-ի աջակցությամբ Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնում մարտի 12-ին տեղի ունեցավ Ասպիրանտների աջակցության ծրագրի մրցանակաբաշխություն:

Մրցանակաբաշխությանը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանից հաղթող են ճանաչվել ասպիրանտներ՝ Տաթևիկ Բաղդասարյանը և Տիգրան Հակոբյանը:

Ասպիրանտների աջակցության ծրագրի նպատակն է զարգացնել գիտական և հետազոտական էկոհամակարգը: Տարբեր գիտահետազոտական հաստատությունների և համալսարանների երիտասարդ գիտնականները, ստանալով ամսական կրթաթոշակներ,  հնարավորություն  կունենան       համապատասխանեցնելու իրենց աշխատանքները միջազգային չափորոշիչների պահանջներին։

Ծրագրի հաղթող 10 ասպիրանտները շուրջ 1 տարի ստանալու են 364 000 ՀՀ դրամ ամսական կրթաթոշակ, ինչպես նաև միջազգային մենթորների աջակցություն:

Տարբեր համալսարաններից ու գիտահետազոտական կենտրոններից ներկայացված 45 հայտերից հաղթողների ընտրությունը կատարվել է Ամերիկահայ ճարտարագետների և գիտնականների ընկերակցության խորհրդի և Նյու Ջերսիի Ռաթգրսի համալսարանը ներկայացնող միջազգային փորձագետներից ձևավորված ժյուրիի կողմից:

Նախապես ձևավորված, տեղական և միջազգային փորձագետներից կազմված ժյուրին լավագույն հայտերը գնահատել է ըստ առաջադրված խնդրի բարդության, հետազոտության արդիականության և կիրառելիության ոլորտի, փորձարարական լուծումների ու տեսական մասի համադրման մակարդակի:

«Պոլիտեխնիկ» պաշտոնաթերթի թղթակիցը զրուցել է մրցույթի պոլիտեխնիկցի հաղթողներ Տաթևիկ Բաղդասարյանի և Տիգրան Հակոբյանի հետ, քննարկել մրցույթի արդյունքները:

Տաթևիկ Բաղդասարյան

«Լինելով Պոլիտեխնիկի 2-րդ կուրսի ասպիրանտ՝ «Երկրաբնապահպանություն» մասնագիտությամբ, թեզս պատրաստում եմ Հայաստանի պոչամբարների թեմայով՝ պոչամբարների վնասակար ազդեցության նվազեցումը շրջակա միջավայրի վրա»,-ասում է Տ. Բաղդասարյանը և ավելացնում՝ «Պոչամբարները հատուկ ստեղծած վայրեր են, որտեղ ամբարվում են հանքարդյունաբերությունից առաջացած թունավոր թափոնները»։

Ասպիրանտի խոսքով՝ ներկայումս մեծ հնարավորություններ են ստեղծված ասպիրանտների և ուսանողների համար գիտության մեջ առաջ գնալու և զարգանալու համար: «Ասպիրանտուրայում սովորելու ընթացքում մասնակցել եմ տարբեր մրցույթների, դրամաշնորհային և կրթաթոշակային ծրագրերի, որտեղ մեծ մասամբ հաջողություն եմ գրանցել»,-անկեղծանում է Տ. Բաղդասարյանը։

ՁԻՀ և «Philip Morris»-ի համատեղ կազմակերպած կրթաթոշակային ծրագրին դիմել է իմանալով այն հնարավորությունները, որ ընձեռում էր կազմակերպությունը հաղթելու դեպքում։ «Դա և դրամական աջակցություն է, ծանոթության շրջանակների ընդլայնում գիտական ոլորտում և միջազգային պրոֆեսորների կողմից օգնություն մեր ատենախոսության պատրաստման ընթացքում։ Նման կրթաթոշակները մոտիվացնում են ուսանողներին, օգնում կենտրոնանալու զուտ գիտական աշխատանքի վրա։ Վերջիվերջո կոտրվում է այն կարծրատիպը, որը երկար տարիներ առկա էր՝ գիտնական լինելը ապագա չունի Հայաստանում։ Այժմ ուսանողների համար պարզ են այն հեռանկարները, որ իրենք կարող են ստեղծել»,-պատմում է Տ.Բաղդասարյանը։

Ըստ ասպիրանտի՝ այս ծրագիրը կօգնի իրեն ավելի ոգևորված աշխատել, ցույց տալ գրանցած արդյունքները աշխարհին և գործնական կիրառում գտնել դրանց համար։

Տիգրան Հակոբյան

«Առաջին կուրսի ասպիրանտ եմ, մասնագիտությունս՝ «Էլեկտրատեխնիկա, էլեկտրատեխնոլոգիաներ», մասնագիտացումս՝ «Արտադրական կայանքների և տեխնոլոգիական համալիրների ավտոմատիկա և էլեկտրաբանեցում»։ Թեզս պատրաստում եմ «Հարվածային բեղով ասինխրոն էլեկտրաբանեցման համակարգի բարելավում» թեմայով։ Աշխատանքս վերաբերում է հանքարդյունաբերության ոլորտի մի շարք խնդիրների։ Հանքարդյունաբերությունը, չնայած Հայաստանի Հանրապետության զարգացող ճյուղերից մեկն է, բայց այստեղ կան խնդիրներ, որոնք պետք է լուծել։ Անհրաժեշտ է ժամանակակից ապարատածրագրային միջոցներ ներդնելով արդիականացնել շատ գործիքներ։ Հենց այս ուղղությամբ էլ  աշխատում եմ»,-ասում է Տիգրան Հակոբյանը։

ՁԻՀ-ի և Philip Morris-ի նմանօրինակ կրթաթոշակի մասին տեղեկացել է Գիտամանկավարժական բաժնից։ «Սա առաջին անգամն էր, երբ դիմեցի որևէ ծրագրի և, ի ուրախություն ինձ, շահեցի։ Սա հնարավորություն է գիտելիքը ծառայեցնել կոնկրետ ոլորտի՝ իրականացնելով մասնագիտությունից բխող որոշակի ծրագրեր»,-նշում է Տիգրանը:

Ըստ ասպիրանտի՝ կրթաթոշակը մեծ մոտիվացիա է այնքանով, որ գնահատված է զգում, հասկանում, որ իր աշխատանքը և գիտելիքները պետք են։ «Կարծում եմ, որ մեր օրերում ուսանողների կրթության որակը և արդյունքը կախված են նրանից, թե ինչ տիպի գործունեություն և ներգրավվածություն ունեն ուսանողները բուհի կրթական գործընթացներում»,-հավելում է Տիգրանը:

Մրցանակակիրները ցանկանում են, որ բոլոր ուսանողները ցանկություն ունենան աշխատելու և ավելի շատ կրթվելու, քանի որ ըստ իրենց՝ հնարավորությունները և տեղեկատվությունը շատ է, միայն ցանկություն և աշխատասիրություն է պետք։

 

Հ.Գ. Շնորհավորում ենք ասպիրանտներ Տաթևիկ Բաղդասարյանին և Տիգրան Հակոբյանին մրցույթում հաղթող ճանաչվելու առթիվ, մաղթում նորանոր ձեռքբերումներ: